Գազազած գայլերի հարձակումներից ազատվելու եւ նրանց թվաքանակը կրճատելու համար յուրաքանչյուր սպանված գայլի համար կառավարությունը 100 հազար դրամ է խոստանում: Այդ առիթով ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10-ի N123-Ն որոշմամբ եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է «Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման հանձնաժողով»: Այն կկատարի գայլերի որսն իրականացնող անձանց գրանցումը (որսորդական վկայականի եւ սահմանված կարգով տրված զենք պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում) եւ կապահովի որսորդների կողմից որսված գայլերի մորթիների դիմաց սահմանված կարգով ընդունման գործընթացը: Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, մինչ օրս հանձնաժողովին սահմանված կարգով հանձնվել է 32 գայլի մորթի, որոնց վճարումները կիրականացվի օրենքով սահմանված կարգով: Ի գիտություն որսորդների՝ նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ավարտվել է 2010-11թթ. որսաշրջանը, եւ այն որսորդները, որոնք ցանկություն կունենան որսաշրջանից դուրս գայլի որս իրականացնել՝ պետք է ստանան հանձնաժողովի կողմից տրված անվանական թույլտվություն, որտեղ նշվում են որսի իրականացման տարածքը, ժամկետը եւ ձեւը: