Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՈՒՏՔԸ՝ ԿԵՂՏԻ ՄԵՋ

Մարտ 12,2011 00:00

Հայ-վրացական սահմանով՝ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան ելումուտ անողները ոտքով են անցնում սահման Դեբեդի վրա ձգվող կամուրջը: Կարգն է այդպիսին: Ու տեսնում ես Դեբեդի հայկական ափին, սահմանին անձնագրային ստուգում իրականացնող ծառայության խցից ներքեւ գտնվող մեծ աղբակույտը: 2010թ. նոյեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի Բագրատաշենի մաքսակետ այցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հայացքը դեպի հայ-վրացական սահման հառած՝ երկրի ղեկավարին բացատրություններ էր տալիս մաքսակետի կառուցապատման ծրագրերի, այդ ոլորտում եվրոպական առաջավոր փորձի կիրառման մասին: Նրա խոսքով՝ Հայաստան-Եվրամիություն Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրով Հայաստանը պարտավորվել է սահմանային անցման կետերում գործող գերատեսչությունների միջեւ համագործակցությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: 2009 թվականի հոկտեմբերից ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակը իրականացնում է «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման» ծրագիրը: Այս ամենով հանդերձ՝ Բագրատաշենի մաքսակետի տարածքը տարիներ շարունակ կեղտի մեջ է, ակնհայտ է, որ սա մաքսակետում աշխատող ծառայությունների աշխատակիցների ձեռքի գործն է: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայերիս կոչ է անում չնախանձել վրացիներին: Բայց Դեբեդի մյուս՝ վրացական ափին, Սադախլոյի մաքսակետի տարածքում նման «անտերություն» չկա:
Իհարկե, Բագրատաշենի մաքսակետի աշխատողներին քիչ է մնում սպասել: Գարնանը Դեբեդը կվարարի եւ կսրբի այդ աղբակույտը: Բայց դրանից հետո հարկ է օրինակ վերցնել թեկուզ վրացիներից: Նախանձելը պարտադիր չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել