Շիրակի մարզի ճակնդեղացան Կառնուտ, Արեւիկ, Նոր կյանք, Առափի, Մրգաշեն համայնքների, շաքարի գործարանի սեփականատեր «ԱլեքսԳրիգ» ընկերության ներկայացուցիչները եւ Ախուրյանի շաքարի գործարանի տնօրենը հանդիպել են գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Նախարարությունից տեղեկացանք, թե Սերգո Կարապետյանը ասել է, որ շահույթ պետք է ստանա եւ գյուղացին, եւ գործարարը ու նկատել. «հանդիպման նպատակը փոխադարձաբար ընդունելի պայմաններով պայմանավորվածություն ձեռք բերելն է»:
Ըստ գյուղնախարարի եւ շաքարի գործարանի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի միջեւ ձեռք բերված համաձայնության, շաքարի ճակնդեղ մշակող գյուղական տնտեսություններին շահագրգռելու նպատակով մեկ կգ-ի մթերման գինը կավելանա 10 դրամով՝ դառնալով 35 դրամ:
Քննարկման ժամանակ կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որ այս տարի 1000 հեկտար շաքարի ճակնդեղ ցանելու հեռանկարը իրական է: Նախքան գյուղացին կստանա բերքը, գործարանի տնօրինությունը նրանց քննարկմանը կներկայացնի մթերման պայմանագրի նոր տարբերակը, որով գյուղացիները հստակ երաշխիքներ կստանան:
Քննարկվում են նաեւ գործարանի օգնությամբ որակյալ սերմացուի ձեռքբերման, արտադրական թափոնները որպես անասնակեր գյուղացիներին տրամադրելու եւ համանման այլ հարցեր: