Վստահ է «Առավոտի» զրուցակից, ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանը (Կուկ)
– «Ով մեզ հետ չէ, դավաճան է» դարձվածքը, որը վերջին շրջանում ամրագրվեց հայաստանյան իրականության մեջ, կարծես նոր բաժանումներ մտցրեց հասարակական-քաղաքական կյանքում: Մի մասնավոր զրույցում Դուք բավականին յուրօրինակ մեկնաբանություն տվեցիք դրան:
– Իմ պատկերացմամբ, եթե նման արտահայտություն հնչել է, ապա միտքը հետեւյալն է՝ ով անտարբեր է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, զարգացումներին՝ նա դավաճան է: Բայց այդ դավաճանությունը ոչ թե որեւէ քաղաքական միավորի կամ անձի է վերաբերվում, այլ նման մարդը դավաճանում է ինքն իրեն, իր ընտանիքին, իր երկրին: Այստեղ այլ խնդիր կա. եղել է մարտի 1, ունենք 10 զոհ, կալանավորվել են մարդիկ, ովքեր պայքարել են ազատության համար, այսօր այդ ամենի նկատմամբ անտարբերությունը հավասար է դավաճանության: Եվ կրկնում եմ՝ այդ անտարբերությունը դավաճանություն է սեփական անձին, սեփական ազատությանը: Դա հատկապես աններելի է արվեստագետներին, ովքեր թվում է, թե ազատության կրողներ են: Մարդն ասում է՝ ես մոլորված եմ: Ինչպե՞ս կարող ես երեք տարի շարունակ մոլորված լինել: Մարդը կարող է սխալվել, բայց միշտ նրան հնարավորություն է տրվում իր սխալը հասկանալու եւ ուղղվելու: Թե չէ՝ այսօր Նիկոլը նստած է ազատության պայքարի համար, ասում են՝ լավ, ուրեմն մի բան արել էր, ՀՀ Սահմանադրությունը խախտելով զորքը հանել են ընդդիմության դեմ, ասում են՝ մի բան արել էին: Երեք տարի առաջ 10 մարդ մահացավ, ասում են՝ քննությունը կպարզի: Ո՞ր քննությունը, ինչպե՞ս: Եթե երեք տարում չի պարզել՝ հիմա՞ ինչպես կպարզի: Այդ անտարբերությունն է, որ սպանում է:
Լավ, մի կողմ թողնենք քաղաքականությունը: Երեւան քաղաքը Թամանյանի հեղինակային գործն է, բայց որոշ մանրապճեղ ճարտարապետներ որոշել են, որ իրենք պետք է ուղղեն Թամանյանի «թերությունները»: Դա նույնն է, որ այսօր մեկը վերցնի ու Ռեմբրանտի, Լեոնարդոյի նկարների վրա մեքենա կամ ինքնաթիռ նկարի, որպեսզի դրանք կատարյալ լինեն: Աբսուրդ: Մարդն ինչքան տգետ պետք է լինի, որ նման բան ասի, առավել եւս՝ իրականացնի: Հիմա ասեք՝ դավաճան չե՞ն այդ մարդիկ, ովքեր այդ գործի մասնագետն են, տեսնում են, թե ինչպես է քաղաքն իր դեմքը կորցնում, ու ձայն չեն հանում: Թամանյանի նպատակը ո՞րն էր. փողոցներն այնպես գծել, որ գնան դեպի Արեւմուտք, Արեւմտյան Հայաստան: Սովետական շրջանում դա համարձակ քայլ էր՝ չգրված օրենքով այնպես անել, որ ժողովուրդը հիշի իր անցյալը, ձգտի դրան, քանի որ մեր հայրենիքը միայն իր սահմաններով չի վերջանում: Հիմա որոշ մարդկանց թելադրանքով այդ տեղերում տներ են կառուցվում, ու հպարտանում էլ են, թե պատուհաններից Մասիսը երեւում է: Էլեկտրիկը չպիտի ընդվզի դրա դեմ, ճարտարապետները պիտի ընդվզեն: Եվ ամեն մարդ իր տեղում պետք է անարդարության ու անճաշակության դեմ ընդվզի: Ու դա ընդդիմության խնդիր չէ, դա ազգի խնդիր է: Եթե արվեստագետը չի զգում իր ժամանակը, նա ո՞նց կարող է ստեղծագործել: Շուշիի ազատագրման օրը հեռուստատեսությամբ ամերիկյան մուլտ են ցուցադրում. ստացվում է՝ մենք ոչ մի բան չունենք մեր երեխաներին դաստիարակելու, ասելու, որ ինքը հաղթած ժողովրդի զավակ է: Ամեն ինչ գլխիվայր շուռ են տվել՝ հիմա էլ ասում են՝ դե, պիտի «գրաված» տարածքները տանք: Ի՞նչը տաք: Կամ եթե տալու խնդիր էլ կա՝ դուք ո՞վ եք, ժողովուրդն է վերցրել, ժողովուրդն էլ կորոշի՝ ինչ անել:
– Իմ տպավորությամբ, կա հասարակության մի ստվար հատված, որը վերապահումներ ունի ընդդիմության լիդերների վերաբերյալ եւ չի կարողանում հաղթահարել հենց ինքն իրեն՝ այդ լիդերների ետեւից գնալու համար:
– Գիտեք, այստեղ, իմ կարծիքով՝ շատ լուրջ մեխանիզմ է աշխատում, մինչդեռ փորձ է արվում ներկայացնել, թե դա ինքն իրեն է ստացվել: 1994-95 թվականներից հետո սկսեցին առաջին նախագահի վերաբերյալ պատմություններ հնարել, որը որոշ մարդկանց միջից այդպես էլ դուրս չի գալիս: Երեւի իրենք չեն ցանկանում, որ դուրս գա, որովհետեւ աբսուրդ է: Լուրջ, կրթված մարդիկ ասում են՝ պատերազմի ժամանակ մենք լույս, հաց չունեինք: Բա պատերազմ է, ո՞նց կարող է լույս ու հաց լինի: Երկրորդ համաշխարհայինի ժամանակ ո՞ր եվրոպական քաղաքը լույս ուներ: Եվ այդ խոսակցությունները հնչում են այն դեպքում, որ ամենածանր տարիներին, առաջին նախագահի ծառայության ժամանակ Թուրքիայից էր հաց բերվում: Մարդկանց մեջ կարծրատիպերը պետք է կոտրվեն: Մի հատ պետք է հետ նայեն՝ այդ տարիներին մենք ինչի՞ ենք հասել: Օրինակ, ես 90-ականների սկզբին, երբ գնում էինք Եվրոպա եւ Հայաստան էինք ներկայացնում, հպարտություն էի զգում՝ հաղթող երկրի ներկայացուցիչ էի, ոչ թե հարձակվող: Իսկ այսօր այն իրավիճակում ենք, որ ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանն էլ կարող է կորցնենք: Խայտառակ դեմոգրաֆիական պատկեր ունենք, դրան գումարած էլ, որ բնակչության 40 տոկոսն ուզում է երկրից գնալ՝ անվերադարձ: Այն ժամանակ ապրուստի, հացի խնդիր էր, բայց պատերազմ էր, ու հաղթելով՝ մենք բոլորին ապացուցեցինք, որ իրավունք ունենք ազատ ապրելու: Բա հիմա այս ամենի դեմը ո՞նց ենք առնելու: Ու զարմանում եմ, չեմ հասկանում՝ ո՞նց կարող են մարդիկ անտարբեր նստել՝ ասել՝ չգիտեմ: Չգիտեք՝ հետաքրքրվեք, երկուսին էլ լսեք՝ հետեւություններ արեք:
– Շատերը հստակ պատկերացնում են, թե ինչ իրականության մեջ ենք ապրում, եւ հանրահավաքի գնալով չէ, որ պետք է պատկերացում կազմենք դրա մասին: Իսկ հետո՝ ի՞նչ: Հետոն պարզ չէ, հետագա քայլերը չեն երեւում:
– Դուք տեղյակ եք, բայց շատերը, միեւնույն է, տեղյակ չեն: Եվ ժամանակին, որ զգուշացնում էին՝ դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզնով կզբաղվի, հիմա արդեն այդ վիճակում ենք: Մարդիկ պետք է գիտակցեն, որ այստեղ իրենք բնակիչ չեն, քաղաքացի են, իսկ վերջին երեք տարիներին խնդիր է դրվել նոր ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել: Հասարակությունն ավելի մաքրվեց, նպատակները, իրավունքները հստակեցվեցին, վախը հաղթահարվեց: Մենք պիտի գիտակցենք նաեւ, որ արդար ընտրություններով պետք է ամրագրենք մեր ապագան: Մի հատված կա, որ դա չի գիտակցում, բայց ժամանակի խնդիր է: Հենց ժողովուրդն իրավունք ունեցավ իր ձայնին տեր կանգնելու՝ մեր երկիրը շատ առաջ կգնա:
Այն մանդատը, որն ուներ իշխանությունը 2008-ին՝ դրսի ուժերի կողմից, հիմա մաշվել, է ու մեր ժողովուրդն է դա մաշեցրել: Իսկ այս երկրի տերը այս ժողովուրդն է: Մեզ կտրուկ քայլեր պետք չեն, դրանք իրենց ետեւից ավելի վատ հետեւանքներ կբերեն: Մեզ ճիշտ եւ փափուկ վայրէջք է պետք, որ երկիրն առաջ գնա: Պաշտոն չենք ուզում, ուզում ենք, որ երկիրը ազատ լինի, մարդն իր ձայնի տերը լինի, իսկ ում կընտրի այդ ժամանակ ժողովուրդը… ասեմ միայն, որ ժողովուրդը երբեք չի սխալվում: Այլապես, այդ ժողովուրդն իրավունք ունի չլինելու:
– Հիմա ընդդիմությունը գնում է արտահե՞րթ ընտրությունների, թե՞ հերթական:
– Պետք է լինեն արտահերթ ընտրություններ, մենք այդքան ժամանակ չունենք, մեր ամեն օրը հաշված է, աշխարհում ամեն օր մի բան փոխվում է, մեր կողքին այլ երկրներ կան, որոնք շատ արագ առաջ են գնում: Եթե հավասար չքայլենք՝ կկորցնենք ամենը՝ մեր տունը, մեր հողը, մեր հայրենիքը:
– Եթե ամսի 17-ին հանրահավաքի դուրս գա, ասենք, մոտ կես միլիոն մարդ, կարո՞ղ ենք ասել, որ մենք մեր երկրի տերն ենք:
– Կարծում եմ՝ այո: Ուրախ կլինեմ, որ այդքան մարդ դուրս գա փողոց:
– Ասում են՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Մենք արժանի՞ ենք մեր իշխանությանը:
– Ճիշտ ասացվածք է, բայց խնդիրն այն է, որ այս իշխանությունն իր ժողովրդինը չէ, այլ դրսի ինչ-ինչ ուժերինը: Ուստի մենք արժանի չենք այս իշխանությանը: Երբ ինքներս որոշենք, թե ովքեր պետք է լինեն մեր իշխանավորները՝ արժանի կլինենք: Այսօր մեր այդ իրավունքը խլել են իշխանավորների թիկունքին կանգնած դրսի ուժերը, իշխանությունները չէին կարող խլել դա մեզնից: