Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ակտիվիստներից թռուցիկներն էլի խլել են

Մարտ 12,2011 00:00

Էրեբունիում «մարդամեջ» էր դուրս եկել ոստիկանների «փոխարինող» կազմը

Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի՝ բացառապես Էրեբունիի կառույցի ներկայացուցիչները այդ համայնքում, ինչպես Կոնգրեսի բոլոր հանրահավաքներից առաջ, մարտի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թերթիկներ են բաժանել: Սակայն հերթական անգամ այդ խաղաղ ու միանգամայն քաղաքակիրթ պրոցեսը, որը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից համակրանք չվայելող հեղափոխության հետ ոչ մի աղերս չուներ, դարձյալ ոստիկանների համար աննկատ չի անցել: Էրեբունիի Աթոյան փողոցում իրազեկող թերթիկներ բաժանելիս երիտասարդներին են մոտեցել երկու համազգեստավոր ոստիկաններ: Նրանք ներկայացել են, ցույց են տվել իրենց վկայականները, ասել են, թե դեմքով ճանաչում են երիտասարդներին ու, տեղեկանալով, որ վերջիններս ընդամենը թերթիկ են բաժանում, մի երկու թերթիկ են խնդրել, ծանոթացել են դրա բովանդակությանն ու հարցրել՝ «իսկ չի՞ լինի, որ չբաժանեք»: Երիտասարդները, բնականաբար, տեղի չեն տվել՝ «իսկ ինչո՞ւ չբաժանենք»: Ու մինչ ոստիկաններն ու ՀԱԿ ակտիվիստները զրուցել են, վերջիններիս մոտեցել են մոտ 7 հոգի եւ երիտասարդների թիկունքից խլել են նրանց ձեռքին եղած շուրջ 100 թերթիկները, սպառնացել են, որ ակտիվիստներն էդ կողմերում էլ չերեւան, թե չէ՝ նրանց ոտքերը կջարդեն, ու ծլկել, մտել են Աթոյան 11 շենքում գտնվող ՀՀԿ գրասենյակ, որն, ի դեպ, տեղակայված է համատիրության տարածքում: Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանների ներկայությամբ ու նրանց լռելյայն համաձայնության պայմաններում: Այն, որ տեղի ունեցած սադրանքն ավելի լուրջ միջադեպի չի վերածվել՝ ընդդիմադիր ակտիվիստների զգոնության ու զսպվածության արդյունքն է եղել:
ՀԱԿ ակտիվիստները, իհարկե, դրանից հետո էլ են շարունակել թերթիկները բաժանել: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց ՀԱԿ-ի Էրեբունի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Տեր-Պետրոսյանը: Նա ասաց, թե նման դեպքերն արդեն սովորական են դարձել, եւ որ այդ առնչությամբ որեւէ հայտարարություն անելն անիմաստ էլ է դարձել: Իսկ իրազեկման թերթիկներն այդ ու նաեւ Երեւանի մյուս համայնքներում շարունակվելու են բաժանվել: «Նման միջադեպերով մեզ հնարավոր չէ վախեցնել»,- ասաց Տ. Տեր-Պետրոսյանը: Հիշեցնենք, որ թերթիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների դեմ համանման մի միջադեպ էլ, որն ուղեկցվել էր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դեմ բռնության գործադրմամբ, տեղի էր ունեցել նաեւ մարտի 1-ի հանրահավաքից առաջ: Այն ժամանակ դրա հրահրողն ու ակտիվ մասնակիցները ոստիկաններին հավասար նաեւ «թաղի տղերքն» էին եղել: Այս դեպքը, սակայն, Տ. Տեր-Պետրոսյանի ասելով, նախորդի հետ կապ չուներ:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական «փետրավորների» խուլիգանական արարքին, ապա նրանք, թերեւս, պակաս մտահոգված չեն հասարակական ակտիվ ընդվզման փաստով ու ընդդիմության բազմամարդ հանրահավաքներով, ուստիեւ՝ փորձել են իրենց լուման ներդնել իշխանությունը բռնաճնշումներով պահելու իրենց ավագ զինակիցների գործին:
Ի դեպ, մարտի 1-ի հանրահավաքից առաջ ՀԱԿ-ի Էրեբունիի շտաբի պետը նաեւ ահազանգել էր ոստիկանների կողմից հանրահավաքի պոտենցիալ մասնակիցների՝ քաղաքականապես ակտիվ քաղաքացիների տուն այցելությունների, նրանց ոստիկանության բաժին «զրույցի» հրավիրելու մասին: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք այս անգամ նման ահազանգեր կա՞ն: «Ոչ, այս պահին չկան»,- ասաց Կոնգրեսի ներկայացուցիչը՝ հեգնանքով հիշեցնելով, որ մինչեւ մարտի 17-ը դեռ ժամանակ կա: Ի դեպ, մարտի 1-ի հանրահավաքից ոստիկանության աշխատակիցները ՀԱԿ ակտիվիստների հետ զրույցներում տարակուսել էին, թե՝ «էդքան բանը ձեր վրա չազդեց, էլի, միտինգին գնացիք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել