Ամեն ինչի վերջը 40 օր է
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից որոշ բուհերում ռեկտորների պաշտոնակատարներ նշանակվեցին. մասնավորապես Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ Կորյուն Աթոյանը, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ Դերենիկ Դումանյանը, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ Արմեն Մազմանյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում՝ Հովհաննես Թոքմաջյանը եւ Գավառի պետական համալսարանում՝ Ռուզան Հակոբյանը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով եւ սահմանված ժամկետներում, ինչը մի 40 օր է ենթադրում: Ամեն ոք, ով բավարարում է մրցույթի պահանջները, ըստ Ա. Բաղդասարյանի, իրավունք ունի մասնակցելու մրցույթին, քանի որ այն բաց է: Ռեկտոր դառնալու հավակնություններ ունեցողը դրա համար պետք է փաստաթղթերը ներկայացնի ԿԳ նախարարություն, որոնք մրցույթից 10 օր առաջ կտրամադրվեն կոնկրետ բուհի կառավարման խորհրդին: Բնականաբար, այս ամենը ձեւական բնույթ է կրում, քանի որ հայաստանյան փորձը ցույց է տալիս, որ, ի վերջո, բուհի ռեկտոր ոչ թե ընտրվում են, այլ բուհին պարտադրվում է «վերեւից»: Այդ է պատճառը, որ նախարար Աշոտյանի՝ ռեկտորի պաշտոնակատարների նշանակումը (հատկապես երեւանյան բուհերի) բուռն քննարկումների տեղիք է տվել սոցիալական ցանցերում եւ մամուլում՝ ընտրությունների նախաշեմին բուհերը ՀՀԿ-ացվել են: Իսկ ովքե՞ր են «ռեկտորացուները», այսինքն՝ պոտենցիալ ռեկտորները:
Օրինակ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, 2005-ից ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, եղել է նաեւ ֆինանսների նախարարի խորհրդական, ավելի վաղ՝ Նոր Նորքի հանրակացարանի կառավարիչ, վարչապետի վերահսկողական ծառայության աշխատակից եւ այլն:
ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանը, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, նաեւ Հանրային խորհրդի անդամ է, ՀՀ նախագահի խնամի Արա Մինասյանի մտերմագույն ընկերը: Ժամանակին նաեւ նրա անունն էր շրջանառվում իբրեւ Երեւանի հնարավոր քաղաքապետ, բայց քանի որ դա չստացվեց, իշխանությունները հիմա ռեկտորությամբ են փոխհատուցում «բացը»:
Առանց գիտական աստիճանի, մեկ ձեռքի մատների թվով ներկայացումներ բեմադրելու համար արվեստի վաստակավոր գործչի կոչման արժանացած ռեժիսոր Արմեն Մազմանյանին ներկայացնելու հարկ չկա: Նա նաեւ հայտնի է Գոռ Վարդանյանի «Ճակատագիր» ֆիլմի էպիզոդներում նկարվելուց հետո նոր մեքենա ձեռք բերելով, Մայր թատրոնի տնօրեն դառնալու նկրտումներով, իր անվան հետ առնչվող մշակութային տարածքների առքուվաճառքով, Կարապետիչ- Մազմանյան դատավարության ժամանակ իր կուրսի ուսանողներին՝ իրեն «բալետ անելու» համար դատարան քարշ տալով: Ըստ մեր աղբյուրի, բուհով մեկ շրջելիս նա հայտարարել է, թե արվեստում գեներալ է, մինչդեռ շատերն այն կարծիքին են, որ իսկի եֆրեյտոր էլ չէ: Ասում են՝ Մազմանյանն արդեն սկսել է ուսումնասիրել թատերական ինստիտուտի շենքի նկուղը եւ երրորդ-չորրորդ հարկերը, ոմանց կարծիքով նա ըստ օրենքի իրավունք ունի տնտղելու իրեն հանձնվելիք տարածքը, ոմանք էլ ասում են, որ պատրաստվում է տարածքներն ուղղակի վարձով տալ:
Ինչ վերաբերում է Հովհաննես Թոքմաջյանին, նշենք, որ նրա ակունքները ՀՀՇ-ական են, նա ՀՀՇ-ի գաղափարախոս Էդվարդ Եգորյանի մտերիմ ընկերն էր, եղել է ԱԺ պատգամավոր, մեծ դերակատարություն է ունեցել Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման եւ 24-ամյա ջրամատակարարում ապահովելու գործում: Այժմ պարոն Թոքմաջյանը հրաշալի հարաբերությունների մեջ է «վերեւների» հետ:
Մնում է հավելել, որ Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը կկայանա ապրիլի 25-ին, Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտինը՝ ապրիլի 27-ին, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանինը՝ ապրիլի 29-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինը՝ ապրիլի 26-ին, իսկ Գավառի համալսարանինը՝ մայիսի 4-ին: