Ուրբաթ օրը Ճապոնիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժը, որն առաջացրել է 10 մետրանոց ցունամի՝ քշել է իր ճանապարհին եղած տները, նավերը, ավտոմեքենաներն ու այրվող գյուղական շինությունները, վերջին 140 տարվա ընթացքում ամենահզորն է եղել: Reuters-ը, վկայակոչելով Կարմիր խաչի տվյալները, փոխանցում է, որ տարերային աղետի հետեւանքով ջրի մակարդակը գերազանցել է Խաղաղ օվկիանոսի մի շարք կղզիների բարձրությունը: Խաղաղ օվկիանոսի ջրավազանի ողջ երկայնքով մեկ, ներառյալ՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի տարածքների մի հատվածը, հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումներ են եղել: Նման նախազգուշացումներ ստացել են նաեւ Հավայան կղզիներն ու Կենտրոնական Ամերիկայի երկրները: «Վտանգավոր գոտում» գտնվող տարածքների թվում են Ռուսաստանը, Թայվանը, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Ֆիջին, Մեքսիկան, Կոստա-Ռիկան, Չիլին, Հոնդուրասը, Կոլումբիան եւ այլ երկրներ:
Կարմիր խաչն ու Կարմիր մահիկը լրջորեն անհանգստացած են, որ ցունամին կարող է «մաքրել» խաղաղօվկիանոսյան փոքր կղզիները՝ լիովին ջրասույզ անելով դրանց մակերեսը:
Առայժմ խոսվում է տարերային աղետի հետեւանքով 40 զոհերի մասին, թեեւ զոհերի թիվը կարող է էապես աճել՝ նկատի ունենալով, որ շատերը մնացել են շենքերի փլատակների տակ, կան նաեւ տասնյակ անհետ կորածներ: Ստորգետնյա հզոր ցնցումների արդյունքում խափանվել են մի քանի ատոմակայանների ու նավթավերամշակման գործարանների աշխատանքները, իսկ խոշորագույն պղնձաձուլական գործարանը հրկիզվել է: Բացի այդ, փակվել են բոլոր նավահանգիստներն ու դադարեցվել են բեռնաթափման աշխատանքները:
Ճապոնիայի կառավարությունը ատոմային անվտանգության հարցով արտակարգ նիստ է հրավիրել: Չի բացառվում, որ երկրի իշխանությունները կարող են տեխնածին արտակարգ իրավիճակի ռեժիմ հայտարարել, եթե տվյալներ ստացվեն ճառագայթման կամ ԱԷԿ-ների սառեցման համակարգերի՝ շարքից դուրս գալու մասին: Ճապոնիայի հյուսիսում շուրջ 4,4 մլն տուն մնացել է առանց լույսի:
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղի ունեցած երկրաշարժի հզորությունը գնահատել է 7,9 բալ, իսկ հաջորդած ցնցումները՝ 8,8-8,9 բալ: Ամենաուժեղ ցնցումը տեղի է ունեցել Տոկիոյում: Փլվել են տասնյակ երկնաքերներ, մայրաքաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը այրվել է, թեեւ կան հրդեհի եւս 13 օջախներ: Զոհեր կան հիմնականում Իվատե, Ֆուկուսիմա, Իբարակի, Տոտիգի, Տիբա եւ Տոկիո քաղաքներում: