Լրահոս
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԸ ԵԿԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ ՀԱՄԱՐ

Մարտ 12,2011 00:00

\"\"Ասում է Լիտվայի արտգործնախարար եւ  ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը

Եկել է առաջխաղացման ժամանակը: Ժամանակն է Հարավային Կովկասի երկրների համար ազատ արձակել իրենց ներուժը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության: Մենք գիտակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության լրջությունը: Վերքը խորն է: Այն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակ ստվեր է գցում Հարավային Կովկասի վրա՝ խեղդելով հույսը եւ խոչընդոտելով զարգացմանը: Եկել է ժամանակը, որպեսզի տարածաշրջանի առաջնորդներն իրենց ջանքերն ուղղեն տարածաշրջանում առկա հզոր մարդկային, ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսները փոխշահավետ դրական գործողությունների համար: Դա հեշտ չի լինելու: Սակայն ոչ ոք չի շահի, եթե ներկայիս լճացած եւ կործանարար իրավիճակը պահպանվի:
Բոլոր կողմերը համաձայն են, որ հակամարտության խաղաղ կարգավորումից բացի՝ այլընտրանք չկա: Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) կողմից ղեկավարվող գործընթացն օգնել է տարիներ շարունակ պահպանել երկխոսություն եւ նվազեցնել լարվածության վտանգը: Սակայն առկա իրավիճակը անկայուն է: Բանակցություններում հետագա առաջընթացի ձախողումը եւ ուղղակի թողնելը, որպեսզի իրավիճակը լճանա ու լարվածությունը բորբոքվի, այլեւս թույլատրելի տարբերակներ չեն:
Այժմ ժամանակն է, որպեսզի առաջնորդները համարձակություն եւ վճռականություն ցուցաբերեն՝ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար: 2010թ. դեկտեմբերին Աստանայում տեղի ունեցած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համաձայնության են եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ավելի վճռական ջանքերի ժամանակն է»: Մենք պետք է հարգենք այդ խոստումը:
Ինձ քաջալերում է մարտի 5-ին Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Երեք առաջնորդների համատեղ հայտարարությամբ՝ երկու կողմերը պարտավորվում են բոլոր վիճահարույց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Նրանք համաձայնել են իրականացնել շփման գծում տեղի ունեցող հրաձգությունների համատեղ հետաքննություն, ինչպես նաեւ այլ միջոցառումներ՝ լարվածությունը նվազեցնելու համար: Այն ներառում է նաեւ ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ռազմագերիների փոխանակումը: Այս ամենը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս:
Ես նաեւ ողջունում եմ հրադադարի ռեժիմն ու ռազմական ոլորտում վստահություն սերմանելու միջոցառումներն ամրապնդելու հետ կապված նախագահների վերջին համաձայնությունը: Լիտվայի նախագահությունը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նպաստի այդ համաձայնության իրականացմանը:
Իրենց խոստումներին հավատարիմ՝ կողմերը պետք է զերծ մնան ուժի սպառնալիքից կամ կիրառումից եւ շփման գծից հեռացնեն դիպուկահարներին: Հնարավոր չէ ձեւավորել վստահություն, եթե արյունահեղության հավանականությունը կախված է պարզապես մեկ կրակոցից:
Ես լիովին սատարում եմ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին՝ կապված լարվածության հետագա սաստկացումը կանխելու եւ երկխոսության պահպանման հետ: Այս երկխոսության համար կարող են օգտակար լինել վստահության ձեւավորմանն ուղղված հետագա միջոցառումները, որոնք դրական հիմք կստեղծեն խաղաղ կարգավորման համար: Շփման գծի երկայնքով մոնիտորինգի ուժեղացումը ԵԱՀԿ դաշտային առաքելության կողմից նույնպես կօգնի խթանել անվտանգությունը: Ակնկալում եմ այս հարցերը քննարկել Բաքվում եւ Երեւանում իմ հանդիպումների ժամանակ:
Հարավային Կովկասի երկրները նույնպես կարող են մեծ ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի կարողությունների եւ զարգացման հարցում: Իմ այցի ժամանակ ես կքննարկեմ ԵԱՀԿ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից 2010թ. դեկտեմբերին Աստանայի գագաթաժողովում ընդունված հավակնոտ հայտարարագրին հաջորդող գործընթացը, որը նախ եւ առաջ մասնակից պետությունների կողմից անվտանգության բոլոր ոլորտների ուղղությամբ ստանձնած պարտավորությունների ամրապնդումն ու լիարժեք իրականացումն է:
Ես նաեւ կներկայացնեմ Լիտվայի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի գերակայությունները: Բացի ձգձգված հակամարտությունների կարգավորումից, մեր ուշադրությունը կենտրոնացած կլինի առկա եւ ի հայտ եկող անդրազգային սպառնալիքներին մեր ընդհանուր արձագանքման ուժեղացմանը, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության մասին երկխոսության ամրապնդմանը:
Աստանայում մեր ղեկավարները վերահաստատեցին համապարփակ, բազմակողմ անվտանգության մասին ԵԱՀԿ պատկերացումը, որը «խաղաղության պահպանումը կապում է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի հետ»: Իրական անվտանգությունը պահանջում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, հարգանք քաղաքացիական հիմնական ազատությունների նկատմամբ եւ բաց ու լայն մասնակցություն քաղաքական կյանքում: Իմ հանդիպումների ընթացքում նախատեսում եմ քննարկել, թե ինչպես Բաքվի ԵԱՀԿ գրասենյակը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը, ինչպես նաեւ ԵԱՀԿ հաստատությունները՝ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը եւ Ազգային փոքրամասնությունների հարցերով գլխավոր հանձնակատարը, կարող են էլ ավելի աջակցել բարեփոխումներին, այդ թվում՝ ընտրությունների ոլորտում, եւ նպաստել լրատվամիջոցների ազատության ու հավաքների ազատության նկատմամբ հարգանքի խթանմանը: Ինձ համար շատ ողջունելի է Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների շարունակական համագործակցությունը ԵԱՀԿ գրասենյակների հետ եւ ակնկալում եմ այս համագործակցության ամրապնդում:
Դեռ շատ անելիք կա Աստանայում սահմանված հավակնոտ օրակարգի իրականացման ու ամենաբարձր մակարդակով տրված խոստումների կատարման ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված ջանքերին նոր շունչ հաղորդելու համար: Հուսով եմ, որ տարածաշրջան կատարած իմ այցելության ժամանակ առաջխաղացում կունենանք այս երկխոսության մասով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել