Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գոմաղբի հոտին հարմարվե՞ն

Մարտ 12,2011 00:00

Մարդիկ գարշահոտությունից խեղդվում են, քանի որ ոչ մի մարմին չի արգելում նման պայմաններում բիզնես ծավալելը

Եղվարդ քաղաքի բնակիչներից մեկը սնկի բիզնես է իրականացնում, սակայն աճեցման գործընթացը այնպիսի պայմաններում է կազմակերպում, որ հարակից տարածքի բնակիչները գարշահոտությունից խեղդվում են:
Օրերս «Առավոտին» էին դիմել Եղվարդի Նատի թաղամասի մի խումբ բնակիչներ. «Մենք չենք կարողանում ո՛չ  պատուհան բացել, ո՛չ էլ բակ դուրս գալ: Օդը շատ ծանր է ու գարշահոտությունն էլ՝ անտանելի»:
Առաջին հայացքից թվում է՝ սունկ աճեցնելը «անշառ» բիզնես է եւ որեւէ մեկին չի կարող վնաս պատճառել, սակայն, ինչպես մասնագետներն են վստահեցնում, սունկը աճեցնում են գոմաղբի մեջ, ինչի արդյունքում էլ բավականին մեծ շառավղով կարող է գարշահոտություն տարածվել:
Արդյոք կարելի՞ է սունկ աճեցնել ցանկացած վայրում եւ ի՞նչ նորմեր են սահմանված նման բիզնեսի համար, փորձեցինք ճշտել գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանից: Ըստ վարչության պետի, որեւէ օրենք չկա, որը կարգելի բնակավայրին մոտ տարածքում սունկ աճեցնել: Պարոն Մանուչարյանի խոսքերով՝ «Այսօր մարդիկ անգամ իրենց սեփական բնակարանում կամ տան, շենքի նկուղում կարող են սունկ աճեցնել: Դրանով նրանք ոչ մի վնաս չեն պատճառում իրենց հարեւաններին»: Մեր այն հարցին՝ իսկ օդում տարածվող գարշահոտությունը  վնաս չէ՞ շրջապատին, պարոն Մանուչարյանն ասաց. «Քանի որ սունկը աճեցնում են կոմպոստով, այսինքն ձիու կամ ոչխարի գոմաղբով, որին հավի ծերտ եւ գիպս են խառնում, վատ հոտ է գալիս: Բայց այդտեղ ոչ մի վատ բան չկա: Ասենք, տնամերձ տարածքում մարդը կարող է սունկ աճեցնել: Դա նույն բանն է, որ գյուղացուն ասենք՝ անասուն մի պահի կամ գոմ մի պահի, որովհետեւ հոտ է գալիս: Հատկապես որ, ավանատիպ բնակավայրեր են, ու մարդիկ հողամասեր ունեն, կարող են նաեւ սունկ աճեցնել: Գոմաղբ է, էլի, հո թունաքիմիկատ չէ՞, որ վնասակար լինի: Սունկ աճեցնելու համար նման սահմանափակում չկա, լիցենզիա են ստանում եւ աճեցնում»:
Պարոն Մանուչարյանը մեկ այլ օրինակ էլ բերեց՝ գոմաղբի գարշահոտության հետ կապված. «Ասենք, ես ունեմ հողամաս, պետք է, չէ՞, գոմաղբով ու թունաքիմիկատով պարարտացնեմ հողը: Հոտ է գալու՝ պարզ է, ի՞նչ է, հարեւանս պետք է բողոքի՞»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել