Փետրվարի կեսերին գիտնականների շրջանում դժգոհության մեծ ալիք բարձրացավ, քանի որ ուշացնում էին նրանց աշխատավարձերը: Նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ գիտական ինստիտուտներում հայտնաբերված խախտումների պատճառով կառավարությունը որոշել է սառեցնել գիտությանը հատկացվող գումարները: Կալանք էր դրվել Գիտության պետական կոմիտեի ֆինանսական հոսքերի վրա: Ի վերջո, շուրջ երկու ամիս ուշացումով գիտնականներին տրվեց աշխատավարձ: Բայց արի ու տես, որ նրանց ուրախությունը երկար չտեւեց, քանի որ նրանք դեռ չեն ստացել հավելավճարները, այսինքն՝ գիտական աստիճանի համար տրվող 10-20 հազարական դրամները: «Առավոտը» դժգոհությունների տարափ է ստանում գիտնականների կողմից, որոնք անհամբեր սպասում են հավելավճարներին: Նրանց մեծամասնությունը վրդովված հետեւյալն է ասում. «Իբր տվածները մի մեծ բան է, ընդամենը գրոշներ, այն էլ ուշացնում են: Մի՞թե դժվար է այդ գումարը ժամանակին հաշվել եւ փոխանցել գիտնականին»: «Առավոտը» ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից այս կապակցությամբ պարզաբանումներ ստացավ. «Ակադեմիան հայտ ներկայացրել է Գիտության պետական կոմիտեին, նրանք էլ խոստացել են շուտափույթ փոխանցել գումարները: Ուստի սպասում ենք»: