Ռոդմանը NBA-ի ամենավառ աստղերից մեկն է, պաշտպանական գծի անգերազանցելի վարպետ: Բազմաթիվ տիտղոսները, որոնք նա նվաճել է 12-ամյա մարզական կարիերայի ընթացքում, Ռոդմանին ոչ միայն մեծ հռչակ են բերել, այլեւ ձեւավորել են խիստ ինքնատիպ վարքագիծ: Մինչեւ NBA-ում հայտնվելը նա աշխատել է որպես… գերեզմանափոր: Այո, այո՝ գերեզմանահոր է փորել: Իսկ երբ արդեն բասկետբոլային աստղ էր, միլիոնավոր մարդկանց հոգիները գերում էր ոչ միայն խաղադաշտում իր անկանխատեսելի խաղով: Ի տարբերություն NBA-ի մյուս խաղացողների, Ռոդմանը կարողացավ պատկառազդու ու եկամտաբեր այլընտրանքային կարիերա ստեղծել նաեւ զվարճանքների ինդուստրիայում՝ պարբերաբար հայտնվելով տարբեր հեռուստահաղորդումներում, շոուներում, նկարահանվելով ֆիլմերում: Այս ոլորտներում Ռոդմանի հաջողության գրավականներն էին արտառոց հագուստներ կրելու հակվածությունը, էքսցենտրիկ, անբռնազբոսիկ վարքագիծը, մազերի հաճախակի գունափոխությունը՝ կապված մարզազգեստի գույնի եւ հագուստի ոճի հետ, սերը տատուների, փիրսինգի նկատմամբ եւ գրեթե մշտական սկանդալային հայտարարությունները լրատվամիջոցներին տրվող հարցազրույցներում: