Լրահոս
Օրվա լրահոսը

«Դերասանը ամենաքիչը պիտի շնորհալի լինի»

Մարտ 12,2011 00:00

\"\"Թատրոնի, հանդիսատեսի ու ծափահարությունների մասին

Երեւանի պետական համազգային թատրոնում շուրջ 16 տարի աշխատած հայ մեծանուն դերասանի՝ Սոս Սարգսյանի դպրոցը անցած կինոյի եւ թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը անկեղծանալով նշում է, որ իր համար առաջնայինը թատրոնն է:
– Աշխատում եմ երկու ոլորտներում էլ՝ թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, բայց ինքս ինձ թատրոնի դերասան եմ համարում: Թատրոնն է իմը,- ասում է դերասանուհին:
– Թատրոնը եղել է, կա ու կլինի, ու դերասանը կխաղա այնտեղ, իսկ ֆիլմը, շատ հավանական է, որ առաջինն ու վերջինը լինի դերասանի ստեղծագործական կյանքում: Կապ չունի՝ քանի դեր ես խաղացել կամ քանիսն ես դեռ խաղալու, հիմքդ եղել է թատրոնը, սկսել ես այնտեղից, հետեւաբար այն ձգելու է քեզ դեպի իրեն, կանչելու է անդադար: Չնայած ես երկուսն էլ սիրում եմ ու բավականին մեծ հաճույքով եմ կատարում ինձ վստահված դերերը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում:
– Ժամանակները փոխվում են՝ փոխելով իրենց հետ հանդիսատեսի մոտեցումն ու ճաշակը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պիտի լինի այսօրվա դերասանը, որպեսզի գոհացնի ժամանակակից հայ հանդիսատեսին:
– Հայ հանդիսատեսին այսօր գոհացնելը այնքան էլ դյուրին առաջադրանքներից չէ: Շատ պահանջկոտ է դարձել: Այսօրվա դերասանը ամենաքիչը պիտի փոքր-ինչ շնորհալի լինի ու աշխատի այդ շնորհքը վերածել տաղանդի: Պիտի ունենա նաեւ հմայք: Դերասանական հմայքը շատ կարեւոր է, քանի որ նրա միջոցով է հանդիսատեսը սկսում սիրել քեզ որպես դերասան:
– Եվ վերջում ծափահարությունների մասին:
– Այսօրվա հանդիսատեսը ուրիշ է. նա գիտի ուր է գալիս, ինչի եւ ինչ է ուզում դիտել: Ըստ այդմ էլ վերջում հնչած ծափահարություններն էլ առավել անկեղծ են լինում, զգում ես՝ հավանել են ներկայացումը, թե այնքան էլ չէ: Անկեղծ ծափահարությունները ինձ համար թերեւս ամենամեծ պարգեւն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել