Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագրեր արդեն կան

Մարտ 12,2011 00:00

«Առավոտը» երկու տարի առաջ՝ 2009-ի հունվարի 16-ին «Եվրառեգիո՝ Հայաստանի հյուսիսում» հրապարակմամբ տեղեկացրել է, որ Եվրոպայում առաջին տարին չէ, որ առանձնակի ուշադրություն եւ մեծ փողեր են հատկացվում անդրսահմանային համագործակցությանը՝ երկու եւ ավելի երկրների սահմանամերձ շրջանների միասնական զարգացմանը: Սահմանամերձ շրջանները ստեղծում են մեկ իրավաբանական միավոր եւ ծրագրեր իրականացնում որպես մեկ միավոր՝ Եվրառեգիո: Եվրոպայում կա 185 Եվրառեգիո: Եվրառեգիոներ են ստեղծվել անգամ ցամաքային սահման չունեցող կղզիների հարեւան ափերին, գերմանա-չեխական սահմանին այժմ կա չորս Եվրառեգիո, ուր ներառված է գերմանական յոթ եւ չեխական վեց շրջան, դրանց են միացել ավստրիական երկու օկրուգ, իսկ ընդամենը՝ 350 գյուղական եւ քաղաքային բնակավայր: Այն ժամանակ գրել էինք, որ Եվրառեգիո ստեղծելու քայլեր արվում են նաեւ Հայաստանում՝ հայ-վրացական սահմանում՝ ընդգրկելով հայկական երեք մարզ՝ Շիրակ, Տավուշ, Լոռի եւ վրացական չորս շրջան:
Ծրագրի շրջանակներում Վրաստանի 4 եւ Հայաստանի 5 համայնքներում փորձնական ծրագրեր կիրականացվեն: Մետալուրգիական քաղաք Ալավերդիում, օրինակ՝ «Հանուն մաքուր ապագայի» ծրագիրը, իսկ Վանաձոր, Դիլիջան, Իջեւան քաղաքներում՝ «Տուրիզմի զարգացում, ռազմավարություն»: Լոռու մարզում տեսարժան վայրերը շատ են, սակայն չկան համապատասխան կոմունիկացիաներ: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հույս ունի, որ մարզկենտրոնն իր հյուրանոցներով կարող է լավ սկիզբ լինել ծրագրի զարգացման համար:
Վանաձոր եւ Տաշիր համայնքներում «Տնտեսության համագործակցություն» ծրագիրը կիրականացվի՝ միտված մանր եւ միջին բիզնեսի զարգացմանը: «Եթե մենք 10 հազար եվրո տանք քիմգործարանին, դա իմաստ չի ունենա, բայց յուրաքանչյուր գյուղաբնակ ընտանիքի 1000 եվրոյի կենդանիներ տալով՝ կզարգացնենք համայնքները»,- վստահ են Վանաձոր եւ Տաշիր համայնքների ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել