Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քաղբանտարկյալ էլ ավելացավ

Մարտ 15,2011 00:00

Դա տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում ՀՀ հարցով համազեկուցողների երեւանյան այցի նախօրեին

«Մարտի 13-ին, ժամը 17-ի սահմաններում, «Դինամո» մարզադահլիճի հարակից տարածքից առեւանգել են աշխարհահռչակ բռնցքամարտիկ, բռնցքամարտի ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանին։ Նա այստեղ էր եկել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը դիտելու, երբ մեքենայից իջնելուն պես, առանց որեւէ նախազգուշացման, նրա վրա են հարձակվել դիմակավորված հատուկջոկատայինները։ Գործողությանը ներկա է եղել Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի պետ Աշոտ Կարապետյանը։ Ս. Խաչատրյանը «կասկածվում է» իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի երեկ տարածած հայտարարության մեջ: Շեշտելով, որ խոսքը մարտի 1-իհանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, եւ հիշեցնելով, որ նույն օրը ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հանրահավաքն անցել է առանց միջադեպերի, Կոնգրեսը պնդել է, թե Ս. Խաչատրյանի ձերբակալությունն ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներ ունի, եւ այն, որ հանրահավաքից միայն 13 օր անց է ոստիկանությունը հիշել այդ միջադեպի մասին, եւ Խաչատրյանին ձերբակալելու որոշում է կայացվել, պայմանավորված է մարտի 12-ին «ՉԻ»-ում նրա տված ու իշխանությունների հասցեին սուր քննադատություն պարունակող հարցազրույցով. «Վարչախմբին անհանգստացրել է աշխարհահռչակ մարզիկի խոսքի ազդեցությունը, եւ նրանք որոշել են այս կերպ չեզոքացնել այն»։ Կոնգրեսը դատապարտել է վարչախմբի հերթական այս ապօրինությունը եւ պահանջել՝ անմիջապես ազատ արձակել Ս. Խաչատրյանին։
Իսկ Ս. Խաչատրյանին «դիմակավորները» տարել էին Կենտրոնի «քննչական», որտեղ ավելի քան 7 ժամ պահելուց հետո, արդեն կեսգիշերին, նրա փաստաբան Արա Զաքարյանի միջոցով հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» կասկածանքով, որ հարուցվել է քրգործ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելիս Ս. Խաչատրյանի հետ այդ պահին ավտոմեքենայում եղել են նաեւ Պողոս Կրմզյանն ու Միսակ Հովակիմյանը, որոնք եւս բերման են ենթարկվել, հարցաքննվել ու ազատ են արձակվել: Ի դեպ, Ս. Խաչատրյանի ե՛ւ Երեւանում վարձակալված բնակարանը, ե՛ւ Վանաձորի տունը խուզարկության է ենթարկվել, բայց ոստիկանները  ոչինչ չեն հայտնաբերել: Ըստ ոստիկանության, մարտի 1-ին Սամսոն Խաչատրյանը Երեւանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ հարվածել՝ մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին: Ս. Խաչատրյանը բաժնում հայտարարել է, որ քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը: Ս. Խաչատրյանը, ի դեպ, ոստիկանությունում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Իսկ միջադեպը, որը դարձել է նրան հետապնդելու առիթ, տեսագրված ու տեղադրված է նաեւ youtube-ում եւ հաստատում է այն, ինչի մասին հայտարարել է նաեւ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն»՝ արձանագրելով, որ այն ոստիկանը, որի «օրինական պահանջին», իբր, չի ենթարկվել Ս. Խաչատրյանը, որի հարվածից նա, իբր, վնասվածք է ստացել, «հանրահավաքի ժամանակ եղել է քաղաքացիական հագուստով, ցուցաբերել է սադրիչին վայել վարքագիծ՝ փորձելով հանրահավաքի մասնակիցների հետ, բազմաթիվ վկաների ներկայությամբ, ընդհարում հրահրել: Հենց նրա գործողությունների արդյունքում էլ տեղի է ունեցել քաշքշուկ, ինչին, ի թիվս շատերի, մասնակցել է նաեւ Ս. Խաչատրյանը»: Կոմիտեն արձանագրել է, որ Ս. Խաչատրյանի ձերբակալությունը նախապես կազմակերպված սադրանքի արդյունք է, ուղղակիորեն կապվում է նրա ծավալած քաղաքական գործունեության հետ, ու պահանջել է նրան անհապաղ ազատ արձակել, նաեւ «վերջ տալ խաղաղ հանրահավաքների ժամանակ տարաբնույթ սադրիչների միջոցով, ովքեր, որպես կանոն, զգեստափոխված ոստիկաններ են, քաշքշուկներ ու տարբեր մանր ու մեծ սադրանքներ կազմակերպելու արատավոր պրակտիկային»:
Ս. Խաչատրյանի եւ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով երեկ բողոքի ցույց է եղել նաեւ բռնցքամարտիկի հայրենի քաղաքում՝ Վանաձորում: «Առավոտի» թղթակից Նելլի Դավթյանի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են կազմակերպել՝ ի պաշտպանություն Ս. Խաչատրյանի, հետո երթով շարժվել դեպի Լոռու մարզի դատախազություն: Երկար բանակցությունից հետո նրանց ընդունել է դատախազ Կարեն Շահբազյանը, լսել բանավոր բողոքներն ու պահանջները: ՀԱԿ անդամները իրենց բողոք-դիմումը՝ ուղղված Լոռու մարզի դատախազին, թողել են դիմում-նամակների համար նախատեսված արկղում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել