Շաբաթ օրը Վանատուրում խոստացավ Գագիկ Ջհանգիրյանն ու հավելեց, թե իշխող ռեժիմին «դհոլ-զուռնով ենք ճանապարհ դնելու»:
Անցած շաբաթ օրը՝ մարտի 12-ին, Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչները մինի-հանրահավաք էին հրավիրել՝ հերթական անգամ պահանջելու իրենց համերկրացու՝ արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատ արձակումը: Ս. Միքայելյանը կալանավորվել էր 2008թ. մարտի 12-ին, «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «ապօրինի զենք-զինամթերք» պահելու մեղադրանքներով եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման: Վանատուրի կենտրոնական փողոցում, որտեղ նույնիսկ ելույթ ունենալու համար հարմար հարթակ չկար, հավաքվել էին հարյուրավոր մարդիկ ու «Ազատություն» եւ «Սասուն» էին վանկարկում: Նախաձեռնության հեղինակը Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանն էր: Վանատուրցիների պահանջին զորակցելու համար Հրազդան էին ժամանել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները՝ Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյանները, Դավիթ Շահնազարյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Սմբատ Այվազյանը, Գուրգեն Եղիազարյանը, Գրիգոր Հարությունյանը, Սուրեն Սարգսյանն ու այլք: Այս գործիչները բոլորն էլ իրենց ելույթում այս կամ այն կերպ ձեւակերպեցին ընդդիմության պայքարի հիմնական նպատակը. այն է՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը կախված է ՀՀ-ում իշխող ռեժիմի հեռացումից, երկրում օրինական իշխանության ձեւավորումից եւ Հայաստանի՝ ժողովրդավարական հուն վերադառնալուց:
Ելույթ ունեցավ Դավիթ Շահնազարյանը, որն իր խոսքում ասաց, թե բոլորն էլ շատ լավ գիտեն, որ պայքարում են ոչ միայն իրենց քաղբանտարկյալ ընկերների ազատության, ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, «այլեւ մեզնից յուրաքանչյուրը պայքարում է իր եւ իր ընտանիքի արժանապատվության համար: Որեւէ մեկը չի կարող արժանապատիվ ապրել, քանի դեռ կա հանցավոր ռեժիմ, քանի դեռ Արամ Բարեղամյանը, Սասունը, մեր մյուս ընկերները անազատության մեջ են: Մենք ոչ միայն հանուն մեր երեխաների ապագայի ենք պայքարում, այլեւ հանուն մեր ներկայի, մենք այլեւս սպասելու ժամանակ չունենք: Մենք դուրս ենք եկել մի ճանապարհ եւ հիմա մեկ խնդիր ունենք՝ չշեղվել այդ ճանապարհից, որը մեզ բերելու է հաղթանակ: Իշխանություններին ներկայացված են արդեն մեր պահանջները: Դրանք, իհարկե, ռեժիմը կամավոր չի կատարելու: Մենք բոլորս միասին ենք ստիպելու, որ այդ պահանջները կատարվեն: Մենք՝ ձեզնից յուրաքանչյուրն է ստիպելու դա անել մեր ընտրած ճանապարհով»: Դ. Շահնազարյանը հայտարարեց, որ եթե հավաքվածներն ուզում են Սասունին օր առաջ տեսնել ազատության մեջ, ապա առաջիկա՝ մարտի 17-ի հանրահավաքին դա պետք է անեն իրենց մասնակցությամբ, ինչպես ժամանակին դա արել են հանուն Հայաստանի ու Արցախի. «Հիմա ոչ պակաս պատասխանատու պայքար է: Սա պատերազմ չէ, բայց դրա պատասխանատվությունը ավելի պակաս չէ, քան այն ժամանակ էր, գուցե նաեւ ավելին է: Ուստի՝ այսօր իր արժանապատվությունը հարգող ՀՀ քաղաքացու տեղն այնտեղ է, որտեղ համաժողովրդական շարժումն է»: Բանախոսը հավաքվածներին կոչ արեց անպայման եւ առավել ակտիվորեն մասնակցել մարտի 17-ի հանրահավաքին, որովհետեւ այդպես մոտենալու է ոչ միայն Հայաստանի ազատագրումը ռեժիմից, այլեւ քաղբանտարկյալների ազատ արձակման եւ օրինական իշխանությունների ձեւավորման օրը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանն էլ հայտարարեց, թե Սասունն ու անազատության մեջ գտնվող մյուս քաղբանտարկյալներն էլ այսօր ավելի ազատ են, քան բանտից դուրս գտնվող մարդիկ: «Սասունը ճաղերի հետեւում լինելով՝ ազատ է: Այդ բանտից դուրս գտնվողներն են, որ փորձում են վախենալ ոստիկանից կամ ԱԱԾ աշխատակիցներից, հարկայինից: Պետք չի վախենալ: Այ, երբ մենք հոգեպես ազատվենք այդ վախերից, մենք անպայման կհաղթենք: Ժողովուրդ, բան չի մնացել: Այս իշխանությունները խաթրով չեն գնա, մենք պետք է հեղափոխություն անենք: Սա է ճանապարհը: Երբ մենք ոտքի ենք կանգնում, մեզ ասում են՝ Սերժ Սարգսյանը գերտերություններին բան է խոստացել, ԼՂ հարցով փաստաթուղթ է ստորագրելու, դրա համար նրան պահում են: Կամ ասում են՝ եթե անկայունություն լինի Հայաստանում, Ղարաբաղում կորուստներ կունենանք: Նման բան չկա, հենց իշխանությունն է նման լուրեր տարածում: Ճիշտ հակառակը, մենք մեր ոտքի չկանգնելով ամեն օր կորցնում ենք Ղարաբաղի հարցում: Հենց հանուն Ղարաբաղի մեզ հեղափոխություն է պետք՝ բոլորիս մասնակցությամբ: Այն ուժը, որ մենք՝ Կոնգրեսն ունի, նույնիսկ բավական է այդ հեղափոխության համար, բայց այդպես ճիշտ չի: Դրան պիտի մասնակցեն հասարակության բոլոր շերտերը: Մենք բոլորս պետք է մեր մասնակցությունն ունենանք այդ շարժմանը, եւ այդ ժամանակ հեղափոխությունը տեղի կունենա»,- հայտարարեց Ս. Այվազյանը:
Վանատուրցի մի ծերունի հիշեց, որ նախորդ օրը վարչապետը «լաց էր լինում»: Ի պատասխան՝ նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց՝ «լաց էր լինում, մի վեդրո դնեիր, արցունքը հավաքեիր, ես ի՞նչ անեմ»: Իսկ ավելի լուրջ Գ. Ջհանգիրյանը հայտարարեց, թե ակնկալում է ոչ միայն վանատուրցիների, այլեւ բոլոր հրազդանցիների մասնակցությունն առաջիկա հանրահավաքին: «Ասում եք՝ էստեղ ոստիկաններ կան, անվտանգության աշխատողներ կան, էկել, էստեղ փորձում են մարդկանց լեղապատառ անել: Դուք էլ գիտեք, թե էս մարդիկ իրենց կյանքից գո՞հ են: Տո, այ ժողովուրդ ջան, սատանան էնքան սարսափելի չի, որքան նրա անունն է: Էս մարդիկ էլ են կրակն ընկել իրենց ղեկավարների ձեռքը: Սրանց էլ որ հնարավորություն լինի, վաղը կամ մյուս օրը մեծ հաճույքով էս իշխանությանը քշելու են, իրենք էլ են սպասում էդ ժամին, որ էլ չգան ձեզ ահաբեկեն, ճանապարհ փակեն, չգիտեմ՝ էլ ինչ անեն: Սրանք էլ են գերի սրանց ձեռքին: Էսօր մենք Ղարաբաղի հարց չունենք լուծելու: Էսօր վտանգված է Հայաստանի ապագան: Ամեն տարի հազարավոր մարդ է լքում Հայաստանը: Էս հողը, էս երկիրը մենք ո՞ւմ ենք թողնում: Վաղը մենք զինվոր չենք ունենալու, որ սահմանին կանգնի: Էստեղ միայն քաղբանտարկյալների ազատության հարցը չի, սա Հայաստանի ազատագրման հարցն է: Փառք ու պատիվ էն տղաներին, որոնք կռվել են Արցախի ազատագրության համար, բայց ես ուզում եմ գլուխ խոնարհել նաեւ այն մարդկանց առաջ, ովքեր ավելի քան երեք տարի գլուխ չեն խոնարհում ու պայքարում են էս ապօրինի վարչախմբի դեմ: Մենք ճանապարհի կեսն անցել ենք: Ձեզ կոչ եմ անում՝ էշը կերել ենք, պոչին՝ չխռովենք, էդ էլ ենք ուտելու ու դհոլ-զուռնայով սրանց ճանապարհ ենք դնելու: Ամեն ինչ կախված է ձեր որոշումից, ամեն ինչ ձեր ձեռքում է: Կհավաքվե՞նք 100-150 հազարով՝ ցանկացած որոշում կընդունենք: Երկրի ճակատագիրը մեզանից եւ ձեզանից յուրաքանչյուրից է կախված»,- արձանագրեց Գ. Ջհանգիրյանը:
Վանատուրում տեղի ունեցած մինի-հանրահավաքից հետո մարդիկ երթով շարժվեցին դեպի Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշարձան, որտեղ ծաղիկներ դրեցին զոհերի շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցեցին: