Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՂԵՎՆԻՆ ՄՈԴԱ ՉԷ»

Մարտ 12,2011 00:00

\"\"Գյումրիի քաղաքապետարանը մոտ  6000 դոլար է ծախսում՝ կենտրոնական հրապարակը եղեւնիներից ազատելու համար

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաները որոշել են ոչ թե ինքնագլուխ ծառահատել եղեւնիները, այլ լսել հասարակական կարծիքն այս թեմայի շուրջ: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում բնապահպանների, հասարակական գործիչների ու քաղաքապետարանի պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում: Մասնակիցներին մասնավորապես հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների նյարդերի վրա այդպես ազդում փշատերեւ այս ծառատեսակը, ինչո՞ւ է այս նեղ պահին, երբ քաղաքում հազար ու մի խնդիրներ կան՝ երկրորդական փողոցները թաղված են ցեխի ու մթի մեջ, քաղաքապետարանը իրեն նման շռայլություն թույլ տալիս: Եվ, ի վերջո, ո՞րն է քաղաքի կենտրոնը ծառազուրկ դարձնելու իմաստը, երբ Գյումրին առանց այն էլ զուրկ է թթվածնից ու բուսականությունից: Մասնագետների հավաստմամբ, ըստ բնապահպանական նորմերի, յուրաքանչյուր մարդու պետք է բաժին ընկնի 21 քմ տարածք, մինչդեռ Գյումրիում բաժին է ընկնում  8 քմ:
Տեղեկացնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը մտադրված է հրապարակի 6 եղեւնիները տեղափոխել «Մայր Հայաստան»  հուշահամալիրի տարածք՝ այսպիսով յուրաքանչյուր ծառի համար ծախսելով մոտ 313 000 դրամ: Մտադրված են ազատվել նաեւ կենտրոնական՝ Արագածի փողոցի եղեւնիներից: Քաղաքապետարանի պաշտոնյաների մեկնաբանմամբ, եղեւնիները խաթարում են կենտրոնական հրապարակի ճարտարապետական տեսքը, եւ սա ոչ այնքան բնապահպանական խնդիր է, որքան քաղաքաշինական: Թեեւ նշենք, որ  քաղաքապետարանի դենդրոլոգ Ազատ Խաչատրյանի համոզմամբ, Գյումրիի եղեւնիներն իրենց տարիքն արդեն առել են, ծերացած են, եւ ուր էլ տեղափոխեն՝ երկու տարի հետո ստիպված են «հանել ու թափել»: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ այսպես է մեկնաբանում ծառերից ազատվելու իրենց մտադրությունը. «Համաշխարհային ճարտարապետության ու քաղաքաշինության պատմության մեջ չեմ հիշում մի կենտրոնական հրապարակ, որ այդպիսի հագեցվածություն ունենա ծառերով. սկսենք Սուրբ Պետրոսի հրապարակից, վերջացնենք մեր գիտեցած Երեւանի հրապարակով: Նման հրապարակների մեջ թերեւս միակը Մոսկվայի Կարմիր հրապարակն է, որտեղ կան եղեւնիներ, էն էլ մի կողմի վրա, որը թաքցնում է գերեզմանները եւ պարիսպները: Ամեն դեպքում, Գումի, Վասիլի Բլաժենովի տաճարի, հրապարակի դիմաց նման ծառեր չկան: Կանաչապատումը, ատրիբուտները պետք է լրացնեն քաղաքի բացթողումները, բայց, փառք Աստծո, մեր հրապարակը լավագույն հրապարակներից մեկն է, եւ մենք թաքցնելու ոչինչ չունենք»: Ճարտարապետը Գյումրին համեմատեց նաեւ եվրոպական քաղաքների կենտրոնական հրապարակների հետ, ինչն էլ զարմանալու առիթ տվեց մասնակիցներին: Նրանք հետաքրքրվեցին, թե Գյումրին՝ ո՜ւր, Եվրոպան՝ ո՜ւր, եւ եթե քաղաքապետարանն այդպես ձգտում է նմանվել Եվրոպային, ապա ինչո՞ւ չի վերցնում եվրոպական քաղաքների երկրորդական  փողոցների օրինակը:
Նկատենք, որ առավել հետաքրքիր էին Գյումրիի քաղաքապետի գլխավոր խորհրդական Լեւոն Խաչատրյանի մեկնաբանությունները: Նրա  խոսքից այնպես հասկացվեց, որ եղեւնիները այլեւս «մոդա» չեն: «Ի տխրություն մեզ, պիտի ասեմ, որ կանաչապատումը, ծառերը յուրաքանչյուր էպոխայում փոխվել են: Կանաչապատումը փոխվել է քաղաքաշինական, ճարտարապետական խնդիրների հետ մեկտեղ: Եղեւնին ու սոճին մաքուր ռուսական խորհրդանիշներ են, բայց  ես նայեցի կենտրոնական Ռուսաստանի նկարները, Ուրալ եւ այլն, խնդրում եմ ինձ հավատաք, որ այնտեղ կենտրոնական փողոցները երբեք չեն ծառապատվել եղեւնիներով ու սոճիներով: Երբ թաղում էին հեղափոխության հերոսներին, մտածում էին, որ նրանց խոսքը հավերժ կանաչ է, ինչպես եղեւնիները, եւ սկսեցին եղեւնիներ տնկել կենտրոնական հրապարակներում: Մեր քաղաքում կատարվել է ահավոր սխալ, հիմա եղեւնիները տնկվել են, ի՞նչ պիտի անենք», – հարցրեց խորհրդականը: Ըստ նրա, իրենք դիմել են լիցենզավորված «Լանդշաֆտ դիզայն» կազմակերպությանը, որը ուսումնասիրել ու եզրակացրել է, թե  որ ծառերն է հնարավոր տեղափոխել, որը՝ ոչ: «Այնպես ենք անելու, որ ոչ շիշը վառվի, ոչ քյաբաբը»,- ասաց Լեւոն Խաչատրյանը: Մի խոսքով, բազմաթիվ կարծիքներ ու քննադատություններ հնչեցին, սակայն Լեւոն Խաչատրյանը մնաց անդրդվելի: Նա իր եզրափակիչ խոսքում ասաց. «Գյումրին առանց այն  էլ ցուրտ քաղաք է, եւ եղեւնին մեր սեւ, գորշ միջավայրի հետ հարիր չէ, եղեւնուն նայելիս ես մրսում եմ, ի՞նչ եք գտել եղեւնու մեջ»:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով էլ, Գյումրիում մինչեւ վերջին մարդը չունենա տուն, մինչեւ բոլոր փողոցները չունենան աղբարկղեր ու «խելքի չգան», չարժի ծառ տեղափոխելու համար անգամ հարյուր դրամ ծախսել: Ներկաներից մեկը, երբ իմացավ, թե ինչքան գումար է քաղաքապետարանը նախատեսում ծախսել եղեւնիների տեղափոխման համար, հարցրեց. «Բա ամոթ չէ՞»: «Մենք էլ ամաչելով կանենք»,-հակադարձեց  քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել