Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿԻԶԲՆ Է, ՈՉ ԹԵ ՎԵՐՋԸ

Մարտ 12,2011 00:00

\"\"Երեք սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո սկսվելիք բանակցությունների նոր փուլում հնարավոր կլինի քննարկել դետալները:

Մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո երեք երկրների նախագահները ընդունեցին համատեղ հայտարարություն, որով պարտավորվել են՝ 1. Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: 2. Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ:
Իհարկե, այս հանդիպումից հետո եւս Ադրբեջանը շարունակում է մնալ իր ծանոթ կեցվածքի մեջ, եւ հերթական հայ զինվորը զոհվեց ադրբեջանական դիպուկահարի գնդակից դեռ հանդիպման նախորդ օրը, իսկ մարտի 10-ին մենք ունեցանք եւս մեկ զոհ: Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը իր երկրի ներսում ներքին լուրջ խնդիրներ ունի, եւ դա է պատճառը, որ ամեն անգամ, եռակողմ հանդիպումներից հետո, երբ հիմնական հարցերի շուրջ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ադրբեջանական կողմը ինքն իր նախագահին հերքելով նոր ոտնձգություններ է կատարում:
Մենք արդեն գրել ենք, որ ՀՀ նախագահը Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին ասել էր, թե ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել. «Սոչիի հանդիպումից հետո կարելի է ասել, որ Ադրբեջանի դիրքորոշման մեջ որոշակի առաջընթաց կա: Ես կարծում եմ՝ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշակի համաձայնության հասնել ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»: Ըստ ՀՀ նախագահի՝ «այդ սկզբունքների շուրջ համաձայնության հասնելուց հետո կարելի է սկսել բանակցությունների նոր փուլ, եւ այդ ժամանակ շատ հարցեր կմանրամասնվեն, հնարավոր կլինի քննարկել դետալները: Ես ցանկանում եմ նշել, որ սկզբունքների շուրջ համաձայնությունը միայն բանակցությունների սկիզբն է, ոչ թե վերջը»:
Հայաստանյան քաղաքական ուժերը դեռ չեն հասցրել քննարկել այս հայտարարությունը, որը, ըստ էության, նորություն էր վերջին շրջանում հնչած բոլոր հայտարարությունների համեմատ: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, բավականին լավ է, երբ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի նախագահն ասում է, թե Ադրբեջանի դիրքորոշման մեջ նկատելի են փոփոխություններ, եւ Ադրբեջանում նույն բանն ասում է Ադրբեջանի նախագահը հայկական կողմի դիրքորոշման մասին: Ըստ Սուրենյանցի՝ հակամարտությունների չկարգավորված վիճակից ավելի վտանգավոր վիճակ չի կարող լինել. «Որովհետեւ հակամարտության չկարգավորման պարագայում պատերազմի վերսկսման վտանգը ուղղակի ռեալ է դառնում:
Կարգավորման ցանկացած տարբերակ, կարգավորմանն ուղղված ցանկացած գործընթաց ավելի նախընտրելի է այսօրվա վիճակից, մանավանդ, որ կարգավորման ընդհանուր սկզբունքները բոլորին վաղուց են հայտնի, ընդհանուր գծերով, եւ ես չեմ կարծում, որ Սոչիի հանդիպումը նոր նրբերանգներ է մտցրել բանակցային գործընթացում: Ի դեպ, շատ տարօրինակ մի զուգադիպությամբ Ադրբեջանում խոսում են Հայաստանի դիրքորոշման առավել կառուցողական դառնալու մասին, իսկ Սերժ Սարգսյանը խոսում է Ադրբեջանի դիրքորոշման ավելի կառուցողական դառնալու մասին: Մի քիչ տարօրինակ է, որ երկու կողմերն էլ պնդում են, թե հակառակ կողմը ավելի կառուցողական է դառնում: Ես այդ լավատեսությունն առանձնապես չեմ կիսում եւ կարծում եմ, որ կողմերից յուրաքանչյուրը այդ կարգի հայտարարություններ է անում քարոզչական նպատակներով: Ավելին, հետեւելով Սոչիի հանդիպման արձագանքներին, կարծում եմ, այն կարգավորման գործընթացում էական տեղաշարժ չի ապահովել: Ուղղակի կողմերը փորձել են գոնե համաձայնությունների գալ Աստրախանի հայտարարության դրույթները իրականացնելու հարցում»:
Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե նման համոզված պնդումները չեն կարող առանց հիմքի լինել, պարոն Սուրենյանցը նկատեց. «Նույնպիսի համոզվածություն ունի նաեւ Ադրբեջանը, քանի որ հաճախ բանակցություններին մասնակցող ղեկավարները անում են հայտարարություններ, որոնք կարող են այս կամ այն կերպ աղերս ունենալ իրականության հետ, բայց ամբողջովին չարտահայտել իրականությունը: Չմոռանանք, որ բանակցությունները շատ բարդ գործընթաց են, եւ կողմերից յուրաքանչյուրը հրապարակային քաղաքականության մակարդակում փորձում է այդ բանակցությունները ներկայացնել իրեն ձեռնտու կողմերից»:
Ըստ մեր զրուցակցի՝ դետալները կարող են լինել պատերազմի հետեւանքների վերացումը, շրջափակման հարցերը, հումանիտար եւ այլ հարցեր. «Կարծում եմ, առաջին հերթին հենց այս հարցերը պետք է դառնան քննարկման նյութ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել