Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՆՈՐԴ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ՞

Մարտ 15,2011 00:00

\"\"ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի ներկայացմամբ, իշխանությունը պատրաստ է փոփոխությունների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օրերս Ծաղկաձորում գնահատեց քաղաքական իրավիճակը. «Մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, պատրաստ ենք լսել առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը եւ առաջարկությունները ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծման, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն եւ ոչ թե արվեն շահարկումների համար, էլեկտորատ ձեռք բերելու կամ ինչ-որ պրոցեսների վրա ազդելու համար: Թեեւ դա էլ է նորմալ երեւույթ, ընդդիմության դերը հենց կայանում է նրանում, որպեսզի տեսնի պրոբլեմները, քննադատի եւ հաջորդ ընտրություններին, ունենալով կողմնակիցների մեծ բանակ, դառնա իշխանություն: Ես կարծում եմ, ընդհանուր առմամբ, քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում, համարում եմ, որ գոնե վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձեւաչափեր են ձեւավորվել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն, անցնում են հանրահավաքներ, անցնում են կոռեկտության սահմանում, եւ ճիշտ ճանապարհը դա է: Կարծում եմ, ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմադիրները ճիշտ հետեւություններ պիտի անեն անցյալի սխալներից, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն, եւ ասածս որպես ռեւերանս չընդունեք, բայց, փառք Աստծո, շատ պարագաներում ե՛ւ այս կողմում, ե՛ւ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականության, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ: Կարծում եմ, մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր, իհարկե, այդպիսի նպատակներ պիտի լինեն, հակառակ պարագայում տարօրինակ կլիներ քաղաքական գործունեությունը»։ Մեր դիտարկմամբ, այս հայտարարությունները կարծես նոր իրավիճակ են ստեղծում իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում:
Արդյոք իշխող ուժն ունի՞ բավարար հնարավորություններ, ներուժ՝ երկիրը ժողովրդավարացման տանելու համար: Այս հարցն ուղղեցինք ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին, նաեւ փորձեցինք ճշտել՝ իրոք կա՞ այդպիսի ցանկություն, թե՞ դա լոկ թվացյալ տպավորություն է: ՀՀԿ մամուլի խոսնակը նկատեց. «Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ էր ՀՀ նախագահը խոսել այս ամենի եւ իշխող կուսակցության՝ փոփոխությունների գնալու պատրաստակամության մասին: Անչափ կարեւոր է, որ փոփոխությունների եւ բարեփոխումների է պատրաստ երկրի իշխող կուսակցությունը, կոալիցիան: Կա հայտնի ճշմարտություն՝ այն ուժը, որը պատրաստ չէ փոփոխությունների, չի կարող կայուն լինել: Բնականաբար, փոփոխությունները պետք է լինեն առանց ցնցումների, նպատակային եւ տեսանելի: Իզուր եք զարմանում, որ փոփոխությունների մասին խոսում է երկրի նախագահը: Իսկ ո՞վ, եթե ոչ երկրի նախագահն է ուզում լավացնել մեր ժողովրդի, մեր հասարակության կյանքը, դիմակայել մարտահրավերներին: Այո՛, հենց նախագահը խոսեց այն մասին, որ ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն: Նկատեք, որ նախագահը մշտապես է խոսել հանդուրժողականության, երկխոսության գնալու պատրաստակամության մասին, գոնե ես չեմ հիշում Հայաստանի որեւէ նախագահի նման ելույթ: Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորում է ընդդիմության դերը, նորմալ է համարում առողջ, երկրի զարգացմանը միտված քննադատությունը: Սա անչափ կարեւոր է: Նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքակիրթ հարաբերությունների համար անչափ կարեւոր է ունենալ առողջ ընդդիմություն, քանի որ միայն առողջ իշխանության եւ ընդդիմության առողջ հարաբերությունների դեպքում մենք կկարողանանք առաջընթաց ունենալ: Եվ այս մասին խոսում է պետության, իշխանության ղեկավարը, եւ ոչ միայն խոսում է, այլեւ բնական է համարում ընդդիմության քննադատությունը, հանրահավաքները, որոնք, ի դեպ, վերջին երկու տարում անցնում են կոռեկտության սահմաններում: Նախագահը վերահաստատեց իր այն միտքը, թե ուժեղ է այն իշխանությունը, որը պատրաստ է լսել իր ընդդիմախոսի կարծիքը, քննադատությունը»: Պարոն Շարմազանովի ներկայացմամբ, իշխանությունը՝ հանձին Հանրապետականի, «երբեք ջայլամի քաղաքականություն չի վարում, տեսնում է այն վատ երեւույթները, որոնք կան, եւ ժողովրդի հետ հրապարակավ կիսվում է առկա մտահոգություններով եւ պատրաստակամություն է հայտնում լուծել առկա խնդիրները: Սա նշանակում է, որ իշխանությունը կտրված չէ ժողովրդից, սա նշանակում է, որ իշխանության եւ հասարակության միջեւ միջնորդներ հարկավոր չեն»։
Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ եւս վերջին օրերին առաջին դեմքի կողմից հնչեցին նոր-նոր հայտարարություններ: Անդրադառնալով այս հարցին՝ մեր զրուցակից ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում մշտապես համահունչ են եղել հայկական կողմի եւ միջազգային հանրության դիրքորոշումները. «Մշտապես նախագահների հանդիպումների ժամանակ Ադրբեջանի նախագահը ասում էր՝ այո, հետո, հասնելով Բաքու, այլ բաներ էր խոսում, իսկ Սոչիի հանդիպումց հետո մենք նման բան չտեսանք: Այո, դարձյալ գրանցվեց ցավալի միջադեպ՝ զինվորի մահվան դեպք, որը մենք բոլորս քննադատում ենք, սակայն դիրքորոշումների հարցում եղավ առաջընթաց, եւ Բաքուն, որոշակի ճնշման տակ, կարծում եմ՝ ռուսական, ընկալեց, որ թիվ մեկ խնդիրը խաղաղ բանակցություններն են»:
Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ սա նաեւ հայկական դիվանագիտության եւ նախագահ Սարգսյանի հաստատակամ եւ հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել