Մարտի 14-ին կայացել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի խորհրդի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունն արդյունավետորեն զարգանում է, եւ դրան նպաստում է ԵՄ խորհրդատվական խմբի հետ արդյունավետ աշխատանքը. «Հատկապես կարեւոր է քաղաքական համագործակցության խորացումը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ՝ ասոցացման համաձայնագրի կնքմամբ: Կարեւոր է նաեւ ԵՄ-ի հետ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով հատուկ ենթակոմիտեի ստեղծումը, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գործընթացը նոր թափով առաջ մղելը, որը ենթադրում է լուրջ բարեփոխումներ Հայաստանում, այդ թվում՝ առկա բյուրոկրատական արգելքների վերացում, հարկային, մաքսային եւ այլ համակարգերում բարեփոխումներ: 2010 թվականին մեկնարկել են բարեփոխումները Հայաստանի դատաիրավական համակարգում: Հաստատվել է ոստիկանության համակարգում բարեփոխումների լուրջ ծրագիր, որը շարունակվելու է այս տարի: Այս տարի նախատեսվում է մարդու իրավունքների ազգային ծրագրի հաստատումը, որը մեր համագործակցության կարեւոր փուլերից մեկն է: Լուրջ քայլեր են ձեռնարկվել ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման ուղղությամբ»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն էլ իր հերթին կարեւորել է ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարվելիք աշխատանքին մեծ ուշադրություն դարձնելը: ԵՄ խորհրդատվական խմբի նոր ղեկավար Անտտի Հարտիկայնենը ներկայացրել է խմբի տեխնիկական առաջադրանքը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ