Լրահոս
Օրվա լրահոսը

Գրապալատի խնդիրները

Մարտ 12,2011 00:00

Տիտանական աշխատանք եւ անմխիթար շենքային պայմաններ

«Մեզ մոտ գրահրատարակչական ոլորտը կայացած չէ, որովհետեւ այն եկամտաբեր չէ: Չկա ընթերցող, գիրքը լույս է տեսնում առավելագույնը 500 տպաքանակով եւ տալիս պատվիրատուին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով Ազգային գրապալատի կողմից կազմված վիճակագրությունը, նշեց Գրապալատի տնօրեն Հովհաննես Բեքմեզյանը: Նրա փոխանցմամբ, այսօր ավելի շատ անուն գիրք է հրատարակվում, քան Խորհրդային միության տարիներին, բայց այն ժամանակ գրքի միջին տպաքանակը 10000-11000 էր, իսկ այսօր՝ 500: Հ. Բեքմեզյանի տվյալներով, այսօր Հայաստանում 314 հրատարակչական կազմակերպություն կա, որոնցից գիրք հրատարակում է 150-ը, իսկ նորմալ հրատարակչական գործունեություն վարում է 10%-ը: Նրա կարծիքով, խնդիրը ոչ թե հրատարակիչների բարձրացրած հարկային ու մաքսային արտոնություններ չունենալն է, այլ գրքերի պահանջարկը չուսումնասիրելը: 1922 թվականին ստեղծված Գրապալատը հանդիսանում է հանրապետությունում տպագիր նյութերի, ազգային մատենագիտության, գրքագիտության եւ ողջ հրատարակչական արտադրանքի պահպանության ազգային կենտրոնը:
Գրապալատում գործում են գրքի միջազգային ստանդարտ համարակալման՝ ISBN համակարգը, պարբերականների՝ ISSN եւ նոտագրական՝ ISMN, ինչի միջոցով Գրապալատը տարեկան հաշվետվություններով ներկայացվում է միջազգային կենտրոններում: «90-ականների սկզբին Հայաստանում լույս տեսած գրքերի առնվազն 70-80 տոկոսը ոչնչացավ, որովհետեւ հնարավոր չէր հաշվառել: Այս համակարգերի ներդրումով, ինչպես նաեւ ինդեքսավորման ծառայությունների մատուցմամբ, գրքերի 99%-ը հաշվառվում է, նախնական գրանցում է կատարվում Գրապալատում, գիտենք, թե ինչ է լույս տեսնում»,- ասում է Հ. Բեքմեզյանը: Գիրքը գրանցելու համար սիմվոլիկ՝ 2000-2500 հազար դրամ է պահանջվում: Արդեն 3 տարի է՝ Գրապալատը աշխատում է համակարգչային հայկական տառատեսակների ստեղծման վրա: «Համակարգչում լիքը հայկական տառատեսակներ կան, պարզվում է, որ դրանք ոչ մի չափորոշչի չեն համապատասխանում եւ շատ տառատեսակներ, որ վերցրել ենք Arial եւ Times հիմքերի վրա, դրանք կիրառելու հեղինակային իրավունք էլ չենք ունեցել: Այսօր այդ խնդիրը լուծվել է»,- հավելում է նա:
Նաեւ ասում, որ կիրառվող համակարգերի միջոցով կանոնակարգվել է ամբողջ հրատարակչական ոլորտը, մտցվել՝ հեղինակային հրատարկություն կոչված ինստիտուտը:
«Մենք վատ շենքային պայմաններ ունենք: Գրապալատի շենքի տանիքը կաթում է, այն չի վերանորոգվել 30-40 տարի: Գրապահոցը, որտեղ անձեռնմխելի ֆոնդն է, շուտով կարող է աղետալի վիճակում հայտնվել»,- փաստում է բանախոսն ու ասում, որ եթե ունենային նորմալ շենքային պայմաններ, գուցե գրատպագրության 500-ամյակին նվիրված միջազգային համաժողովներից մեկը իրենց մոտ անցկացնեին:
Գրապալատն այսօր 51 աշխատակից ունի, ֆինանսավորվում են միայն բյուջեից, չեն ցանկանում միջազգային կազմակերպություններից կախում ունենալ: Հ. Բեքմեզյանը նշեց նաեւ, որ վերջերս գնվել է էլեկտրոնային ավտոմատացման ծրագիր, որի շնորհիվ ամբողջ հայ գիրքը նաեւ էլեկտրոնային տարբերակով կա ինտերնետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել