Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

1 մլն 350 հազար դոլար՝ «Ա1+»-ի համար

Մարտ 15,2011 00:00

Եթե այսքան գումար հավաքվի դրամահավաքով՝ «Ա1+»-ը հնարավորություն կունենա իրականացնել
արբանյակային եւ համացանցային զուգահեռ հեռարձակում:

«Ա1+» հեռուստաընկերությանն աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մարտի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու գործունեությունը «Ժողովրդական հեռուստատեսություն» ստեղծելու ուղղությամբ՝ հասարակական պահանջարկին հարիր հեռուստաեթեր ունենալու համար. «Հոգաբարձուների խորհուրդը եւ «Ա1+»-ը ձգտում են այլընտրանքային, այդ թվում արբանյակային եւ ինտերնետային հեռուստահեռարձակման օգտագործմամբ լրացնել տեղեկատվական դաշտում առկա բացը, ապահովել լրատվության բազմակարծություն, օպերատիվություն եւ անաչառություն: Մենք ծրագրում ենք մոտ ժամանակներս ներկայացնել հայաստանյան հեռուստաեթերի ռազմավարական եւ բովանդակային քաղաքականությունը, ինչպես նաեւ հեռարձակման տեխնոլոգիական լուծումներն ամփոփող հայեցակարգ»:
Երեկ ասուլիսում «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը հայտնեց, որ հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել հաշվարկված ծրագիր, որը կարող է իրականացվել 3 տարբերակներով. «Դա կարող է լինել հեռարձակում արբանյակով եւ հեռարձակում ինտերնետ կայքում զուգահեռ: Դա շատ թանկ հաճույք է եւ պայմանավորված կլինի մեր տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններով: Երկրորդը՝ կարող է լինել կայքի վրա հեռարձակում, որը վերամշակված տարբերակով կհեռարձակվի նաեւ արբանյակով՝ Հայաստանի տարածքի, եվրոպական եւ ամերիկյան լսարանի համար: Դա էլ է բավական թանկ տարբերակ եւ լուրջ ներդրումներ է պահանջում: Եվ երրրորդ տարբերակը՝ լինի կայքով հեռարձակում, որը կունենա իր հզոր զարգացումը, եւ որը կերահեռարձակվի արբանյակով Հայաստանի տարածքում: Սա ավելի էժան արժե, քան նախորդ երկու տարբերակները»: Ըստ նրա՝ ամենաթանկ տարբերակն արժե 1 մլն 350 հազար դոլար: Եվ ուրեմն, շարունակվելու է «Ժողովրդական հեռուստատեսության» աջակցության դրամահավաքը, եւ այս անգամ կարեւոր են հավաքվելիք գումարները, քանի որ ըստ այդմ է ընտրվելու վերոհիշյալ տարբերակներից որեւէ մեկը:
Սակայն ֆինանսական խնդիրներից բացի՝ այս ծրագիրն իրականացնելու հարցում կան օրենսդրական խոչընդոտներ: Արբանյակային հեռարձակումն առայժմ ազատականացված չէ Հայաստանում: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 23 հոդվածի համաձայն՝ «Հեռուստառադիոընկերություններն արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագրի առկայության դեպքում: Հեռուստաընկերությունն արբանյակային հեռարձակման մասին գրավոր տեղեկացնում է Ազգային հանձնաժողովին հեռարձակման համար նախատեսված օրվանից 5 աշխատանքային օր առաջ»: Իսկ ՀՌԱՀ դիրքորոշումն էլ հայտնի է՝ նման հեռարձակում կարելի է իրականացնել միայն արտոնագրի առկայության դեպքում: ՄԻՊ-ի ղեկավարությամբ գործող՝ այդ օրենքը լրամշակող աշխատանքային խմբին նաեւ խնդիր էր առաջադրվել ազատականացնել արբանյակային հեռարձակումը: «Առավոտի» հարցին, թե ՄԻՊ-ի պաշտոնում Կարեն Անդրեասյանի նշանակումից հետո այս ուղղությամբ ինչպե՞ս են ընթանում աշխատանքները՝ «Ինտերնյուս-Արմենիա» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, որն այդ աշխատանքային խմբի անդամ է՝ պատասխանեց. «Համարում ենք, որ մեր աշխատանքն այդ խմբի շրջանակներում ավարտված է»: Խոսքը խմբի անդամ մի «խմբակցության» մասին էր, որը շարունակում է մշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները. «Աշխատանքը մոտենում է ավարտին, եւ որոշ ժամանակ անց տարբեր հարթակների՝ իհարկե, առաջին հերթին, այդ խմբին կներկայացնենք մեր փաստաթուղթը՝ քննարկման համար»: Ըստ Նունե Սարգսյանի՝ իրենց մշակած նախագծում արբանյակային հեռարձակումը բավականաչափ ազատականացված է եւ պայմանավորված չէ արտոնագրի առկայությամբ:

Հ. Գ. Ըստ «Ա1+»-ի՝ «Մելտեքս» ՍՊԸ-ն փետրվարի 15-ին դիմել էր ՍԴ` վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204. 38 հոդվածի սահմանադրականությունը: ՍԴ-ն վարույթ է ընդունել այդ դիմումը, որում մասնավորապես ասված է. «Գործող իրավակարգավորումը հնարավորություն է ստեղծում չկատարել ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես էլ ՄԻԵԴ վճիռը, դատական ակտով չճանաչել Կոնվենցիայով եւ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի խախտման փաստը, իսկ իրավունքի խախտման փաստի ճանաչում հնարավոր է միայն դատական ակտը բեկանելու եւ նոր հանգամանքին համապատասխան ներկայացված պահանջով բողոքի բավարարման դեպքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031