Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ԴԵՌ ԿՈՂՄԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Մարտ 12,2011 00:00

Ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի Հայաստանի մեծահասակների առաջնությունները հիմնականում անցան նորմալ: Մինչդեռ սովորական մարզասերը ոչինչ չգիտի, թե դրա համար մարզաձեւի ֆեդերացիան կազմակերպական ի՞նչ աշխատանքներ է կատարել, որոնք տեսանելի չեն նրան:
Չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար մարզերից տասնյակ ըմբիշներ էին եկել Երեւան: Էլ չենք խոսում մարզիչների ու մրցավարների մասին: Ու բոլորին էլ հարկավոր էր ապահովել ժամանակավոր բնակության, պատասխանատու գոտեմարտերին նախապատրաստվելու, մարզվելու, հանգստանալու հարմարավետ պայմաններով, համապատասխան սննդով: Այս ամենն արվեց Հավաքականների կենտրոնի տնօրինության հետ համագործակցելով: Իսկ թե դրանք բավարարո՞ւմ էին սովորաբար ներկայացվող պահանջներին, պատմեց միջազգային կարգի մրցավար, երկու առաջնությունների գլխավոր մրցավար Սամվել Հարությունյանը:
Միջազգային ամենաբարձրակարգ մրցումներ սպասարկելու հարուստ փորձ ունեցող մասնագետը, համեմատելով այստեղ եւ արտասահմանում ըմբիշներին ընձեռված պայմանները, վստահեցրեց, որ դրանք գերազանցապես հավասար են, հատկապես՝ վերջին երկու տարիներին մեր ֆեդերացիայի ներդրած ջանքերի շնորհիվ: Սակայն մեր զրույցի ընթացքում պարոն Հարությունյանի ուշադրությունը հրավիրեցինք «Դինամո» մարզադահլիճում ընթացած երկու առաջնությունների ժամանակ դահլիճում անտերություն հիշեցնող իրավիճակի վրա, երբ ցանկացած մարդ, լիներ դա առաջնություններին ինչ-որ ձեւով առնչվող կամ պատահական հանդիսական, անարգել շրջում էր մրցագորգերի շուրջբոլորը՝ խանգարելով ինչպես մրցավարական հանձնաժողովի, քարտուղարության, այնպես էլ գորգի ու կողային մրցավարների աշխատանքին: «Կարգը հետեւյալն է. սկսած մարզակառույցի մատույցներից, մինչեւ անմիջականորեն մրցագորգ, կարգուկանոնի ապահովումը տարածքը տրամադրած կողմի պարտականությունն է, այլ ոչ թե տվյալ դեպքում ըմբշամարտի ֆեդերացիայի: Նա պիտի վերահսկի-կարգավորի ամեն բան, ինչը հարկավոր է մրցումը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Սա միայն ըմբշամարտին չի վերաբերում, այլ՝ ցանկացած մարզաձեւի: Կոնկրետ ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնության օրերին ֆեդերացիան եւ մենք հարկադրված եղանք ինքներս քայլեր ձեռնարկել կարգուկանոն ապահովելու համար: Որքան տեղյակ եմ, ֆեդերացիայի ներկայացուցիչները եւ այդ պահերին դահլիճում ներկա մեր ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն են ստիպված զանգել համապատասխան ատյաններ եւ կարգուկանոնի պահապաններ հրավիրել: Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը՝ օրերս նույն մարզադահլիճում անցկացված ազատ ըմբշամարտի հանրապետության երիտասարդական առաջնությունում այդ հարցում արդեն որոշակի առաջընթաց կար, թեեւ այս անգամ հանդիսականները համեմատաբար քիչ էին: Ասածս այն է, որ ցանկացած մրցման, առավել եւս՝ հանրապետության առաջնության ժամանակ, յուրաքանչյուրն առաջին հերթին պիտի իմանա իր առաջնային պարտականությունները եւ անպայման դրանք կատարի: Հակառակ դեպքում, Հայաստանում ոչ մի մարզական միջոցառում ակնկալվող բարձր մակարդակով չի ընթանա»,- պարզաբանեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել