Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնակիչներին մոլորեցնում են

Մարտ 15,2011 00:00

\"\"Որ հապշտապ երկաթի հանքը շահագործեն

Չինական «Fortune Oil» ընկերությունը, որը պետք է շահագործի Հրազդանի երկաթի հանքավայրը, արդեն սկսել է հանքին մոտ բնակավայրերի բնակիչներին ապակողմնորոշելով՝ տեղահան անել: Այս օրերին 5-րդ բանավան թաղամասի բնակարաններն են մտնում անհայտ անձինք եւ առանց ներկայանալու՝ բնակիչներից ստորագրություն վերցնում, իբր թե նրանք համաձայն են լքել իրենց բնակարանները: Բանն այն է, որ բնակիչներն անգամ չգիտեն էլ, թե ինչ է կատարվում. նրանց համոզում են, որ լավագույն պայմաններով կգնեն նրանցից բնակարանները, իսկ այդ ժամանակահատվածում բնակիչներին հորդորում են վարձով բնակարան գտնել եւ հնարավորինս շուտ տեղափոխվել: Սակայն ոչ մի խոսք, թե այդ մարդկանց վարձած բնակարանների գումարն ո՞վ է մուծելու, մինչ ընկերությունը նրանցից գնած բնակարանների դիմաց գումար կվճարի: Մինչ բնակիչներից ստորագրություններ կորզելը, «Fortune Oil» ընկերության ներկայացուցիչները անգամ հասարակական լսումներ չեն անցկացրել, ոչ էլ բնակիչներին՝ հանքի շահագործման եւ ֆաբրիկա կառուցելու վերաբերյալ նախագիծն են ներկայացրել, ինչպես որ նման դեպքերում օրենքն է պահանջում: Բնակիչների համոզմամբ, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենց գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ իբր թե լավագույն պայմաններով կգնեն նրանց բնակարանները, սակայն վստահ են, որ ժամանակը գա՝ իրենց խաբելու են եւ հարկադրաբար դուրս գցեն, ինչպես սովորաբար մեր երկրում տեղի են ունենում նման դեպքերը:
Հասարակական կազմակերպությունների բնորոշմամբ՝ սա պարզապես հանցագործություն է. «Մտնում են մարդկանց բնակարանները՝ չեն ներկայանում, թե ով են: Ասում են՝ դուրս եկեք տներից, գնացեք վարձով ապրեք, նույնիսկ չեն էլ ասում, թե ով է վարձը վճարելու կամ որքան գումար են տալու: Չեն ասում, որ բաց եղանակով են հանքը շահագործելու եւ իրենց քաղաքին լուրջ բնապահպանական վտանգ է սպառնում»:
«Էկոլուր» հ/կ-ի նախագահ Ինգա Զառաֆյանի խոսքերով՝ իրենց գործունեությունը գաղտնի պահելով, այսօր այդ ստորագրությունները հավաքում են, եւ չի բացառվում, որ մի օր էլ ձեւական հասարակական լսումներ կազմակերպեն, ու մարդկանց ասեն, ահա՝ ստորագրել եք, էլ հետդարձի ճանապարհ չկա: Ինչո՞ւ եք բողոքում: Բացի այդ էլ, հասարակական լսումներին կհավաքվեն այն մարդիկ, որոնք արդեն ստորագրել են:
Հետաքրքիրն այն է, որ ժամանակին, երբ հանքը պատկանում էր «ՆԱԳԻՆ» ընկերությանը, Հրազդանի բնակիչներն արդեն դեմ էին արտահայտվել, որ քաղաքում երկաթի հանքավայր շահագործվի, իսկ այսօր «Fortune Oil» ընկերությունն ավելի խորամանկ քայլերով է փորձում իր ուզածին հասնել: Մինչ բնակիչներն «իրենց գլխի գալիքն» այդքան էլ լավ չեն պատկերացնում, ընկերությունը պատրաստվում է արդեն այս տարի հանքի շահագործումը սկսել:
Նշենք, որ չինական «Fortune Oil» ընկերությունը հանքի բաժնետոմսերը գնել է «ՆԱԳԻՆ» ընկերությունից, որը պատկանել է ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել