Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՉԵ՞Ն ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ

Մարտ 12,2011 00:00

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք խորհրդակցության ժամանակ նախագահի առավել ուշագրավ մտքերը (ըստ նախագահի մամուլի ծառայության).
«Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»:
«Մեր ժողովուրդն արդեն մայիս-հունիս ամիսներից սկսած պետք է զգա իր կենցաղային հոգսերի թեթեւացում, մարդիկ պետք է տեսնեն, որ սննդի եւ հատկապես գյուղմթերքի անասելի բարձր գները վերադառնում են իրենց աչքին սովոր մակարդակին: Սա խնդիր է, որ մենք պետք է անպայման լուծենք՝ կանգ չառնելով որեւէ դժվարության առջեւ: Այսինքն՝ ես ակնկալում եմ նորովի մոտեցումներ խնդիրների լուծմանը»:
«Դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է, եւ, իմ կարծիքով, այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, որ մենք նման զարգացումներ չենք ունենա: Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է որպես հետեւանք արտարժութային հոսքերի, իսկ բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում՝ առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում: Ես սա շատ նորմալ եմ համարում եւ բարենպաստ մեր տնտեսվարողների եւ, առաջին հերթին, արտահանողների համար»:
«Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր բանկերը առեւտրային բանկեր են, որ նրանք բիզնես են անում, եւ անհարկի միջամտությունները նրանց գործունեության մեջ, իհարկե, կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ: Բայց նրանց ավելի ակտիվ ուղղորդել դեպի գյուղատնտեսություն, դրա համար պայմաններ ստեղծելով, կարծում եմ՝ կարող եք, եւ դա պետք է ավելի էական տեղ ունենա ձեր գործունեության մեջ»:
«Մենք միշտ խոսում ենք հարկային-մաքսային համակարգում բարեփոխումների մասին: Մեկ անգամ եւս կրկնեմ, որ ցանկացած բարեփոխում, իհարկե, ցավոտ է, եւ ես հասկանում եմ, պարոն Խաչատրյան, այսօրվա մոտեցումները, այդ բարեփոխումներն առանց ցավի եւ համադրված անցկացնելու ցանկությունը: Դա ճիշտ մոտեցում է, բայց մենք նաեւ պետք է գիտակցենք, որ գալու է մի պահ, որ մենք մտնելու ենք շեշտակի փոփոխությունների փուլ, եւ արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք դրան»:
«Հաճախ քննադատության մեջ լուրջ դիտարկումներ ու առաջարկներ են լինում: Դրանք պետք է անպայման օգտագործել: Մենք պատրաստ ենք ցանկացած բարի խորհուրդ, ցանկացած օգտակար խորհուրդ ընդունելու: Ճիշտ խորհուրդ տվողներին, օգտակար խորհուրդ տվողներին մենք նաեւ պարտավոր ենք ներգրավել մեր աշխատանքներում: Սա է մեր խնդիրը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031