Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ «ՄԵՋ-ՄԵՋ» ԵՆ ԱՆՈՒՄ

Մարտ 15,2011 00:00

\"\"Եվ շուտով քաղաքում անհատ տաքսիների համար կայանելու տեղ չի լինի

Տաքսի սերվիսների սեփականատերերն ու անհատ ձեռներեցներն աստիճանաբար գրավում են մայրաքաղաքի բանուկ փողոցները՝ առաջնորդվելով «այս սարն իմն է, այս ծառն իմն է» սկզբունքով:
Ընդ որում, այն հատվածներում, որտեղ կանգնած են սերվիսի մեքենաները, վարորդներն իրենց խաղի կանոններն են թելադրում անհատ «տաքսիստներին»՝ արգելելով նույնիսկ մի րոպե իրենց գրաված վայրում կայանել: Օրինակ՝ Աբովյան փողոցում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ «Միլենա» եւ «Զեթ» տաքսի սերվիսների մեքենաներն են կայանում: Այս տաքսի սերվիսների վարորդները թույլ չեն տալիս մեկ այլ սերվիսի մեքենաներին կամ անհատ տաքսիներին կանգնել այդտեղ, ինչի պատճառով վարորդները ստիպված ուղեւորներին մի քանի մետր հեռու են «իջեցնում»:
 Նույն իրավիճակն է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարեւանությամբ գտնվող տարածքում: Այս հատվածն էլ «Ռելաքսի» տաքսիներն են գրավել: Եթե մայրաքաղաքի որոշ հատվածներ արդեն տնօրինում են մի քանի տաքսի սերվիսներ, ապա օդանավակայանում «տիրություն է» անում «Տուր» տաքսի սերվիսը: Այս դեպքում մարդիկ, ուզած-չուզած, հենց այս սերվիսի ծառայություններից պետք է օգտվեն, քանի որ այլ տաքսիներ պարզապես չեն կարողանում մի քանի րոպե կայանել այդ հատվածում: Հետաքրքիրն այն է, որ նշված տաքսի սերվիսների գրասենյակները այն վայրում չեն, որտեղ կայանում են մեքենաները, այլ քաղաքի ծայրամասերում:
«Առավոտի» հետ զրույցում «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հասարակական կազմակերպության համանախագահ Գեւորգ Դոստուրյանի ներկայացմամբ՝ թաղապետարանները վարձակալությամբ տարածքներ են տրամադրում «մեջք» ունեցողներին, որոնք էլ իրենց հերթին օրական 500 դրամով տրամադրում են տաքսու վարորդներին: Տիգրան Մեծի փողոցում, «Ռոսիա» տոնավաճառի մոտակայքի տարածքը Կենտրոն թաղապետարանն արդեն վարձով է տվել ինչ-որ ՍՊԸ-ի, որն էլ իր սրտի ուզած գումարն է սահմանել մեքենաների կայանման համար:
Այս երեւույթից ամենաշատը տուժում են անհատ տաքսիստները: Եթե, ասենք, սերվիսների սեփականատերերը բավականին մեծ եկամուտ ունեն եւ կարող են իրենց թույլ տալ որոշակի գումարի դիմաց կայանել վարձու տարածքներում, ապա անհատները կաշվից էլ դուրս գան, նման բան չեն կարող անել: Մեզ հետ զրույցում անհատ տաքսիստները հիմնականում դժգոհում են, որ իրենք այնքան եկամուտ չունեն, որպեսզի կարողանան մի մեքենայի համար տարածք վարձել: Բացի այդ, նրանց ձեռնտու էլ չէ մի տեղ վարձել եւ այդտեղ կայանել. «Մենք ուղեւոր ենք վերցնում, տանում քաղաքի մյուս ծայրը, հետո որոշ ժամանակ այդ նույն տեղում սպասում, որ կրկին ուղեւոր վերցնենք: Մեզ ձեռնտու չէ դատարկ մեքենայով վերադառնալ այն վայրը, որը, ասենք թե, վարձակալել ենք, մի քիչ սպասում ենք, մինչեւ նոր ուղեւոր լինի: Բայց մեկ էլ գալիս են ու ասում՝ պիտի 500 դրամ վճարեք»: Անհատ տաքսիստները ամենեւին էլ դեմ չեն տարածքի համար վարձ տալուն: Սակայն եթե այսօր այդ հատվածը ինչ-որ մեկն է վարձով տալու, ապա վաղը քաղաքի մյուս մարդաշատ վայրերին էլ հերթով կտիրանան: Սա նշանակում է՝ տաքսու վարորդը 500 դրամ վճարելու է, որպեսզի իրավունք ստանա այդտեղ կայանելու: Ապա ուղեւորին քաղաքի մեկ այլ հատված տեղափոխելուց հետո կրկին պետք է 500 դրամ վճարի, քանի որ այդ հատվածն էլ մեկ այլ անձ է վարձով տալիս: Անհատ տաքսիստների խոսքերով՝ «Մենք այդ ինչքա՞ն գումար ենք աշխատում, որ կայանելու փող տանք: Եթե անգամ օրվա մեջ 2-3 տարածք լինի, որ պետք է տեղի վարձ տանք, միեւնույն է՝ մեզ դա ձեռնտու չէ: Պարզ է, որ ուղեւորներին մինչեւ իրենց շենք տանենք, տեղի վարձ չի լինի, հո չե՞նք կանգնելու շենքի մոտ, մինչեւ նոր ուղեւոր մոտենա: Պետք է նորից գնանք քաղաքի այնպիսի հատված, որտեղ մարդկանց շարժ կա, բանուկ փողոց է, իսկ այդ փողոցները հերթով տալիս են կամ տաքսի սերվիսներին, կամ անհատ մարդկանց: Մենք դեմ չենք տեղի վարձ տալուն, բայց պետք է այլ բան մտածել, ոչ թե քաղաքի փողոցները բաժանել սերվիսներին կամ թափով մարդկանց, որ սրանք էլ ինչ ուզեն՝ անեն»:
«Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ-ի ղեկավարը տաքսիստներին հավասար պայմաններ տրամադրելու եվրոպական մոդելն է առաջարկում. «Եվրոպական մի շարք քաղաքներում տաքսիների կայանման համար պետությունն անվճար տարածք է տրամադրում, եւ ցանկացած տաքսու վարորդ իրավունք ունի կայանել՝ որքան ցանկանա: Իսկ մեզ նման երկրում նման որոշումը լուրջ վեճերի տեղիք կտա վարորդների համար»: Մեզ հետ զրույցում անհատ տաքսիստներն ու հասարակական կազմակերպության ղեկավարն առաջարկում են՝ եթե «տեղի» համար գումար պետք է վերցնեն, ապա ոչ թե օրական 500 դրամ, այլ գոնե ողջամիտ գումար սահմանեն եւ ամսական վճար լինի. «Եվրոպայում, երբ տաքսիստները լիցենզիա են ստանում, նրանք միանգամից իրավունք են ունենում կայանել քաղաքի ցանկացած վայրում, որը նախատեսված է տաքսիների համար»:
Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ առայժմ մայրաքաղաքի փողոցները վարձակալությամբ տալու խնդիրը քննարկվում է Ազգային ժողովում՝ թե ինչպե՞ս, ո՞ր փողոցները եւ ի՞նչ սկզբունքներով պետք է տրամադրվեն վարձակալությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել