Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

Մարտ 12,2011 00:00

Այս տարի առաջին անգամ Սյունիքի մարզկենտրոն Կապանում կանցկացվի Բրիտանական ֆիլմերի փառատոն, որի շրջանակներում մարտի 14-16-ը Կապանի մշակույթի կենտրոնի կինոդահլիճում կցուցադրվեն մարդու իրավունքների մասին «Արբոր», «Վարդագույն սարիներ» եւ «Բաբելոնի զավակը» վավերագրական ֆիլմերը: Անգլերեն ցուցադրվելիք ֆիլմերը կունենան հայերերն ենթագրեր: Կապանում Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը աջակցում է «Երկյակ» հասարակական կազմակերպությունը, ֆիլմերը կապանցի հանդիսատեսի համար ցուցադրվելու են անվճար:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ու Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Հայաստանում ամենամյա դարձած Բրիտանական ֆիլմերի փառատոնի նախաձեռնող խումբը՝ փառատոնին ընդառաջ, երեկ Կապանի քաղաքապետարանում ուսանողների, տեղական հ/կ ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինար էր կազմակերպել՝ «Կինոն եւ հասարակությունը» թեմայով: Սեմինարի նախաձեռնողները նշեցին, որ վավերագրական ֆիլմերի միջոցով հնարավոր է փոխել մարդկանց կյանքը, ուստիեւ իրենք օգնում են նմանատիպ ֆիլմերի ստեղծմանն ու ցուցադրմանը: «Վավերագրական ֆիլմերի հիմնադրամի» լոնդոնյան գրասենյակի ներկայացուցիչ Սառա Ռոսը տեղեկացրեց, որ 2005թ.-ից ստեղծել են 50 ֆիլմ, որոնց համար ընտրված թեմաները՝ բնապահպանական, մարդու իրավունքների, արտագաղթ-ներգաղթի, մարդկային տարբեր ճակատագրերի մասին եւ այլն, համահունչ են ոչ միայն Մեծ Բրիտանիայի, այլեւ աշխարհի շատ երկրների մարդկային կյանքին:
Սեմինար-հանդիպման ժամանակ հավաքվածները դիտեցին Բրիտանիայում մեծ հնչեղություն ստացած «Հիմարների դարը» բնապահպանական մոտիվներով նկարահանված ֆիլմից որոշ հատվածներ: Հասարակական կազմակերպությունների պատասխանատուները խոսեցին Կապանի բնապահպանական խնդիրների մասին, հյուրերին պատմեցին հանքագործների իրավունքների ոտնահարման, խիստ ցածր աշխատավարձերի մասին, նրանց կյանքի անվտանգությանը վերաբերող որոշ մանրամասներ ներկայացրին, որոնք կարող են ծնվելիք ֆիլմերի համար սցենարներ դառնալ ու շատ բնորոշ կլինեն տարածաշրջանի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել