Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 12,2011 00:00

\"\"Քանի որ հարկ կլինի պատասխան տալ այն ապօրինությունների համար,  որ գործում է ոստիկանությունը Հայաստանում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության գնահատականով, կոռումպացվածության ցածր մակարդակով Վրաստանն աշխարհում լավագույն հնգյակում է: Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատմամբ՝ ոստիկանության հուսալիությամբ Հայաստանը 112-րդ (!) տեղում է: Ընդ որում, այդ ցուցանիշներին չի անդրադարձել ՀՀ որեւէ պետական կառույց, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանը համաձայն է այդ գնահատականներին: Այդ իրավիճակը արդյունք է Վրաստանում խաղաղ հեղափոխության, որը հնարավորություն տվեց իրական պայքար մղել կոռուպցիայի դեմ, ոստիկանության գործունեությունը դարձնել թափանցիկ եւ ընկալելի ոչ միայն Վրաստանի, այլեւ հարեւան պետությունների բնակչության համար:
Բացասական վերաբերմունքը հեղափոխության նկատմամբ Ալիկ Սարգսյանի մոտ թերեւս պայմանավորված է այն մտավախությամբ, որ հարկ կլինի պատասխան տալ այն ապօրինությունների համար, որ գործում է ոստիկանությունը Հայաստանում, որոնց հետեւանքով մենք չենք վստահում մեր ոստիկանությանը: Հեղափոխությունների նկատմամբ այդպիսի «անտիպատիա» տածող ՀՀ ոստիկանապետն ինքը առիթը չի կորցնում հաճախ Վրաստան ուղեւորվելու եւ փորձի փոխանակում իրականացնելու (ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն), իսկ իրականում Վրաստանի ռեստորաններում ուրախ ժամանց անցկացնելու նպատակով: Նման այցելություններից մեկի ընթացքում, ոգեշնչվելով Վրաստանի ոստիկանության տեսահոլովակով, հրահանգեց անմիջապես նմանակել այն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեսահոլովակի մեխը դարձնելով ոչ թե ՀՀ սովորական ոստիկանին, այլ սեփական անձը:
Մի փոքր ինքնասիրություն ունենալու դեպքում ՀՀ ոստիկանապետը կմտահոգվեր իր աշխատակիցների աշխատանքային պայմաններով. ՀՀ ոստիկանները շուրջ երեք անգամ պակաս աշխատավարձ ունեն, քան նրանց վրաստանյան գործընկերները, Երեւանի Կենտրոնի ոստիկանության բաժնի մասնաշենքը փլատակներ է հիշեցնում՝ կեղտոտ պատերով, քրքրված հատակով ու քանդված տանիքով: Նման անմխիթար վիճակում են գտնվում նաեւ այլ բաժինները: 2003թ. հեղափոխություն իրականացրած Վրաստանի բոլոր ոստիկանական մասնաշենքերը նորակառույց կամ «եվրանորոգված» են ու մեծ մասը թափանցիկ՝ ինչպես իրենց աշխատաոճը:
Առավել խստություններ ներմուծելու պատրաստ Ալիկ Սարգսյանը չի նշում, որ ի տարբերություն նախորդող ժամանակաշրջանի՝ մի քանի տասնյակ ոստիկան աշխատանքից ազատվել է ոչ թե ոստիկանության ներքին քննության արդյունքում, այլ ուժային այլ գերատեսչությունների պնդմամբ: Ոստիկանների արժանապատվության մասին խոսող ՀՀ ոստիկանապետն այդ ոստիկաններին փուռն է տվել, ունենալով մի նպատակ՝ շարունակել պաշտոնավարումը: Ալիկ Սարգսյանը չունի համարձակություն խոստովանելու, որ հենց իր հրահանգով մարտիմեկյան հանրահավաքի օրը ողջ Հայաստանի տարածքում ինքնաձիգներով զինված վախեցած ոստիկաններ է դուրս բերել փողոց (ինչի մասին համացանցում առկա են բազմաթիվ տեսանյութեր), որոնք տեսախցիկների առաջ հաստատում էին, թե այդ տեսակ ծառայություն իրականացնելու հրահանգ ունեն ոստիկանապետից:
Նշեմ եւս մի հանգամանք. իշխանությունները շատ են քննադատում հասարակական այն կազմակերպություններին, որոնք ֆինանսական այլ աղբյուրների հետ միասին օգտվում են միջազգային կազմակերպությունների դրամաշնորհներից: Սակայն քիչ է խոսվում, որ վստահելիության նման ցածր ցուցանիշ ունեցող ՀՀ ոստիկանությունը նույնպես օգտվում է միջազգային կազմակերպությունների տրամադրած միջոցներից. հայտնի է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն է աղբյուրներից մեկը, որն օժանդակում է ՀՀ ոստիկանության բարեփոխումներին: Հենց այդ «բարեփոխումներից» հետո տեղի ունեցավ մարտի 1-ի խաղաղ ցուցարարների ջարդը, որում ոստիկանությունն ունեցավ նշանակալի դերակատարություն: Ոստիկանության մի շարք աշխատակիցներ, այդ թվում հայտնի Բազազը, հենց ԵԱՀԿ-ի տրամադրած փողերով են գործուղվում տարբեր հեռավոր երկրներ՝ «փորձի փոխանակման» նպատակով, եւ այդ շարունակական համագործակցության արդյունքն է, որ սկսած 2008 թվականից՝ միջազգային մի շարք կազմակերպություններ հայտարարում են ՀՀ ոստիկանությունում արմատական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության մասին: Եթե բարեփոխումներ իրականացնողը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն է եւ անմեղության կանխավարկածը մի քանի անգամ խախտած (Մարիամ Սուխուդյանի եւ Տիգրան Առաքելյանի դեպքերը) ՀՀ ոստիկանապետը՝ կարելի է պատկերացնել դրանց արդյունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել