Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՅԻ ԼՈՒՅՍՆ ՈՒ ՍՏՎԵՐԸ

Մարտ 12,2011 00:00

Կամ ո՞ւմ ձեռքում է ճարտարապետական ժառանգությունը

\"\"
Վատիկանը բազմազգ այցելուների պակաս չունի:

Օրերս Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) 13 ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի 3 ներկայացուցիչների ուղեկցությամբ, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մասնակցեցին Ռոմուալդո Դել Բիանկո հիմնադրամի կազմակերպած «Ճարտարապետական ժառանգությունը երիտասարդների ձեռքերում» խորագրով մեկշաբաթյա միջազգային աշխատաժողովին: «Առավոտը» աշխատաժողովի արդյունքների եւ իտալական տպավորությունների մասին զրուցեց ԵՃՇՊՀ դասախոս, ճարտարապետության թեկնածու, դոցենտ Լյուբա Կիրակոսյանի հետ: Տիկին Կիրակոսյանից հետաքրքրվեցինք, թե աշխատաժողովի ավարտին ի՞նչ եզրակացության եկան՝ ճարտարապետական ժառանգությունը վստահելի՞ ձեռքերում է՝ հանձինս երիտասարդների: Նա պատասխանեց. «Երիտասարդները հասկանում էին միմյանց, սերտ շփումներ ունեցան: Բարեբախտաբար, նրանք կարողանում են արժեւորել իրենց պատմական անցյալը եւ առաջարկություններ անել ապագայի վերաբերյալ»: Լ. Կիրակոսյանի փոխանցմամբ՝ մշակութային ժառանգության պահպանության խնդիրները գրեթե բոլոր երկրների համար ընդհանուր են. «Դրանք հիմնականում կապված են վարչարարական դաշտի հետ, բոլոր երկրներից ժամանած ներկայացուցիչներն էլ փաստեցին, որ մշակութային ժառանգության պահպանման գործում առկա են ֆինանսական խնդիրներ: Առանձին քննարկումների ժամանակ մենք նաեւ շեշտում էինք, որ մշակութային ժառանգության պահպանման առումով Հայաստանն ունի լրացուցիչ խնդիրներ: Դրա պատճառներից է նաեւ այն, որ մեր պատմական հայրենիքն աշխարհագրական իմաստով ավելի մեծ ընդգրկում ունի, քան ներկայիս վարչատարածքը, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում: Մեր պատմական հուշարձաններից շատերը գտնվում են ՀՀ-ից դուրս, որոնք, բացառությամբ Իրանում գտնվողների, մեղմ ասած, բարեհաճ վերաբերմունքի չեն արժանանում: Պատճառն այն է, որ դրանց նայում են ավելի ազգայնական, քաղաքական տեսանկյունից, ոչ թե որպես համամարդկային արժեքի, ինչից տուժում է մշակութային ժառանգությունը: Նմանատիպ խոսակցությունների ժամանակ Ադրբեջանից ու Վրաստանից ժամանած մեր գործընկերները չեզոք դիրք էին գրավել, ոչ հակադրվում էին, ոչ խանդավառվում: Հենց այս պատճառով էլ աշխատաժողովի ընթացքում ավագ սերնդի ներկայացուցիչ ճարտարապետները կրտսերների մեջ փորձեցին սերմանել այն գաղափարը, որ մարդկության կողմից ստեղծված որեւէ հուշարձան որեւէ ազգի սեփականությունը չէ, այն պիտի ունենա համամարդկային պատկանելություն եւ դրա նկատմամբ վերաբերմունքը պիտի լինի մեկը»:
Ճարտարապետը տպավորված էր հատկապես իտալական քաղաքներում տիրող յուրահատուկ միջավայրից, ինչը ստեղծվել է շնորհիվ ճարտարապետական լուծումների եւ բնակիչների հատուկ վերաբերմունքի. «Իտալական քաղաքներում բնակիչները գիտակցաբար պահպանում են անտիկ ճարտարապետական միջավայրը: Որքան սահուն են պատմական միջավայրի կողքին ստեղծել ժամանակակից քաղաք, որտեղ ապրում են տեխնիկապես զարգացած կյանքով ու բարձրաճաշակ կենցաղով»: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ պիտի սովորենք իտալացիներից, Լ. Կիրակոսյանը պատասխանեց. «Պիտի սովորենք, թե ինչպես կարելի է պահպանել մշակութային ժառանգությունը եւ դրա արժեքը հասկանալով՝ այն ծառայեցնել իրենց: Օրինակ՝ Վենետիկը, չնայած ասում են, որ այն մեռնող քաղաք է, քանի որ մեծ ջրանցքը շենքերի հիմքերը ողողում է, սակայն բնակիչները բոլոր ջանքերը գործադրում են, որ այն ապրի: Վենետիկում պատմական շենքերը բնակելի են, Ֆլորենցիայում՝ մի ամբողջ միջնադարյան քաղաքում մարդիկ ապրում են ժամանակակից կենցաղով, իսկ միջնադարյան քաղաքները բնակության համար բավականին անհարմար են. ունեն նեղ փողոցներ, շենքերի բնակարանները գտնվում են մեկը մյուսի մեջ, ինչն առաջացնում է օդափոխության եւ լուսավորության անհարմարություններ: Սակայն բոլոր տեսակի անհարմարությունները կրելով՝ նրանք պահպանում են պատմական այդ միջավայրը, քաղաքի ընդհանուր տեսքը, ոչ թե մեզ պես, եթե ինչ-որ մեկին խանգարում է, ապա կարող ենք քաղաքի կենտրոնից պատմական արժեք ներկայացնող շենքը ապամոնտաժել եւ դրա փոխարեն բարձրացնել էլիտար բարձրահարկեր: Դա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Խորհրդային ժամանակաշրջանից անցման փուլն այնքան ցայտնոտային էր, որ այդ ընթացքում եղան նաեւ մշակութային ժառանգության պահպանության իմաստով ավերիչ, վանդալիզմի հասնող դրսեւորումներ: Շատ խնդիրներ էլ առաջանում են հատկապես այն պատճառով, որ երբեմն ճարտարապետությունը թելադրվում է պատվիրատուի ճաշակով: Այնինչ՝ իտալացիները կարողանում են սպասարկման ոլորտի հաշվին ներկայացնել իրենց հայրենիքը: Իսկ մենք հիմա ունենք հոյակապ տաճարներ, վանքային համալիրներ, սակայն հիմնականում չկան տեղադրված ցուցանակներ, որ զբոսաշրջիկները կարողանան ծանոթանալ մեր պատմական ժառանգությանը»: Լ. Կիրակոսյանը, նշելով, որ Ֆլորենցիան էլ Երեւանի պես քարից քաղաք էր՝ ոչ մեծաթիվ կանաչ գոտիներով, հավելեց. «Ինձ համար շատ ավելի մտերմիկ էր միջավայրը. երբ քայլում էի Ֆլորենցիայի փողոցներով, ինձ զգում էի միջնադարում, չկար զգացողություն, որ ապրում եմ 21-րդ դարում, անգամ թվում էր, որ փոքրիկ պատշգամբի տակ կանգնած երիտասարդը սերենադ է նվիրում, ռոմանս երգում իր սիրեցյալի համար, վենետիկյան դիմակահանդեսի շքեղ պատկերներն էլ յուրաքանչյուրին վերադարձնում են պատմական ժամանակների ցոփության գիրկը»:
Լ. Կիրակոսյանը զուգահեռաբար նշեց. «Հռոմում եւ այլ իտալական քաղաքներում հանդիպեցինք նաեւ միմյանց հակադիր պատկերների: Տեսանք մուրացիկների, կարիքավոր մարդկանց, որոնք արվեստների քաղաքների, հոգեւորի, կատարյալի, բարձրի չափանիշից շատուշատ իջած էին»:

Հ. Գ. ԵՃՇՊՀ- «Ռոմուալդո Դել Բիանկո հիմնադրամ» համագործակցության արդյունքում այս տարվա հոկտեմբերին նմանատիպ գիտաժողով կկազմակերպվի նաեւ Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել