Ճանաչված դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանը դեռ մտադիր չէ հրաժեշտ տալ բեմին
Կան ընտանիքներ, որտեղ որպես ճակատագրական ժառանգականություն, առկա է մասնագիտության շարունակականությունը, որն արտացոլվում է տարբեր ոլորտներում: Ճանաչված հոգեբան, արձակագիր Էլդա Գրինի ընտանիքում դա արվեստն է. դուստրերը՝ դաշնակահարուհի Մարինե Աբրահամյանն ու դերասանուհի Աննա Էլբակյանն են, որդին՝ նկարիչ Տիգրան Աբրահամյանը, որն ապրում ու ստեղծագործում է Չեխիայում, փեսաները՝ թավջութակահար Պավել Ոսկանյանն ու դերասան-բեմադրիչ Արմեն Էլբակյանը, թոռները՝ դերասանուհի-բեմադրիչ Լիլի Էլբակյանն ու բեմադրիչ, բանաստեղծ ու երգահան Էդգար Էլբակյանը:
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգին (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) ներկա էր ընտանիքը: Որպես մենակատար՝ Բեթհովենի չորրորդ սիմֆոնիզացված կոնցերտի փայլուն կատարումով հանդես եկավ դաշնակահարուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարինե Աբրահամյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այս տարի առաջին համերգով մեկնարկում է իր բեմական-ստեղծագործական 35-ամյակին նվիրված շարքը: Հայացք ձգելով անցյալին, դաշնակահարուհին հայտնեց, որ երջանկությունը մանկուց իրեն ուղեկցել է. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում ուսանել է պրոֆեսոր Յակով Զարգարյանին, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում եւ ասպիրանտուրայում՝ աշխարհահռչակ Յակով Ֆլիերին, մասնակցել է Չեխիայում եւ Իսպանիայում կայացած միջազգային մրցույթներին, հանդես է եկել մենահամերգներով եւ սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ՝ Կոնդրաշինի, Մալունցյանի, Սիմոնովի, Դուդարովայի, Կոգանի, Յամադայի, Սթարի, Ջորդանիայի, Խանջյանի, Դավթյանի, Չեքիջյանի եւ այլ հայտնի դիրիժորների ղեկավարությամբ: ՀՀ վաստակավոր արտիստուհու շնորհիվ հայկական դաշնամուրային արվեստին ու մասնավորապես մեր կոմպոզիտորների ստեղծագործություններին հաղորդակից են դարձել Խորհրդային Միության, Հեռավոր Արեւելքի, Չեխիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ այլ երկրների երաժշտասերները: Երեկ էլ պրոֆեսիոնալ ունկնդիրը հիշում էր ժամանակին դաշնակահարուհու «Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտրանի» համերգաշարը, իսպանական, ֆրանսիական, հայ դաշնամուրային երաժշտությանը նվիրված թեմատիկ մենահամերգները: Կային ժամանակներ էլ, երբ սպասված արվեստագետը տարեկան շուրջ 100 համերգ էր ունենում Հայաստանում եւ արտերկրում, ինչը չենք ասի վերջին շրջանի մասին: Այս առիթով «Առավոտին» Մ. Աբրահամյանը կատակով ասաց. «Ես բիզնեսմեն չեմ եւ ոչ էլ օրենքով գող: Այսօր էլ ունենում եմ բազմաթիվ հրավերներ, սակայն միշտ չէ, որ հրավիրող կողմը հոգում է ծախսերը: Ինչ վերաբերում է հայաստանյան ելույթներիս, մշտապես հանդիպում եմ ունկնդրիս հետ»: Հավելեց նաեւ, որ թեեւ հանդես է եկել շատ ճանաչված բեմերում ու համերգասրահներում, սակայն երկու տարի առաջ առաջին հայ արվեստագետն էր, որ ելույթ ունեցավ Սլովակիայի «Ռուդոլֆինում» հանրահայտ սրահում: Իսկ ինչքա՞ն է դեռ «ձգելու» բեմական գործունեությունը: Ի պատասխան մեր այս հարցի, դաշնակահարուհին պատասխանեց. «10 տարեկանից վայելում եմ բեմի հաճույքը: Ոչ ոք չի կարող չափել դրա ճիշտ տեւողությունը, գուցե 35 տարին ընդամենը կե՞սն է»: