Այս որոշումն է ընդունել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը
Մարտի 13-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամներն ու կուսակցության 39 տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Հայտնի է, որ քննարկված հարցերից մեկը նվիրված է եղել ընդդիմադիր դաշտի համախմբմանը, ինչպես նաեւ մարտի 17-ին ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին մասնակցությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ որեւէ հանրահավաքի կուսակցականների մասնակցությունը երբեւիցե չի կանխորոշվել վարչության որոշմամբ՝ թե՛ շարքային անդամները, թե՛ պատգամավորներն ու վարչության անդամներն ազատ են այդ հարցով որոշում կայացնելիս: Նիստի մասնակիցներից շատերը դժգոհությամբ են արձանագրել, որ «Ժառանգության» բոլոր քայլերն ու ջանքերը՝ ուղղված ընդդիմության համախմբմանը, մինչ այժմ որեւէ իրական եւ էական դրական արձագանքի չեն արժանացել ընդդիմադիր մյուս ուժերի ղեկավարության կողմից, թեեւ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» մի շարք պատգամավորների եւ վարչականների մասնակցությունը վերջին հանրահավաքին ոգեւորություն է առաջացրել հանրահավաքի շարքային մասնակիցների մեջ:
Երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խորհրդի ընդլայնված նիստն ընդունել է որոշում եւ կոչ հայրենակիցներին, որում հիշատակված է, թե «Ժառանգության» նախաձեռնություններն անգամ չեն ընդգրկվում պետական մարմինների, առաջին հերթին՝ խորհրդարանի օրակարգում, եւ արդարացի է համարվում փետրվարի 28-ին ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ընդվզումը՝ «իբրեւ հասարակությանն ուղղված ահազանգ»:
«Ժառանգության» խորհրդի ընդլայնված նիստը հայտարարել է. «Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ», եւ որոշել. «Հնարավոր բոլոր եղանակներով՝ ԱԺ ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակել պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»: Որպես այդ նոր իշխանության առաջնահերթություն՝ մասնավորապես սահմանված է. «Իշխանության եւ օլիգարխների, խոշոր բիզնեսի այլ ներկայացուցիչների ապասերտաճումը, արհեստական մենաշնորհների հիմնաքանդումը, նախագահից սկսած՝ բոլոր մակարդակների պաշտոնեական դիրքի անձնական, ընտանեկան կամ կուսակցական նպատակով չարաշահման դեպքերի բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը», «Մարտի 1-2-ի ոճրագործության ու հաջորդած զարգացումների հակաօրինական ու հակաիրավական բոլոր արարքների բացահայտումն ու արդարադատության խստագույն իրացումը», «Ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, հավաքներ կազմակերպելու եւ բողոքելու հիմնարար իրավունքների ապահովումն ու այդ իրավունքները ոտնահարած պաշտոնյաների պատասխանատվության հարուցումը», «Քաղբանտարկյալների եւ քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների պատասխանատվության հարուցումը», «Դատական իշխանության անկախության ապահովումը, այդ թվում ակնհայտորեն անարդար դատական ակտ հրապարակած դատավորի անձնական գույքի եւ ունեցվածքի հաշվին տուժած քաղաքացիների վնասների փոխհատուցումը», «Ոստիկանության համակարգի արմատական բարեփոխումը՝ այդ թվում քաղաքացիների ու պատգամավորների հանդեպ բռնություններ կիրառած իրավապահների պատասխանատվության հարուցումը», «Ազգային անվտանգության համակարգի եւ նրա մարմինների արմատական բարեփոխումը, օտար երկրների հատուկ ծառայությունների հետ նախկինում կամ այժմ համագործակցող գործակալների բացահայտումը», «Բացառապես հայոց լեզվի վրա խարսխված հանրակրթությունը՝ օտար լեզուների եւ մշակույթների դասավանդման որակի շեշտակի բարձրացմամբ, թարգմանչական գործի խրախուսումը՝ բուհերում միջազգային լավագույն դասագրքերի ու գիտական աշխատանքների հայերեն թարգմանությամբ, միջազգային ծրագրերի հայերենացումը»: Ընդհանուր առմամբ՝ առաջնահերթությունները 21-ն են:
Որոշվել է նաեւ այս տարվա ընթացքում հրավիրել «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումար:
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության բողոքի գործողությունը գնահատելով տեղին եւ ճիշտ՝ խորհրդի անդամները կարծիք են հայտնել, որ կարելի է լիազորել խմբակցությանն այս հարցով առաջիկայում նիստ գումարել եւ որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ: Մեր տեղեկություններով, խմբակցությունն այս հարցով նիստ կգումարի մարտի 21-ին: Իսկ այսօր «Ժառանգությունը» հրավիրում է բաց համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես կգա կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կմանրամասնի իրենց հետագա անելիքները: