Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ը հրաժարվել է իր մի հայցից

Մարտ 12,2011 00:00

Իսկ թե երբ կքննվի մյուս հայցադիմումը, որով վիճարկվում է «Արմնյուզին» հաղթող ճանաչելու մասին ՀՌԱՀ որոշումը, դեռ հայտնի չէ:
Փետրվարի 3-ին «Ա1+»-ը հեռարձակող «Մելտեքս» ընկերությունը դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով պարտավորեցնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 7 անդամներին՝ Սիմավոն Անդրեասյանին, Կորյուն Առաքելյանին, Ժիրայր Դադասյանին, Արա Թադեւոսյանին, Արամ Մելքոնյանին, Արմեն Մկրտչյանին եւ Հայկ Քոթանյանին, տրամադրել իրենց հունվարի 17-ի գրությամբ ներկայացված հարցադրումների սպառիչ պատասխանները: Հիշեցնենք, որ «Մելտեքսը» մասնավորապես փորձել էր պարզել, թե արդյոք հանձնաժողովի այդ անդամները կատարե՞լ են որոշակի գործողություններ՝ «Ա1+»-ի մրցութային փաթեթի վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ, կամ արդյոք եղե՞լ է նրանց կողմից Աննա Տանիելյանի հավաստագրի անորոշ կամ անհիմն լինելու փաստի մասին կարծիք, եւ ինչպե՞ս է այն արձանագրվել:
Փետրվարի 24-ին «Մելտեքս» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդեր Սահակյանը դիմել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին, որի վարույթում էր այդ գործը: Դիմումում հիշեցված է, որ հայցադիմումի ներկայացման հետ միաժամանակ՝ իրենք միջնորդություն էին արել արագացված դատաքննության մասին, «քանի որ սույն գործով ձեռք բերվող ապացույցները եւ տեղեկությունները կարող էին էական նշանակություն ունենալ ՀՌԱՀ-ի կողմից 20.12.2010 թվականին թիվ 96-Ա որոշումը վիճարկելու համար: Այս որոշման վիճարկման հայցը ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված էր 22.02.2011 թվականը: Սակայն հաշվի առնելով այն, որ մինչ օրս չի նշանակվել դատական նիստ, հետեւաբար աննպատակահարմար է սույն գործի դատական գործընթացը»: Այս հիմնավորմամբ՝ «Մելտեքսի» ներկայացուցիչը խնդրել է կարճել գործի վարույթը՝ «հայցվորի կողմից հայցից հրաժարվելու պատճառով»:
«Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որը ներկայացնում է «Ա1+»-ի շահերը, պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հայցից իրենց հրաժարվելուց հետո. «Մարտի 1-ին ստացանք մեր այդ հայցադիմումին ՀՌԱՀ-ի պատասխանը, որում ասվում էր, թե իրենք պատշաճ պատասխանող չեն: Նկատի ունեն այն, որ մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ «Մինչեւ վարկանիշային քվեարկությունը հանձնաժողովի անդամները մրցութային հայտերի եւ կից փաստաթղթերի քննարկում չեն իրականացնում ու չեն հրապարակում իրենց դիրքորոշումները դրանց վերաբերյալ»: Բայց մենք ուզում էինք մասնավորապես ճշտել, թե արդյոք ՀՌԱՀ նախագահի կողմից նրանց տրամադրված գրությունների պատճենները «Ա1+»-ի մրցութային առաջարկի վերաբերյալ ազդե՞լ են նրանց ուսումնասիրության, վերլուծության եւ վարկանիշային գնահատման արդյունքների վրա: 7 անդամներին ուղղված մեր հարցերը վերաբերում էին մրցույթում տվյալ անդամների մոտեցումներին, գնահատումների անաչառությանը: Իսկ իրենք մեկնաբանում են, թե դա պատասխանի ենթակա չէ»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք պա՞րզ է՝ Վարչական դատարանը երբ է քննելու «Ա1+»-ի հիմնական հայցադիմումը՝ ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշումը վիճարկելու մասին: «Դատաքննության օրը նշանակված չէ,- պատասխանեց պրն Տեր-Եսայանը:- Մեզ տեղյակ են պահել, որ գործը վարույթ է ընդունված: Բնականաբար, արդեն պատասխանող կողմին են ուղարկել մեր հայցադիմումը: Թերեւս 2 շաբաթ ժամանակ կպահանջվի, որ ծանոթանան ու պատասխանեն: Այդ ընթացքում էլ պարզ կլինի, թե երբ կսկսվի այս գործով դատաքննությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել