Երեխան պետք է զգա, որ իրեն սիրում են
Հաճախ մարդիկ չափից շատ ակտիվ երեխաներին անդաստիարակ են անվանում, հատկապես այն դեպքում, երբ տվյալ երեխան դպրոցում, փողոցում, այգում, խանութում, բարեկամի կամ իրենց տանը՝ աչքի է ընկնում իմպուլսիվությամբ եւ որեւէ բանի վրա չկենտրոնանալով: Խոսքը ոչ թե անդաստիարակ, այլ հիպերակտիվ երեխաների մասին է, որոնք միշտ անցանկալի հյուր են լինում հարազատների տանը, հասակակիցների հետ խաղալիս, ինչպես նաեւ շրջապատի, հասարակության կողմից ճիշտ չեն ընկալվում:
Հիպերակտիվ երեխային կողքից նայողները միշտ սկսում են վատաբանել նրան ու մեղադրում ծնողներին, ասելով, որ չափից շատ ազատություն են տվել, բացարձակ չեն դաստիարակել, եւ եթե այդ երեխան իրենցը լիներ՝ գլուխը կկոտրեին ու մի լավ դաս կտային… «Իրականում՝ հիպերակտիվ երեխա ունեցող ծնողների համար շատ դժվար է, նրանք չափից շատ ուշադիր պետք է լինեն երեխայի նկատմամբ, որովհետեւ հենց այսպիսի երեխաներն են, որ անկանխատեսելի վտանգավոր բաների են ընդունակ, ինչի հետեւանքով վնասում են ոչ միայն իրենց, այլեւ շրջապատին: Այս երեխաները անընդհատ խոսելու, շարժվելու ցանկություն են ունենում. դպրոցում դասերի ժամանակ խանգարում են ուսուցիչներին, համադասարանցիներին, կռիվներ են սարքում եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց հոգեբան Անուշ Աբգարյանը՝ ավելացնելով, որ հիպերակտիվ երեխաների պահվածքը, որը հաճախ շփոթում են անդաստիարակության հետ, ավելի շուտ կապված է նյարդային համակարգի խանգարման հետ, ինչն էլ կարող է պայմանավորված լինել գլխուղեղի գործունեության յուրահատկություններով, ծննդաբերական վնասվածքներով, ինֆեկցիոն հիվանդություններով, ժառանգական առանձնահատկությամբ եւ այլն:
Հիպերակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի աննշան օրգանական փոփոխությունների արտահայտումն է, որի հիման վրա նկատվում են տարբեր նյարդային հակազդեցություններ, վարքագծի, ինչպես նաեւ խոսելու խանգարումներ։ Ըստ Ա. Աբգարյանի՝ հիպերակտիվ երեխաներին չի կարելի պատժել, նախատել, որովհետեւ այդ դեպքում իրավիճակն ավելի է բարդանում: «Այսպիսի երեխաների հանդեպ ծնողները պետք է շատ ուշադիր ու համբերատար լինեն, նրանց հետ պետք է պարբերաբար շփվի նաեւ հոգեբանը, նյարդաբանը, երեխայի ուսուցիչը նույնպես կարող է մեծ դեր ունենալ նրա կյանքում: Չպետք է հուսահատվել, որովհետեւ ծնողների, հոգեբանի եւ երեխայի սիրելի ուսուցչի ջանքերի շնորհիվ տարիների ընթացքում հիպերակտիվ երեխային հնարավոր է դառնում «ընդունելի» ու ցանկալի դարձնել շրջապատող անձանց մոտ: Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն երեխայի նկատմամբ, կիսեն նրա հետաքրքրությունները, նրան «չէ» չասեն, բայց միեւնույն ժամանակ «վարժեցնեն» ամեն ինչում չափի զգացողությունը պահպանելուն, երեխան ոչ թե պետք է սարսափի ծնողից, որ, օրինակ, մայրը կզայրանա, այլ պետք է հասկանա, որ ծնողներին չենթարկվելով՝ կզրկվի իր համար ցանկալի բաներից:
Ամեն դեպքում ծնողի «չի կարելին» պետք է լինի կտրուկ, ոչ թե բղավելով, նյարդայնանալով ու երեխային էլ ավելի հունից հանելով»,- նշում է հոգեբանը՝ խորհուրդ տալով երեխային ծանրաբեռնել նրա ուշադրությունը կենտրոնացնող ու, ամենակարեւորը, չհոգնեցնող խաղերով: Մեր զրուցակիցը նաեւ հավելեց, որ հիպերակտիվ երեխաներին ոչ միայն ծնողները, այլեւ ուսուցիչները պետք է ժամանակ առ ժամանակ խրախուսեն: «Եթե դպրոցում դասերի հետ կապված խնդիրներ են ի հայտ գալիս, ապա պետք չէ երեխային ստիպել 2 ժամ նստել ու անգիր անելու ոտանավորը 100 անգամ կարդալ: Եթե երեխան չի կարողանում սովորել անգիրը, պետք է նրան համոզել, ասել, որ 10 րոպե կարդա, հետո մի քիչ խաղա, ապա նորից նստեցնել դաս սովորելու: Չպետք է պնդել, որովհետեւ, երբ երեխան չի ուզում, ապա 5 ժամ էլ նստի՝ չի սովորելու: Եվ ամենակարեւորն այն է, որ երեխային պետք է ոչ թե նախատել, որ չի կարողանում սովորել, այլ հուսադրել, ասել, որ քեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ոչ մի դեպքում չի կարելի ծեծել երեխային, պետք չէ ապտակել, մատներին քանոնով խփել, մեկ ոտքի վրա անկյուն կանգնեցնել: Հրաժարվեք այս մեթոդներից, եթե ուզում եք, որ ձեր հիպերակտիվ երեխան առողջ մեծանա: Հակառակ դեպքում, երեխայի մեծանալուն զուգընթաց, նրա ցրվածությունն ու իմպուլսիվությունը կարող են ուղեկցվել ամբողջ կյանքի ընթացքում, առաջացնելով նեւրոզ ու սոցիալական անհարմարվածություն: Երեխան պետք է զգա ձեր սերը»,- եզրափակեց Ա. Աբգարյանը: