Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Մարտ 12,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երկրորդ

ԿԱՍԿԱԾԵԼԻ ՓՈՂԵՐ

Երբ Գոքորը հագածկապած ու Զուրաբ Նիժարաձեի շքեղաշուք ընծաներով Օչեմչիրից վերադարձավ, բոլորս գոհ ու երջանիկ էինք, եւ չնայած Գոքորն իր դերձակության մասին որեւէ մեկիս որեւէ բան չասաց, մենք Միշայի ու Ժորայի նամակներից արդեն ամեն ինչ գիտեինք՝ ներառյալ Ժենյայի վրացի ամուսին Զուրաբ Նիժարաձեի աննկարագրելի ու անզուգական կոստյումի մասին, եւ քանի որ Գոքորն օչեմչիրյան իր հաջողությունների մասին մեզ ոչինչ չէր ասում, մենք էլ իրեն չէինք ասում, որ Միշայի ու Ժորայի նամակներից իր դերձակային հաջողությունների մասին ամեն ինչ գիտենք՝ ներառյալ Ժենյայի վրացի ամուսին Զուրաբ Նիժարաձեի աննկարագրելի ու անզուգական կոստյումի հետ կապված ողջ իրողությունը, ու էդ ամենը շատ բնական էր, որովհետեւ նախքան էդ էլ մենք Գոքորի կյանքից համարյա անտեղյակ էինք, եւ, ինչպես նախկինում, էդ անգամվա Օչեմչիրից հետո էլ Գոքորն առավոտները բոլորից ուշ զարթնելով՝ գնում ու բոլորից ուշ էր տուն վերադառնում, եւ մերոնցից ոչ ոք Գոքորին չէր հարցնում՝ ուր է գնում ու որտեղից է վերադառնում, որովհետեւ մերոնք բոլորն էլ հասկանում էին, որ Գոքորը ոչ միայն Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածին է պատկանում, այլեւ՝ ողջ Մետաքսին, ողջ Շիլաչուն ու ողջ Նար-Դոսին հավասարապես, եւ երբ մերոնք Գոքորի անհրաժեշտությունն զգում էին, անմիջապես Մետաքսի, Շիլաչու ու Նար-Դոսի լավագույն տղերքի միջոցով իրեն գտնում էին, բայց երբ Գոքորն էդ անգամ Զուրաբի շքեղաշուք նվերներով վերադարձավ, էդ օրվանից սկսած՝ իրեն գտնել չէր լինում. ավելին. Մետաքսի, Շիլաչու ու Նար-Դոսի լավագույն տղերքը ժամանակ առ ժամանակ մեր Հակոբ Հակոբյան հատվածում հայտնվելով՝ մեզնից էին փորձում իմանալ Գոքորի գտնվելու տեղը, եւ մենք կամաց-կամաց սկսեցինք հասկանալ, որ Գոքորին արդեն մեր տարածաշրջանի եռանկյունին չի բավարարում, եւ որ՝ Գոքորն արդեն ողջ քաղաքինն է, ու էդ հասկանալով՝ ավելին չէինք էլ փորձում իմանալ, որովհետեւ հասկանում ու զգում էինք, որ էդ անորոշությունն է հանդիսանում Գոքորի կյանքի գլխավոր իմաստը, եւ չնայած իր ուշ տուն գալն արդեն սովորական բան էր, այդուհանդերձ, մինչեւ Գոքորը տուն չգար՝ մերոնցից ոչ ոք չէր քնում, եւ քանի որ իմ մորական Մեսրոպ պապի տունը մեր տնից երկու քայլի վրա էր, մենք էլ էինք գիշերն ընտանյոք Գոքորի տուն գալուն սպասում, ավելի ճշգրիտ՝ մենք բոլորս տարբեր բաներից էինք ասում ու խոսում՝ մինչեւ Գոքորը տուն կգար, եւ իրար հետ խոսելով իրար հետ Գոքորին սպասելը մեր կյանքն էր, եւ հատկապես ու առանձնապես իմ կյանքն էր, եւ ես իմ կյանքի հատկապես էդ ժամերն էի հաճույքով ապրում՝ երբ էդ օրերին բոլորս իմ մորական պապ Մեսրոպի օջախում իրար գլխի հավաքվում ու մինչեւ կեսգիշեր Գոքորին էինք սպասում, եւ, ըստ ամենայնի, Գոքորն էլ էր մեր էդ սպասողական վիճակների մեջ մտնում, ու էդ էր երեւի պատճառը, որ ամենաուշը գիշերվա մեկի կողմերը հայտնվում էր, եւ երբ հայտնվում էր, մեկից ուրախանում ու թեթեւանում էինք, եւ հատկապես Գոքորի էդ անգամվա Օչեմչիրից հետո էր էդպես, որովհետեւ էդ անգամվա Օչեմչիրից հետո Գոքորը տասներկուսից մեկն ընկած ժամանակամիջոցում լիքը գրպաններով էր տուն գալիս եւ տուն մտնելով՝ գրպանների պարունակությունը՝ հիմնականում երեքանոցներ, հինգանոցներ ու տասանոցներ, ցփնում էր բազմոցին կամ սեղանին, այնուհետեւ, մի քիչ մտածելուց հետո, հինգանոցներից մեկը վերցնելով ու գրպանը դնելով ասում էր՝ «էս ինձ լրիվ հերիք ա» եւ մի քիչ մտածելուց հետո ավելացնում էր՝ «մնացածը ձերն ա. ով ինչքան ուզում ա՝ թող վերցնի», եւ ամեն անգամ Մեսրոպը Գոքորին թարս նայելով ասում էր՝ «էդ փողերը մեզ պետք չեն», եւ Գոքորը զարմացած հարցնում էր՝ «ինչի՞», եւ ամեն անգամ մայրս պատասխանում ու ասում էր՝ «որովհետեւ էդ փողերի ծագումը մեզ հայտնի չի», եւ Գոքորը ծիծաղելով ասում էր՝ «Սեդ ջան, ես ճշտել եմ, որ էս փողերը Լենինգրադում են տպում», եւ Ֆրեդը Գոքորին ասում էր՝ «Սեդան լրիվ ուրիշ բան ա ասում», եւ Գոքորը մի քիչ մտածում ու քմծիծաղով Ֆրեդին ասում էր՝ «ես Սեդայի ասածը քեզնից լավ եմ հասկանում», եւ Մեսրոպը Գոքորին հանդիմանանքով ասում էր՝ «որ հասկանում ես, էդ փողերդ քեզ պահի», եւ Գոքորը մի քիչ մտածում ու քմծիծաղով ասում էր՝ «ոնց կուզեք» եւ մի քիչ էլ էր մտածում ու ժպտալով ավելացնում էր՝ «չեմ խնդրելու» ու էդ ասելուց հետո Լիլոյին ասում էր՝ «էս փողերը տար պահի», եւ Լիլոն հարցնում էր՝ «որտե՞ղ պահեմ», եւ Գոքորը պատասխանում ու ասում էր՝ «որտեղ որ մնացածներն ես պահում», եւ Լիլոն Գոքորի փողերը բազմոցի կամ սեղանի վրայից հավաքում ու տանում էր ննջասենյակ, եւ երբ դրանից հետո գնում էինք մեր տուն, մայրս հոգոց հանելով հորս ասում էր՝ «էս ամենից վատ հոտ եմ առնում», եւ հայրս ժպտալով ասում էր՝ «հոտառությանդ պատճառով հանգիստդ լրիվ կորցրել ես», եւ մայրս հոգոց հանելով ասում էր՝ «մինչեւ էդ փողերի ծագումը չպարզեմ, չեմ հանգստանա», եւ էդ գիշեր՝ երբ մայրս էդ ասաց, հայրս, հիշում եմ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «բան չեմ հասկանում», եւ մայրս հարցրեց՝ «ի՞նչ չես հասկանում», եւ հայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «արդեն տասը տարուց ավել ա պսակված ենք, բայց մինչեւ հիմի չեմ հասկացել՝ դու փողասե՞ր ես, թե՝ չէ», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «բոլորն էլ փող սիրում են» եւ մի քիչ էլ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «բայց Գրիգորի էս փողերն աչքիս կասկածելի են», եւ հայրս մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «աշխարհի սաղ փողերն էլ կասկածելի են», եւ մայրս մի քիչ մտածեց ու հոգոց հանելով ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «էս ամենը շատ խորհրդավոր ա», եւ հայրս, որ չափազանց քիչ էր խոսում, Գոքորի թեման փակելով ասաց՝ «որ խորհրդավոր չըլնի՝ էլ ի՞նչ Գիքոր», եւ չնայած Գոքորի թեման ամենասիրածս թեման է, երեւի դուք էլ եք զգում, որ էս ամենասիրածս թեման գրչիս տակ ինչ-որ կաշկանդվում է, եւ դրա պատճառը հիմնականում էն է, որ ես նախորդ գիրքս ավարտեցի Երեւանում ու էս տասներկուերորդն սկսել ու շարունակում եմ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը, ուր, ինչպես միշտ, շեղող հանգամանքները քչություն չեն անում. այսինքն, ես էս տասներկուերորդն սկսել ու շարունակում եմ միանգամայն նոր ու միանգամայն այլ պայմաններում, եւ չնայած Ծաղկաձորում ստեղծագործելու ահագին փորձ ունեմ, այդուհանդերձ, Գոքորի էս հատվածը, որ պիտի հաճույքով ու հաջողությամբ շարունակեի, ինչ-որ դժվար է առաջ գնում, որովհետեւ էս անգամ մեր ստեղծագործական տան տնօրեն Մովսեսն ինձ առանձնահատուկ շնորհ է արել, բայց իր տրամադրած էս լյուքսը, ուր արդեն երրորդ օրն եմ ճգնում, ինձ առանձնապես չի ոգեշնչում, ու ես ոչ միայն Գոքորի էդ հանապազօրյա փողերի պատմությունը չեմ կարողանում հաջողությամբ շարունակել, այլեւ հորս ու մորս երբեւէ տեղի չունեցած էդ վերջին զրույցն անտեղի հորինելով ձգձգեցի՝ մոռանալով, որ նախորդ հատվածներիս մեջ բազմիցս նշել ու շեշտել եմ, որ հայրս ահավոր քչախոս լինելով՝ հազարից մեկ էր հետներս խոսում ու կիսվում, չնայած, ինչքան հիշում եմ, Գոքորի փողերի մասին էդ գիշեր խոսեց, եւ, հաստատ հիշում եմ, հենց էդ գիշեր մորս ասաց՝ «արդեն տասը տարուց ավել ա պսակված ենք, բայց մինչեւ հիմի չեմ հասկացել՝ դու փողասե՞ր ես, թե՝ չէ», ու նաեւ մյուս ասածն եմ շատ լավ հիշում՝ «աշխարհի սաղ փողերն էլ կասկածելի են», ու նաեւ Գոքորի մասին իր ասածն եմ շատ լավ հիշում՝ «որ խորհրդավոր չըլնի՝ էլ ի՞նչ Գիքոր», ու վերստին հորս էդ մի քանի ասածները հիշելով՝ հիմա արդեն հակառակն եմ մտածում. այսինքն, մտածում եմ, որ ոչ մի խոսակցություն էլ չեմ հորինել, եւ հորս ու մորս միջեւ էդ խոսակցությունը լափ էլ եղել է, եւ եթե հայրս խելոք ու ճիշտ բաներ է ասել, էդ ամենեւին չի նշանակում թե՝ ինքն ահավոր քչախոս չէր. ընդհակառակը. դա նշանակում է, որ քչախոսները շատ քիչ խոսելով՝ սովորաբար ավելի շատ են ճիշտ ու խելոք բաներ ասում, քան՝ շատախոսները, եւ եթե էս նոր գրքիս սկիզբը մի քիչ անհարթ էր գնում, դրա բուն պատճառը ոչ թե վատ հիշողությունս էր, այլ՝ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տան էս միանգամայն նոր ու անծանոթ լյուքսը, ավելի ստույգ՝ էդ լյուքսի լողասենյակի խողովակները, որոնցից շարունակ ջրեր էին կաթկթում՝ ինձ Գոքորի պատմությունից ու գրելու պրոցեսից անընդհատ շեղելով, ու ես էդ մասին հիմա անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ մի քանի ժամ առաջ էդ կաթկթոցների մասին Մովսեսին տեղյակ պահելով՝ հիմա արդեն Մովսեսի միջամտությամբ սենյակս փոխել ու արդեն 314 համարը կրող սովորական երկսենյականոցում եմ ասելիքս ու գրելիքս շարունակում՝ եւս մի անգամ համոզվելով ու հավաստիանալով, որ երեսուն տարի առաջվա արհեստավորների աշխատանքն ավելի որակյալ ու արդյունավետ է, քան՝ ընդամենը մի քանի ամիս առաջ իրականացված էս նորագույն եվրոռեմոնտը, եւ ահա՝ 222 համարը կրող էդ լյուքսը մեր նորագույն արհեստավորների համար ազատելով՝ վերստին փորձելու եմ վերադառնալ Գոքորի էդ հանապազօրյա ու խորհրդավոր փողերի պատմությանը, բայց հիմա էլ էս 314 համարը կրող սենյակս է ինձ շեղում Գոքորի էդ խորհրդավոր փողերի պատմությունից, որովհետեւ երեսուն ու ավելի տարիներ առաջ վերանորոգված էս 314-ը վերստին ուսումնասիրելով՝ սկսում եմ հիշել, որ լճացման էն տարիներին էս 314-ն էր համարվում մեր ստեղծագործական տան գլխավոր լյուքսը, ուր հիմնականում Վարդգես Պետրոսյանն ու Ժորա Հարությունյանն էին ապրում ու ստեղծագործում, եւ չնայած էստեղի իրենց ապրելն ու ստեղծագործելն անձամբ չեմ տեսել, հաստատ գիտեմ, որ ապրել ու ստեղծագործել են՝ ինչպես որ մեր ժամանակներում Անանյան Լեւոնն ու մյուս պաշտոնյա գրողներն են այժմյան գլխավոր լյուքսում ապրում ու ստեղծագործում, եւ, ինչպես Վարդգես Համազասպովիչի ու Գեորգի Սաղաթելովիչի դեպքերում, հիմա էլ Լեւոնի ու մյուս պաշտոնյա գրողների ապրելն ու ստեղծագործելը չեմ տեսնում, որովհետեւ դեռեւս էն ժամանակներից էս պանսիոնատում ապրող ու ստեղծագործող պաշտոնյա գրողները, ի տարբերություն սովորական ու մահկանացու գրողներիս, ճաշարան չեն իջնում ու սովորականներիս հետ չեն նախաճաշում, ճաշում կամ ընթրում, եւ չնայած իրենց նախաճաշելը, ճաշելն ու ընթրելն անձամբ չեմ տեսել, բազմիցս եմ ականատես եղել՝ ինչպես են ճաշարանի մատուցողուհիներն ու նույնիսկ ճաշարանի վարիչն անձամբ բարձրացնում էդ, ուրեմն, արտոնյալ գրողների ուտելեղենը, որն, ըստ ամենայնի, էապես էր տարբերվում մահկանացու գրողներիս ուտեստներից, եւ եթե էդ ամենն անձամբ տեսած չլինեի, երեւի մտածեի, որ մեր արտոնյալ գրողներն ընդհանրապես բան չեն ուտում՝ ինչպես որ ցածր դասարաններում մեր ուսուցիչների ու մանավանդ ուսուցչուհիների մասին էինք մտածում, բայց քանի որ արդեն միանգամայն չափահաս բանաստեղծ էի, էդպիսի բան մտքովս չէր անցնում, եւ քանի որ դեռեւս միամիտ բանաստեղծ էի, մտածում էի, որ մեր գրողները Գրողների միության նախագահ ու քարտուղար են դառնում, որպեսզի իրենց ուտելեղենը մատուցողուհիներն ու նույնիսկ ճաշարանի վարիչն անձամբ գլխավոր լյուքս բարձրացնեն, եւ քանի որ դեռեւս միամիտ բանաստեղծ էի, ավելի միամիտ ու ավելի տարօրինակ բաներ էլ էի մտածում. օրինակ, մտածում էի, որ մեր Գրողների միության ղեկավար գրողները, ի տարբերություն սովորականների ու մահկանացուների, Ծաղկաձորի մեր էդ ստեղծագործական պանսիոնատում հերթով էին ապրում ու ստեղծագործում, որովհետեւ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տունն ընդամենը մի լյուքս ուներ, եւ հետագայում ավելի հասուն բանաստեղծ դառնալով՝ մտածեցի ու հասկացա, որ մեր գլխավոր ու պաշտոնյա գրողներն այլեւայլ արտոնություններ էլ ունեն, ու էդ արտոնություններից գլխավորը ճիշտ ժամանակին տպագրվելն էր, եւ գրականության մեր էն ժամանակվա ղեկավարները Երեւանի իրենց գողտրիկ կաբինետները լքում էին հատկապես էն դեպքերում, երբ իրենց գրելիք գրքերը նկատելիորեն հետ էին ընկնում հրատարակչական պլաններից, եւ իրենց կիսատ պիեսներն էլ իմ էս 314 համարը կրող նախկին լյուքսում շարունակվում էին համապատասխան թատրոններում նույն էդ կիսատ պիեսների փորձերին համընթաց ու զուգահեռ, եւ շարքային գրողներն արտոնյալների մասին բամբասելով ասում էին՝ «դեռ թանաքը չչորացած՝ դրանց գրածները տպարան են իջացնում», ու, հիշում եմ, ինքս էլ էի հաճույքով մասնակցում էդ բամբասանքներին, որովհետեւ էդ թվերին ես էլ մյուս սովորականների պես շատ գրում ու քիչ էի տպագրվում, հեշտ գրում ու մեծ դժվարությամբ էի տպագրում, բայց հիմա որ էդ ուղղությամբ մտածում եմ, մանրից սկսում եմ հասկանալ, որ ներկայումս ու հենց էս պահին էլ իմ գրողական կարգավիճակը մեկին մեկ նման է էն ժամանակվա արտոնյալների կարգավիճակին՝ ոչ միայն էն առումով, որ էս պահին ապրում ու ստեղծագործում եմ էն ժամանակվա գլխավոր լյուքսում, այլեւ էն առումով, որ էսօրվա օրով ես էլ իրենց պես ինչքան գրում՝ էդքան էլ տպագրվում եմ, եւ եթե էս պահի էս գրածս «Առավոտի» էս շաբաթվա համարում չի տպագրվելու, դրա պատճառը ոչ թե գրողական կարգավիճակս է, այլ այն՝ որ ես էս վերջին տարիներին Երեւանում ու Ծաղկաձորի էս նախկին գլխավոր լյուքսում ապրելով ու ստեղծագործելով՝ էնքան եմ առաջ ընկել, որ էսօրվա էս գրածս երկու տարի հետո հազիվ էլ «Առավոտում» տպագրվի, բայց, իմ բախտից, ժամանակն ու մանավանդ իրադարձությունները շարունակ կրկնվում են, ընդ որում՝ չափազանց մեծ հաճախականությամբ են կրկնվում, եւ հիմնականում դա է պատճառը, որ երկու տարվա վաղեմության էս գրածներս ոչ միայն չեն հնանում, այլեւ ընթերցողների որոշակի շրջանակներում որոշակի հետաքրքրություն են առաջացնում, եւ համոզված եմ, որ էս հատվածս էլ երկու տարում իր թարմությունը չի կորցնի՝ ինչպես որ հին օրերի էս գլխավոր լյուքսն էս երեսուն ու ավելի տարիների ընթացքում իր թարմությունն առանձնապես չի կորցրել՝ էս պանսիոնատի մշտական տնօրեն Մովսեսի աշխատասիրության ու հոգատարության շնորհիվ, բայց ամենակարեւորն էն է, որ մեր որոշ գրողների որոշ գրածներն էլ իրենց թարմությունը չեն կորցրել, եւ էս պահին ինձ ոգեւորում է էն, որ 314 համարը կրող էս՝ հիմի արդեն նախկին գլխավոր լյուքսում ստեղծված որոշ ստեղծագործություններ էլ իրենց թարմությունը չեն կորցրել, ու էս ասածս ընդամենը մի քանի ժամ առաջ հաստատվեց, որովհետեւ ընթրիքից անմիջապես հետո Մերուժի ալիքով «Հարսնացուն հյուսիսիցը» ցույց տվին, եւ չնայած էդ ֆիլմը համարյա անգիր գիտեմ, պիտի խոստովանեմ, որ առաջին անգամ եմ սկզբից մինչեւ վերջ նայում, եւ սկզբից մինչեւ վերջ ծայրեծայր նայելով՝ ինձ համար պարզեցի, որ հրաշալի կոմեդիա է ու ամենեւին էլ չի հնացել՝ մանավանդ որ՝ Մերուժի ալիքով էդ ֆիլմի թարմացված ու թվայնացված տարբերակն էր ցուցադրվում, եւ հիմա զարմանալով հիշում եմ, որ էն թվերին, երբ Կինոյի տանն էդ ֆիլմի պրեմիերան էր, մենք երեք ընկերներով ֆիլմի կեսից մթության միջով ծլկեցինք դահլիճից, որպեսզի խուսափեինք ֆիլմի մասին կարծիք հայտնել էդ ֆիլմի սցենարիստ Ժորա Հարությունյանին, ու էդպես էլ երբեւէ էդ ֆիլմի մասին Ժորա Հարությունյանին կարծիքս չհայտնեցի, որովհետեւ երբեւէ էդ ֆիլմը սկզբից մինչեւ վերջ չտեսա, եւ հիմա՝ երբ Մերուժի ալիքով էդ ֆիլմի թարմացված ու թվայնացված տարբերակն արդեն ծայրեծայր տեսել եմ, Ծաղկաձորի մեր պանսիոնատում մարդ եմ փնտրում, որ էդ ֆիլմի մասին հիացմունքս հայտնեմ, բայց թարսի պես հարմար մարդ չեմ գտնում, որովհետեւ արդեն գիշերվա տասնմեկից ահագին անց է, եւ չնայած տասնմեկից ահագին անց է, էս պահին հնչակների համագումարն է պանսիոնատի դահլիճում շարունակվում, եւ չնայած իրենց էդ համագումարը վաղն էլ են շարունակելու, էսօր չեն էլ շտապում ավարտել, եւ իմ բախտից հիմա հերթական ընդմիջումն է, եւ չնայած առավոտից մինչեւ հիմա խոսել ու ելույթներ են ունեցել, էս ընդմիջմանն էլ են միջանցքում շարունակում ելույթներ ունենալ, եւ հիմնական թեման հայ-թուրքական մոտալուտ հարաբերություններն են, ու ես իրենց շարքերում ծանոթ մարդ եմ փնտրում, որպեսզի Ժորա Հարությունյանի ֆիլմի մասին ուշացած հիացմունքս հայտնեմ, եւ իմ բախտից Եղիազարյան Գուգոն, Շիրխանյանն ու Սարգսյան Լյուդմիլան էլ են հնչակ, ընդ որում՝ Լյուդմիլան հենակներով է մասնակցում համաշխարհային հնչակների էս համագումարին, եւ չնայած հենակներով ու չափազանց նիհարած է, անմիջապես ճանաչեցի, որովհետեւ ինքը Շողերին շատ է նման, եւ, բացի այդ, նախքան Ծաղկաձոր գալս թերթերից արդեն գիտեի, որ Լյուդմիլան ոտքը կոտրել է, ու էդ անճանաչելի վիճակում անմիջապես իրեն ճանաչելով ու բարեւելով՝ անմիջապես էլ կողմնորոշվեցի ու հասկացա, որ իր հետ էդ վիճակում ոչ միայն էդ ֆիլմի, այլեւ հայ-թուրքական հարաբերություններից չարժե խոսել, ու էդ պահին միակ հույսս Եղիազարյան Գուգոն էր, որովհետեւ էդ պահին Շիրխանյանը մի դրսեկ հնչակի փորձում էր բացատրելով հասկացնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու նորմալացումը միայն ու միայն Հայաստանի նախագահի լեգիտիմության առկայության պայմաններում է հնարավոր, ու էդ պահին Գուգոն մի երիտասարդ հնչակի ինչ-որ անեկդոտ էր պատմում, եւ չնայած Գուգոյին ու երիտասարդին մոտենալով ու բարեւելով՝ էդ անեկդոտի ընդամենը վերջին բառերը լսեցի, անմիջապես հասկացա, որ էդ անեկդոտն էլ էր հայ-թուրքական հարաբերություններին վերաբերում, եւ երբ Գուգոն անեկդոտն ավարտեց, ժպտալով ինձ հարցրեց՝ «Արմե՞ն, էս խեր ըլնի. կարող ա՞ մեր համագումարին ես էկել», եւ երբ երիտասարդ հնչակը ժպտալով ասաց՝ «պարոն Շեկոյանը երեւի էստեղ իր վեպն է գրում», ես հասկացա, որ երիտասարդը հայաստանցի է, եւ երբ երիտասարդն էդ ասաց, Գուգոն ժպտալով ինձ հարցրեց՝ «քեզնից ե՞ս գրում, թե՞ էլի իմ պատմածներն ես վերապատմում», եւ երիտասարդ հնչակը ժպտալով ասաց՝ «էն ապարանցի պոետի պատմությունը շատ հետաքրքիր էր», եւ Գուգոն հարցրեց՝ «ի՞նչ ապարանցի պոետ», եւ երիտասարդը ժպտալով Գուգոյին ասաց՝ «որ ձեր պատմածի հիման վրա պարոն Շեկոյանը գրել էր» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էն հաշվապահ պոետի մասին», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «որ նորմալ ռեժիսոր գտնեինք, էդ պատմությունը լավ կինո կդառնար», եւ ես առիթից օգտվելով Գուգոյին ասացի՝ «մի քիչ առաջ «Հարսնացուն հյուսիսիցն» էին ցույց տալիս», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ ցրում ե՞ս», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն եմ ցրում», եւ Գուգոն ժպտալով ինձ հարցրեց՝ «էս հայ-թուրքական փաստաթղթի մասին ի՞նչ կարծիքի ես», եւ ես զարմացած հարցրի՝ «հայ-թուրքական փաստաթուղթն ի՞նչ կապ ունի», եւ Գուգոն ժպտալով հարցրեց՝ «բա «Հարսնացուն հյուսիսի՞ցն» ինչ կապ ունի», եւ ես ասացի՝ «էդ ֆիլմն էսօր առաջին անգամ սկզբից մինչեւ վերջ նայեցի», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կյանքից ահագին հետ ես մնացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ լավ ռեժիսոր ճարվի, մեր էդ հաշվապահ պոետի պատմությունը հազար անգամ ավելի հետաքրքիր կինո կդառնա», եւ երիտասարդ հնչակը ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին, ընկեր Գուրգեն», եւ էդ պահին մեզ մոտեցավ մեր տարիքի սփյուռքահայ մի հնչակ, եւ Գուգոն ինձ ներկայացնելով՝ սփյուռքահայ իր կուսակցին ասաց՝ «ընկեր Սեպուհ, պարոնը մեր ճանաչված գրողներից է», եւ ընկեր Սեպուհն ուշադիր ինձ զննելով հարցրեց՝ «բանաստե՞ղծ եք, թե՝ գրող», եւ Գուգոն ժպտալով ասաց՝ «Սովետի օրոք բանաստեղծ էր, բայց անկախությունից հետո գրող ա դառել», եւ ընկեր Սեպուհն ուշադիր ինձ զննելով հարցրեց՝ «ի՞նչ թեմաներ կնախընտրեք», եւ Գուգոն ծիծաղելով ասաց՝ «հիմնականում իմ պատմածներն ա գրի առնում», եւ ընկեր Սեպուհը ժպտալով հարցրեց՝ «իսկ ավելի լո՞ւրջ», եւ Գուգոն ժպտալով ասաց՝ «վերջերս պարոն Արմենը կինոյի գծով ա խորացել», եւ ընկեր Սեպուհը ժպտալով ինձ հարցրեց՝ «իրա՞վ», եւ Գուգոն ժպտալով ասաց՝ «հիմա «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մասին շատ հետաքրքիր մենագրություն ա գրում», եւ ընկեր Սեպուհը ժպտալով ասաց՝ «շատ աղվոր շարժանկար է», եւ Գուգոն ժպտալով ասաց՝ «վերջերս որ պարոն Արմենին հետաքրքիր պատմություններ չեմ պատմել, ստիպված շարժանկարչությամբ ա զբաղվում», եւ ընկեր Սեպուհը Գուգոյին միանգամայն լուրջ հարցրեց՝ «իսկ ինչո՞ւ չեք պատմել», եւ Գուգոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ե՞րբ պատմեի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համարյա մի տարի բերդում էի», եւ ընկեր Սեպուհը ժպտալով հարցրեց՝ «իբրեւ մարտի 1-ի կազմակերպի՞չ», եւ ես ասացի՝ «Գուրգենին մարտի 1-ից առաջ էին բռնել», եւ Գուգոն ծիծաղելով ասաց՝ «նախօրոք բռնել էին, որ մարտի 1-ը չկազմակերպեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «հետո որ տեսան կազմակերպող չկա, ստիպված իրանք կազմակերպեցին» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «էնպես որ, ես ի վիճակի չէի բերդից պարոն Արմենին գրական թեմաներ մատուցել», եւ ընկեր Սեպուհը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «հետաքրքիր է», եւ Գուգոն հարցրեց՝ «ի՞նչը», եւ ընկեր Սեպուհն ասաց՝ «հայաստանցիները բանտին բերդ կըսեն» եւ ինձ նայելով հարցրեց՝ «ինչո՞ւ բերդ կըսեն», եւ ես ժպտալով ասացի՝ «չգիտեմ» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «բերդի մասնագետն ընկեր Գուրգենն է. ինքը խորհրդային տարիներին ոստիկանապետ է աշխատել», եւ ընկեր Սեպուհը ժպտալով Գուգոյին հարցրեց՝ «իրա՞վ», եւ երիտասարդ հնչակը խոսակցությանը խառնվելով ասաց՝ «ընկեր Գուրգենն անկախության օրոք ավելի բարձր պաշտոններ է զբաղեցրել», եւ Գուգոն ծիծաղելով ասաց՝ «ամենաբարձր պաշտոնս քաղբանտարկյալն ա էղել»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել