Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարկերի տոկոսադրույքները կբարձրանան

Մարտ 15,2011 00:00

\"\"Հայաստանի Կենտրոնական բանկի՝ գնաճը զսպելու քաղաքականությունը չի խթանում վարկավորումը եւ ազդելու է տնտեսության աճի տեմպերի վրա: Երեկվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Կոնվերսբանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Անդրադառնալով ԿԲ դրամավարկային պայմանների խստացմանը, որով բարձրացել են վերաֆինանսավորման տոկոսադրույքն ու պահուստավորման նորմատիվը, «Կոնվերսբանկի» գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը նշեց, որ արդյունքում հնարավոր է՝ առաջիկայում աճեն վարկերի տոկոսադրույքները, նվազի առեւտրային բանկերի վարկային պորտֆելների աճը: «Բոլոր բանկերում էլ կա դրամի իրացվելիության եւ արտարժութային գերիրացվելիության խնդիր: Արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց դրամով պահուստավորման նորմատիվի բարձրացումը, բնականաբար, բերեց դրամի պահանջարկի, եւ բանկերը ստիպված եղան ունեցած միջոցների մի մասն ուղղել դրամի պահուստավորմանը եւ դրամ հայթայթելու միջոցներ ձեռնարկեցին»,- ասաց պարոն Դավթյանը: Նրա խոսքով, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման արդյունքում փոքրանում է տոկոսային մարժան, եւ իրավիճակից կորուստներով դուրս չգալու համար բանկերը ստիպված կլինեն օգտագործել մի քանի տարբերակ՝ կամ կիջեցնեն արտարժութային ավանդների տոկոսադրույքները, կամ էլ դրամային ավանդների տոկոսադրույքներն ու տոկոսային մարժան կավելացնեն. «Բանկի համար հավելյալ տոկոսային ծախսեր կավելանան, որը կանդրադառնա տնտեսության վրա: Բանկերը ստիպված են լինելու փոքր-ինչ բարձրացնել տնտեսվարող սուբյեկտներին տրվող վարկերի տոկոսադրույքները, հակառակ դեպքում՝ ստիպված են լինելու իրենց շահույթների հաշվին կրճատել տոկոսադրույքների մարժան»: Պարոն Դավթյանի տեղեկացմամբ, 2010-ին «Կոնվերսբանկը» գրանցել է 1,4 միլիարդ դրամի շահույթ, այս տարի էլ ակնկալում են այն հասցնել մոտ 2 միլիարդ դրամի: Բանկի տնօրինությունը, սակայն, մեծ ակնկալիքներ չունի վարկային պորտֆելի առումով. «Անցած տարեվերջին պլանավորում էինք վարկային պորտֆելի նվազագույնը 20%-ի աճ, այս տարի, հաշվի առնելով դրամավարկային պայմանների խստացումները, եթե արձանագրենք 5-10%-ի աճ, ապա կհամարենք բավականին լավ ցուցանիշ»: Նրա խոսքով, բանկը վարկավորել ու շարունակում է ակտիվ վարկավորել գյուղատնտեսությանը՝ հաշվի առնելով սեփականատերերից մեկի՝ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ՝ «11-12%-ով դրամային եւ արտարժութային վարկեր ենք տրամադրում գյուղացիներին»:
Կանանց տոնական միամսյակի հետ կապված՝ բանկը հատուկ քարտեր է թողարկել՝ master card woman’s card: Պարոն Դավթյանի տեղեկացմամբ, առանձնահատուկ դիզայնով թողարկված քարտը կանանց հնարավորություն կտա ավելի քան 160 առեւտրի կետերից, գեղեցկության սրահներից եւ բժշկական կենտրոններից օգտվել հատուկ զեղչերով: Նրա խոսքով, քարտի թողարկման նպատակը ոչ թե ռեսուրսներ ներգրավելն է, այլ կանանց հաճելի անակնկալներով ներկայանալը: Հատուկ կանանց համար պատրաստված քարտերը բանկը նախատեսել է հասցնել 5000-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել