Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅԵՐԸ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԱՐԵՑԻՆ

Մարտ 15,2011 00:00

Հիշեցնենք, որ համագումարի մեկնարկը տրվել էր դեռեւս փետրվարի 28-ին, երբ  ադրբեջանահայ փախստականների լիազոր ներկայացուցիչները Ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Ադրբեջանի տարածքում 1988-1994թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դահլիճում մեկնարկեց ադրբեջանահայ փախստականների լիազոր ներկայացուցիչների համագումարի անդրանիկ նիստը՝ նվիրված Սումգայիթում հայկական ջարդերի 23-րդ տարելիցին: Համագումարի առաջին լիագումար նիստին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերում բնակվող Ադրբեջանից հայ փախստականների 174 լիազոր ներկայացուցիչ պատվիրակներ, կոալիցիոն եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, գիտնականներ, մշակութային գործիչներ: Համագումարի աշխատանքները մեկնարկեցին Արարատյան թեմի Քանաքեռի ս.Հակոբ եկեղեցու քահանա Տեր Սահակի կողմից Տերունական աղոթքով եւ օրհնությամբ: Վերջինս այն քահանան է, ով 1988թ. Գանձակում (Կիրովաբադ) հայերի դեմ կազմակերպվող ջարդերի հենց սկզբում հանձն էր առել հայերի ինքնապաշտպանական կոմիտեի ստեղծումը՝ իր շուրջը միավորելով ու համախմբելով Գանձակի ողջ հայությանը, այդ կերպ կանխարգելելով գազազած թուրքերի վայրի ոհմակների գործողությունները եւ փրկելով բազմաթիվ հայերի կյանքեր: Տերունական աղոթքից եւ օրհնանքից հետո Տեր Սահակը նաեւ բավականին քաղաքական ելույթ ունեցավ՝ քննադատության հիմնական թիրախ դարձնելով խորհրդային տարիների Հայաստանի կոմունիստական իշխանություններին՝ նրանց մեղադրելով բարբարոսությունների մեջ: Հավաքին ներկա ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի նյարդերը տեղի են տվել: Վերջինս ընդհատել է քահանային, հեգնական տոնով շպրտել՝ «արդար եղեք, մի օր պիտի ճիշտը խոսե՞ք», ու չնայած դահլիճից հնչած մեղմացուցիչ արտահայտություններին, Թովմասյանը լքել է դահլիճը: Ավելի ուշ «Առավոտի» հետ զրույցում ընկեր Թովմասյանը վրդովվեց, որ «տեղից ելնողն իրեն իրավունք է վերապահում այդ թեման շոշափելու», ու հավելեց, որ ինքը չի արդարացնում եկեղեցիներ քանդելը, բայց՝ «քանդել են՝ դպրոց ու մշակութային օջախներ են սարքել, ոչ թե էլիտար բնակարաններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել