Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ընդդիմության ցույցը կասեցվել է

Մարտ 12,2011 00:00

Արաբական երկրները կլանած զանգվածային բողոքի ալիքը հասել է նաեւ Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է Reuters-ը, որի մատուցմամբ՝ ուրբաթ օրը Բաքվում իրավապահները կասեցրել են ընդդիմության՝ «Մարտի 1. ժողովրդական մեծ օր» անունը կրող հանրահավաքը, որը նվիրված է եղել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկության մեկամսյակին: Ոստիկանները, իհարկե, կասեցրել են ակցիայի անցկացումը՝ ձերբակալելով առնվազն 15 մարդու: Այդ մասին լրագրողներին հայտնել է Բաքվի շրջաններից մեկի ոստիկանապետը՝ հավելելով, թե «ոստիկանությունը պատրաստ է այսուհետեւ եւս պահպանելու հասարակական կարգը եւ կասեցնելու Բաքվի փողոցներում անօրինական ակցիաների անցկացումը»:
Ընդդիմադիր ակտիվիստներ են ձերբակալվել նաեւ Բաքվի կենտրոնում՝ համալսարանի մոտ: Ձերբակալություններն իրականացրել են ոստիկանության հատուկ ջոկատայիններն ու քաղաքացիական հագուստով ոստիկանները:
Ձերբակալվածներից մեկը հասցրել է մինչեւ իրեն ոստիկանության մեքենա խցկելը՝ հայտարարել, թե ընդդիմությունը չի դադարի բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձերը: Անվտանգության ուժեղացված միջոցառումներ են անցկացվել նաեւ մետրոյի կայարանների մոտ, իսկ Բաքվի բուհերի ուսանողները զգուշացվել են, որ դասերը բաց թողնելու դեպքում նրանք կհեռացվեն:
ԶԼՄ-ների տվյալներով, «Մարտի 1. ժողովրդական մեծ օր» անունով խումբ է ստեղծվել նաեւ Facebook սոցիալական ցանցում, որտեղ ակցիաների նախաձեռնող խումբը կոչ էր արել մարտի 11-ին ողջ երկրի տարածքում բողոքի ակցիաներ անցկացնել: Ի դեպ, ուրբաթ օրը Ադրբեջանի իշխանությունները անվտանգության հատուկ միջոցառումներ են իրականացրել Բաքվի նավթային ակադեմիայի մոտ, որտեղ երկու տարի առաջ բազմահազարանոց ցույց էր տեղի ունեցել:
Եվրամիությունն օպերատիվորեն արձագանքել է ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալություններին՝ մտահոգություն հայտնելով երիտասարդ ակտիվիստների աճող ձերբակալությունների առնչությամբ: ԵՄ հայտարարության մեջ ասված է, թե այդ կառույցը ուշադրությամբ հետեւում է Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք տեղի են ունենում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում՝ շեշտելով, որ «դրանք այն հիմնական բաղադրիչներն են, որոնց վրա է հիմնված քաղաքական կայունությունն ու «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել