Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ՏՈՒՆԸ ՓԼՎՈՒՄ Է

Մարտ 15,2011 00:00

\"\"Այս՝ Կոնդի 120 տանը, 3 անչափահաս երեխա կա, ու եթե նրանց տունը փլվի, նրանք պարզապես մնալու են դրսում:

Արդեն 30 տարուց ավելի է, ինչ Խումարյանների ընտանիքն ապրում է Կոնդի իրենց կիսախարխուլ 2 սենյականոց տանը: Հիմա այդ սենյակներից միայն մեկում է հնարավոր ապրել, քանի որ մյուս սենյակի տանիքը քանդված է եւ տարիների ընթացքում տեղացած անձրեւների եւ ձյան պատճառով այդ սենյակի պատերն ու հատակն էլ են շարքից դուրս եկել: Ամեն ինչ տեղադրված է այս մեկ սենյակում՝ անկողին, հագուստ, ուտելիք, ջրի ծորակն է սենյակից դուրս՝ խոհանոց ու միջանցք համարվող հատվածում, այդ տարածքի հատակի փայտերն էլ փտել են ու շարժվում են: Տան դրսի պատերն էլ են քանդվում՝ շարվածքում աղյուսը տեղ-տեղ բացակայում էր:
Մեր այցելության պահին երեխաները ճաշում էին. նրանց սեղանին դրված միակ սնունդը վերմիշել էր, տան անդամներից 3-ն անչափահաս երեխաներ են՝  5-ամյա Սաթենիկը, 8-ամյա Հովհաննեսն ու 13 տարեկան Մայիսը, նրանք տանը հաստ բաճկոններով էին նստած, քանի որ տունն ընդհանրապես չէր ջեռուցվում: Տան չափահաս անդամներից ոչ ոք աշխատանք չունի: Նրանք ապրում են 29 հազար դրամ նպաստով, որը, իրենց խոսքով, մի կերպ է բավականացնում, որպեսզի գոնե սնունդ գնեն: «Կոմունալ վարձերը, այսինքն՝ միայն լույսի գումարն ենք մեկ-մեկ վճարում: Մնացածին ուտելիք ենք գնում, որը մի քանի օրում սպառվում է: Օգնող չունենք: Հայրս մեզ վաղուց է լքել, աշխատում է, բայց իր համար, մեզ մի կոպեկ չի տալիս: Ամուսինս էլ գնացել է՝ իր քեռու մոտ է ապրում, դե մեզ մոտ տեղ չկա, աշխատանք չունի, որ մի բան անի երեխաների համար»,- մեզ հետ զրույցում պատմեց ընտանիքի մայրը՝ տիկին Թագուհին: Նրա մոր՝ տիկին Գոհարի խոսքերով էլ. «Աղջիկս վերջերս է ավտովթարի ենթարկվել: Կոտրել է  2 ոտքը: Նրան հարվածող մեքենայի վարորդը հոգացել է միայն վիրահատության ծախսերը՝ հաշվի չառնելով, թե մենք ինչ պայմաններում ենք ապրում, որ հիվանդ չէինք կարողանա պահել, ուտելիքի գումար անգամ չունենք: Նրա կոտրված ոսկորների մեջ երկաթյա ձողեր են դրել, որպեսզի կարողանա գոնե քայլել: Փառք Աստծո, հիմա նրա վիճակը մի քիչ լավ է, քայլում է, սակայն նրան նորմալ սնունդ է պետք, հանգիստ, իսկ մենք նորմալ տեղ էլ չունենք նրան պառկեցնելու համար: Ուզում է շուտ լավանա, որ գնա մի բանով զբաղվի, գումար աշխատի, բայց դեռ երկար չի կարող աշխատել, պետք է մեկ անգամ էլ վիրահատվի, դրանից հետո նորից վերականգնի իր առողջական վիճակը: Բայց փոքր երեխաներ ունի: Աղջկան՝ Սաթենիկին մանկապարտեզ ենք տանում, որ օրը մի քիչ հետաքրքիր անցկացնի, մեր ծանր պայմաններից դուրս լինի: Հեռուստացույց էլ չունենք, որ մի բանով զբաղվեր երեխան: Հովհաննեսն էլ դպրոց է գնում, շատ լավ է սովորում: Թագուհին էլ էր լավ սովորում, ոսկե մեդալով է ավարտել, բայց այսօր ոչինչ չի կարողանում անել, որ իր երեխաների համար հաց գնի»:
Մյուս երեխան՝ Մայիսը, Թագուհու եղբայրն է: Նա աչքերի հետ կապված խնդիր ունի, վատ է տեսնում: Չնայած դրան՝ հանրակրթական դպրոց է հաճախում: Նրա մայրը՝ Գոհարն ասում է, որ դպրոցում Մայիսին բավականին ընդառաջում են ուսուցիչները. «Ասում են, թող գա, ներկա գտնվի, այդպես էլ կսովորի: Նա խելացի է, բայց որ լավ չի տեսնում, դժվարանում է կարդալ ու գրել: Ինչ քննարկում են դասերի ժամանակ, բոլորն անգիր գիտի: «Օրրան» բարեգործական ընկերություն ենք տանում, այնտեղ նրա հետ զբաղվում են, մաքրամե գործել է սովորել, այնքան գեղեցիկ է գործում: Գումար չունենք, որ թելերը գնենք՝ տանն էլ գործի»:
Տիկին Գոհարը մի որդի էլ է ունեցել, նա 9 տարեկանում մահացել է՝ ցատկել է գետը ու գլուխը հարվածել քարին: Գոհարն այդ մասին չկարողացավ խոսել: Թագուհին պատմեց, որ դեպքը եղել է 1998 թվականին. «Նրանք երեխաներով գնացել էին լողալու, տատիկիս տան մոտ: Այդպես էլ ընկել էր գետը ու մահացել: Ուղեղում արյան զեղում էր եղել: Դրանից հետո մայրս որոշեց եւս մեկ երեխա ունենալ: Երկու եղբայրներս էլ նույն անունն ունեն»:
Նշենք, որ Թագուհին եւ նրա ամուսինը ժամանակին բնակարան ունեցել են, սակայն հետագայում ստիպված են եղել այն վաճառել, քանի որ նրա ամուսինը նույնպես վթարի է ենթարկվել: «Պետք է նրան բուժեինք, տոկոս փակեինք, ապրեինք: Դրա համար էլ որոշեցինք վաճառել տունը, պարտքերը փակել, մայրիկիս տանն ապրել: Մտածում էինք, հետո կաշխատենք ու մի բան կանենք, գոնե կգնանք վարձով կապրենք: Բայց անհաջողությունն անհաջողության հետեւից մեր գլխին է գալիս:  Չգիտենք էլ ինչ է լինելու: Որ տնից էլ զրկվենք՝ այն ամբողջությամբ փլվի, տեղ չունենք գնալու, մնալու ենք դրսում»,- նեղսրտած ասաց Թագուհին:
Հիշեցնենք, որ Կոնդ թաղամասը համարվում է իրացվող տարածք, սակայն մինչ օրս այստեղի բնակիչներին դեռ ոչ մի փոխհատուցում կամ պայմանագիր չի առաջարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել