Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴԻ ՀԱՇՎԻՆ ԲԺԻՇԿ ՉԵՄ ԿԵՐԱԿՐԻ

Մարտ 12,2011 00:00

\"\"Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում նախօրոք հայտարարված 30 փոքր դեղատների տնօրենների բողոքի ակցիային ընդամենը 3 դեղատան տնօրեն էր եկել: Կազմակերպիչ Գառնիկ Սահակյանը երեւույթը բացատրում է վախով եւ ստվերային դաշտում աշխատելով: Բողոքի առիթը ՀՀ վարչական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ առողջապահության նախարարության առաջարկն է, ըստ որի՝ դեղատոմսով բաց թողնվող դեղերը առանց դեղատոմսի վաճառելու դեպքում դեղատները կտուգանվեն 300 հազար դրամի չափով, իսկ նորմատիվային պահանջներին չբավարարող դեղատոմսերով դեղ դուրս գրելու դեպքում՝ բժիշկը կտուգանվի 50 հազար դրամ: Գառնիկ Սահակյանի կարծիքով, ոչ մի բժիշկ-դեղագետ օրենքի փոփոխությանը դեմ չի լինի, եթե գործընթացը սկսեն՝ վերացնելով հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների կողմից հիվանդներին դեղատոմսերով կոնկրետ դեղատներ ուղղորդումը: Եթե սա վերացվի, հավասար դաշտ ստեղծվի, ստվերում աշխատողներ չեն լինի:
Գառնիկ Սահակյանը կարծում է, որ օրենսդիրը այս քայլով մոնոպոլացնում է շուկան: «Այսօր դեղերի մեծածախ շուկան գտնվում է մի քանի մոնոպոլիաների ձեռքին, որոնք հարյուրից ավելի դեղատուն ունեն հանրապետությունում, հիմա էլ կփակվեն բժիշկների ուղղորդումներից դուրս եւ վնասով աշխատող դեղատները, եւ դաշտը կմնա նրանց ձեռքին»,- ասում է Գառնիկ Սահակյանը:
Գառնիկ Սահակյանը բացատրում է, որ 400 անուն դեղ վաճառվում է առանց դեղատոմսի, իսկ մնացած դեղերը, որոնք պարտավոր են բաց թողնել դեղատոմսով, մեր իրականության մեջ բաց են թողնում հիմնականում առանց դեղատոմսի: Խախտում են օրենքը, քանի որ բժիշկները ուղղորդում են հիվանդներին: «Ես որեւէ մեկի հետ նման առուծախի մեջ չեմ մտել, թեպետ ժամանակին առաջարկել են հիվանդներ ուղարկել, պայմանով, որ եկամտի 10 տոկոսը տամ բժշկին: Բայց հրաժարվել եմ: Հիվանդի հաշվին բժիշկ չեմ կերակրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել