Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«…ԵԹԵ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԿՈՒՏԱԿՎԻ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ՁԵՌՔՈՒՄ»

Մարտ 12,2011 00:00

Զգուշացնում է ԱՄՀ ներկայացուցիչը

Հայաստանի տնտեսության զարգացման համար լուրջ խոչընդոտներ կան, որոնք առաջացել են ոչ միայն ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, այլեւ դրանից առաջ եւ հետո: Սա Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ԱՄՀ) ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսայի գնահատականն է, որը երեկ ներկայացվեց «Հայաստանի տնտեսությունը: Հայացք դրսից» թեմայով քննարկման ժամանակ:
Պարոն Տոլոսայի խոսքով, ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանը ամենահետին տեղերն է զբաղեցնում առեւտրի ծավալների եւ արտասահմանցի գործընկերների հարցում: Հակառակը՝ առաջին տեղերում է գնաճի ցուցանիշով, ինչը լուրջ խնդիր է տնտեսության զարգացման համար: Պարոն Տոլոսան հույս հայտնեց, որ առաջիկայում միջազգային շուկայում սպասվող գների նվազումն իր ազդեցությունը կթողնի հայկական շուկայի վրա, սակայն մյուս կողմից էլ նա նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային գնանկումը չի արտացոլվում ՀՀ տնտեսության մեջ: Անդրադառնալով 2000-ական թվականներին արձանագրված տնտեսական երկնիշ ցուցանիշին՝ ԱՄՀ ներկայացուցիչը նշեց, որ այն մեծապես պայմանավորված էր շինարարության ոլորտի աճով. «Իսկ հետագայում փորձագետները եկան այն մտքին, որ այդ տարիներին արձանագրված տնտեսական աճը փուչիկ էր՝ հիմնված մեծածավալ շինարարության վրա: Եվ Հայաստանը չօգտագործեց իր հնարավորությունները՝ մի շարք խնդիրներ լուծելու համար»: Պարոն Տոլոսայի մեկնաբանմամբ՝ ՀՀ տնտեսության առաջ այսօր 2 տիպի խնդիր է ծառացել՝ կառուցվածքային եւ ինքնըստինքյան առաջացող: Խնդիրները չմանրամասնելով՝ նա նշեց, որ տնտեսության աճի դանդաղումը պայմանավորված է նաեւ քաղաքական գործոնով. «Հայաստանը գտնվում է ոչ բարենպաստ դիրքերում իր որոշ հարեւանների հետ եւ շատ մեծ հեռավորության վրա է այնպիսի համաշխարհային շուկաներից, ինչպիսիք են Ամերիկայի, Եվրամիության եւ Չինաստանի շուկաները»:
Պարոն Տոլոսան մտահոգություն հայտնեց նաեւ ՀՀ արտաքին պարտքի աճի հետ կապված՝ նշելով, որ այն լուրջ խնդիրներ է ստեղծում տնտեսության հետագա զարգացման համար: Փորձագետի համոզմամբ, լուրջ մարտահրավեր է այն, որ Հայաստանի քաղաքացիներն իրենց գործարքներն ու խնայողությունները կատարում են օտարերկրյա արժույթների միջոցով. «Ճգնաժամը չօգնեց Հայաստանին դառնալ մրցունակ իր գործընկերների համար, Հայաստանը թանկ երկիր է: Արտահանվող հայկական ապրանքները վերջին շրջանում 50%-ով թանկացել են»: Պարոն Տոլոսայի կարծիքով, Հայաստանի զարգացման ներուժը հայկական սփյուռքն է, բայց այս ռեսուրսներն էլ լիովին չեն օգտագործվում, մինչդեռ դրանք լիովին օգտագործելու դեպքում Հայաստանի տնտեսության զարգացման համար լուրջ խթան կդառնար:
Քննարկման մասնակից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը պարոն Տոլոսային խնդրեց ներկայացնել ՀՀ տնտեսության առաջ ծառացած խնդիրների պատճառները: Ի պատասխան՝ պարոն Տոլոսան ասաց, որ պատճառներից մեկը Հայաստանում բիզնես-միջավայրի դանդաղ աճն է: Անթուերփ համալսարանի պրոֆեսոր Վան Հուֆ Լիլիանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե միգուցե խնդիրները երկրում ժողովրդավարության պակասո՞վ են պայմանավորված: Ի պատասխան՝ Տոլոսան նկատեց. «Հայաստանում իշխանական լծակներ ունեցող անձանց ձեռքում է հարստությունը կուտակվում, մինչդեռ Հայաստանը կշահի, եթե կանխի նման հնարավորությունը ու հավասար պայմաններ ընձեռի բոլորին»: Քննարկմանը միացավ նաեւ Վերակառուցման եւ զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը՝ հավելելով ՀՀ տնտեսության առաջ ծառացած խնդիրների ցանկը. «Տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով լուրջ խնդիր կա: Հայաստանն ավելի շատ ներկրում, քան արտահանում է, որովհետեւ այն, ինչ արտադրում է՝ հազիվ տեղական շուկային է կարողանում բավարարել»: Նա հավելեց, որ, ի տարբերություն հարեւան երկրների, Հայաստանում բարձր են տրանսպորտի գները, իսկ հիմնական մարտահրավերը, ըստ պարոն Ռազլոգի, վատ բիզնես- միջավայրն է: Նա նշեց, որ 2009-10 թվականներին Համաշխարհային բանկի հետ համատեղ անցկացրած հետազոտությամբ պարզել են, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը ներքին ստվերային տնտեսությունն է: Հետազոտված մոտ 350 գործարարները խնդիրներից առանձնացրել են նաեւ քաղաքական անկայունությունը, մաքսային ու հարկային վարչարարությունը: ԵԱՀԿ ներկայացուցիչ Սերգեյ Կապինոսն էլ նկատեց, որ Հայաստանի տնտեսության խնդիրները պայմանավորված են 1990-ականներից եկող օլիգոպոլիաներով: Իսկ հնարավո՞ր է օլիգոպոլիաները վերացնել՝ առանց արտաքին ուժերի միջամտության՝ հարցով նա դիմեց պարոն Տոլոսային: «Որոշ ծրագրեր արդեն իրականացրել ենք, բայց դրանք հաջողություն չունեցան ու կառուցվածքային փոփոխություններ չարձանագրեցին: Քանի որ կառավարման արդյունավետության պակաս կա՝ ծրագրերը իրավիճակը կբարելավեն այն դեպքում, երբ կատարվեն համակարգային ու կառավարման փոփոխություններ: Այս ասելով՝ չպետք է միայն հասկանալ գյուղատնտեսության ոլորտը զարգացնելը, գների նվազում ապահովելն ու ներկրման ծավալները նվազեցնելը: Արմատական փոփոխություններ են հարկավոր»,- պատասխանեց պարոն Տոլոսան:
Մերիլենդ համալսարանի պրոֆեսոր Մարի Անն Սփիլմանն էլ Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական խնդիրը տեսնում է բիզնեսի ծախսերի կանխատեսելիության մեջ. «Արտասահմանցի ներդնողների համար դժվար է կանխատեսել ապագայի ծախսերն ու խնդիրները, ինչը բերում է նրան, որ արտասահմանցի գործարարները Հայաստանին չեն նայում որպես միջազգային ներդրման միջավայր»: Տիկին Սփիլմանի խոսքով, սփյուռքը եւս հնարավորություններ է փնտրում Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու, սակայն նրանք նույնպես բախվում են բիզնես-միջավայրի անկայունության ու անկանխատեսելիության խնդրին. «Սա պայմանավորված է համակարգի վատ կառավարմամբ»:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն էլ նկատեց, որ երկրում սոցիալական պատկերը շատ արագ փոխվում է, եւ վերջին 10 տարիներին աղքատության ցուցանիշը կտրուկ աճել է՝ հասնելով 34,1%-ի: Պարոն Սարգսյանի խոսքով, վիճակը մեղմելու նկատառումով ՀՀ կառավարությունը 2011 թվականի պետբյուջեով սահմանված սոցիալական ծախսերը սահմանել է նույնը, ինչ 2008-ին էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել