Աղ պարունակող սնունդ ընդունելուց 30 րոպե անց աղն արդեն իսկ հասցնում է վնասել անոթները՝ չթողնելով, որ դրանք պատշաճ կերպով արյուն մղեն օրգանիզմով մեկ: Այդ վատ ազդեցությունը պահպանվում է գրեթե մեկ ժամ: Նման հաշվարկներ կատարվել են հատուկ հետազոտության ընթացքում: Ավստրալացի գիտնականները հավաքել են 16 առողջ մարդկանց խումբ: Նրանցից յուրաքանչյուրին առաջարկվել է ուտել 4 գ աղ պարունակող կերակրատեսակ: Հետո նրանց տրվել է աղի ավելի քիչ պարունակությամբ կերակրատեսակ (0.3 գ): Սննդի ընդունումից առաջ եւ հետո գիտնականները չափել են, թե ինչպես է հոսում արյունն ուսային զարկերակով՝ հիմնական արյունատար անոթով, որով սովորաբար չափում են արյան ճնշումը: Պարզվել է, որ աղի սնունդը զգալիորեն դժվարացնում է արյան հոսքը: Երեւույթն իր գագաթնակետին էր հասնում մոտ մեկ ժամ անց:
Աղի նշված պարունակությունը համապատասխանում էր մարդու օգտագործած աղի միջին ծավալին: Պրոֆեսոր Գրեհեմ Մաքգրեգորի խոսքերով, այս հայտնագործությունը շատ կարեւոր է, քանի որ ապացուցում է, որ հենց աղն է անոթները կոշտ դարձրել: Նա ասում է. «Կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում այն մարդու օրգանիզմում, ով սիրում է աղ օգտագործել»: