Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանել է հաշմանդամ որդուն

Մարտ 12,2011 00:00

\"\"Երեկ, ժամը 16:30-ին, անհայտ քաղաքացին ահազանգել էր ոստիկանության Շենգավիթի բաժին եւ հայտնել, որ Բագրատունյաց պողոտայի 17 շենքի 72 բնակարանում սպանություն է տեղի ունեցել:
Նշված հասցե է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը: Ոստիկանության փորձաքրեագետը բնակարանում հայտնաբերել է արյունոտ խոհանոցային դանակ, որն առգրավվել է: Օպերատիվ-քննչական խումբը պարզում է, որ սպանվածը 21-ամյա՝ նշված հասցեի բնակիչ Սարգիս Սեդրակի Գյումիրյանն էր: Ձեռնարկված օպերատիվ-քննչական աշխատանքների արդյունքում պարզվում է, որ սպանությունը կատարել է սպանվածի հայրը՝ Խորենացի 47 շենքի բնակիչ, 50-ամյա Սեդրակ Հովհաննեսի Գյումիրյանը  (նկարում): 
Նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են մեղայականով բաժին հրավիրել սպանությունը կատարած Ս. Գյումիրյանին: Մարաշի բաժանմունքի աշխատակիցների կողմից նա տեղափոխվեց ոստիկանության Շենգավիթի բաժին: Երեկ մեր այցելության պահին Շենգավիթի բաժնի քննչական մարմինը նրան բերել էր այն բնակարան, որտեղ տեղի էր ունեցել սպանությունը: Բնակարանում կատարվեցին քննչական-փորձարարական աշխատանքներ: 
Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ սպանված երիտասարդը դեռ ծնված օրվանից տառապում էր անբուժելի հիվանդությամբ (կաթված), եւ հայրը հաճախ է հարեւաններին սրտնեղել, որ չի կարողանում հոգալ երեխայի առողջական ծախսերը, եւ մի օր հնարավոր է՝ դիմի ծայրահեղ քայլի, ինչն էլ երեկ կատարել է: 
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել