Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՈՒՍՏ ՊԱՇՏՈՆՅԱՆ՝ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԿԻՆ ԾԵԾՈՂ

Մարտ 11,2011 00:00

\"\"Ամուսինը հղի կնոջը ողջ գիշեր մեկ ոտքի վրա է կանգնեցրել, կաթսայով ծեծել, ճակատը թել-ասեղով կարել տվել

Այն, ինչ երեկ լսեցինք «Կանանց իրավունքների կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ, ասես ֆանտաստիկայի ժանրից լիներ: Կենտրոնը 2010-ի ընթացքում Ազգային «թեժ գծով» ստացել է 1777 զանգ: Բռնության ենթարկված կանայք մեկը մյուսից սարսափելի պատմություններ են ներկայացրել, թե ամեն օր իրենք ինչպես են ծեծվում ամուսնու ու սկեսուրի կողմից, ինչպես է սկեսրայրը սեռական բռնության ենթարկում իրենց, որդին ինչպես է ծեծում մորը եւ այլն: Կենտրոնի իրավաբան Ասյա Մկրտչյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք ու ոստիկանության աշխատակիցները ցնցվել են մի հարուստ պաշտոնյայի կնոջ դեպքից: Նա տարիներ շարունակ ահավոր դաժան բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից, բայց ամուսնու սպառնալիքներից վախենալով՝ ոչ մի տեղ չի դիմել, լռել է. «Այդ կնոջ ամուսինը պրոֆեսիոնալ ծեծող էր, կաթսան հագցրել է կնոջ գլխին ու բռունցքներով այնպես հարվածել, որ ոչ մի մատնահետք չմնա, մի անգամ, երբ կնոջ գլուխը հարվածել է պատուհանագոգին, ճակատը բացվածք է ստացել ու ստիպել է կնոջը կանգնել հայելու առաջ ու թել-ասեղով կարել ճակատը: Մեկ ուրիշ օր կնոջ գլխից բռնելով՝ գազը բացել էր ու դեմքը պահել այնքան, մինչեւ կինն ուշաթափության էր հասել: Այդ նույն տղամարդը հղի վիճակում էլ կնոջը դաժանագույն պատժի է ենթարկել: Եկել է տուն, ենթադրելով, որ մոր հետ իրենից է բամբասել հեռախոսով, հղի կնոջը ողջ գիշեր մի ոտքի վրա կանգնեցրել էր պատուհանագոգին»: Երբ հարցրինք, թե ինչո՞ւ է նման բռնավորից կինը 3 երեխա ունեցել՝ կենտրոնի իրավաբանը պատասխանեց. «Նա ստիպել է, որ ունենա ու չընդհատի հղիությունը: Ի վերջո, մի գիշերվա հերթական ծեծից հետո բանը հասել էր նրան, որ երեխաներն են մորը ստիպել, որ առավոտյան տնից փախչեն»: Տղամարդիկ կանանց ծեծում են ամենաանհեթեթ ու տգետ պատճառաբանությամբ: Կենտրոնի աշխատակիցների պատմելով՝ դեպք է եղել, երբ ամուսինը լվացք փռելու համար կնոջը բռնության էր ենթարկել՝ ասելով. «Ես եթե տանը չեմ՝ դու քանի՞ գլխանի ես, որ լվացք ես փռում, իմ պատվի հե՞տ ես խաղում»:

Բռունցքների միջոցով սիրում են իրենց հարցերը լուծել հատկապես մարզերի տղամարդիկ. «Մարզերում հաճախ կանայք այն աստիճան են սովոր լինում ծեծի, որ այսպես են բացատրում՝ դե, որպես իմ ամուսին, մի քանի անգամ ծեծել է, երբեմն արդարացնում են ամուսնու բռնարար վարքը՝ ասելով, որ ջղայնացած է եղել, խմած է եղել՝ ծեծել է, սիրում է, որ ծեծում է, եթե չսիրեր՝ չէր ծեծի»:

Մարզերում շատ են նաեւ կնոջ նկատմամբ սեռական բռնության դեպքերը: Դեպք է եղել, երբ 3 տարեկան աղջկա նկատմամբ հայրը պարբերաբար սեռական բռնություններ է կիրառել, իսկ մայրը ամոթից լռել է. «Մարդիկ ավելի հանգիստ են պատմում ամուսնու ծեծը, թե ոնց խփեց, քան սեռական բռնությունները»: Մարզերից մեկում նաեւ դեպք է եղել, երբ սկեսրայրը պարբերաբար սեռական գործողություններ է կատարել հարսի հետ, իսկ ամուսինը, իմանալով այդ մասին, հանդուրժել է՝ ասելով, որ հայրս է: Այսինքն՝ հորն այնքան է հարգել, որ թույլ է տվել իր կնոջ հետ սեքս անել:

Կենտրոնին դիմած մի կնոջ մեջքին էլ ամուսինը լուցկիներ այրելով՝ սիրտ է նկարել ու սիրո խոստովանություն արել: Դա պատիժ է եղել կնոջը՝ այն բանի համար, որ հավատացյալ կինը հրաժարվել է ամուսնու հետ ոչ ավանդական սեռական հարաբերություն ունենալ: Շատ ամուսիններ ստիպում են կանանց տեսախցիկով նկարահանել իրենց սեռական գործողությունները ու նման աննորմալ բաներ:

Հայ հասարակությունում շատ հաճախ են հարսները բռնության ենթարկվում սկեսուրի, սկեսրայրի կողմից, սակայն պարզվում է, լինում է նաեւ հակառակը՝ երբ հարսն է սկեսուրին բռնության ենթարկում: Կենտրոնի իրավաբան Ասյա Մկրտչյանի պատմելով՝ «Մի դեպք կար, երբ հարսը ննջարանից հանել էր սկեսուրի մահճակալը, եւ երեք որդի ունեցող 80-ամյա զառամյալ կինը ստիպված հատակին է քնել, սուրճ պատրաստելու համար նույնիսկ գազ չէին տրամադրում, կինը ստիպված սառը ջրով էր լուծում սուրճը, այն բանի համար, ինչ է թե՝ իր թոշակը ստանում էր եւ միայնակ էր ծախսում: Երբ մի նոր հագուստ էր իրեն առնում՝ հարսը շորերը պատռում էր: Նա իր սեփական բնակարանում բռնությունների էր ենթարկվում ու անհարմար էր զգում դատարան դիմել ու հանել որդուն իր տնից՝ ասելով, որ մանկավարժ եմ եղել՝ մարդիկ ի՞նչ կասեն իմ ընտանիքի մասին»: Կենտրոնի միջամտությունից հետո միայն տղաները խոստացել են հոգ տանել իրենց մոր մասին, մահճակալ ու հաց են տվել ծեր կնոջը:

Կենտրոնի աշխատակիցները վստահեցնում էին, որ հայ կինը սովորաբար այնքան համբերատար է, որ երբեք առաջին բռնության ժամանակ չի դիմի որեւէ մարմնի, նա ծեծի ժամանակ փախչում է տան մի անկյունը, եւ այնքան պետք է նրան ծեծեն, որ անկարողությունից մեկին օգնության կանչի:

Լրագրողները կենտրոնի աշխատակիցներից հետաքրքրվեցին, թե դեպք չի՞ եղել, երբ ամուսինն է կնոջ կողմից բռնության ենթարկվել: Բարեբախտաբար, կենտրոնը նման 1 դեպք գրանցել էր. «Մի կին տղամարդուն ծեծել էր, այն էլ՝ թավայով: Այդ կնոջ երեխան երեւանյան հիվանդություն է ունեցել, իսկ փոքր բնակարանում ամուսինն անընդհատ ծխել է, կինն էլ այնքան է ափերից դուրս եկել, համբերությունը հատել է, չի դիմացել ու թավայով է հարցերը լուծել: Մի դեպք էլ կար, երբ կինը տունը ծախել էր, գնացել արտերկիր ու ամուսնուն թողել փողոցում»:

Նշենք, որ կենտրոնը բռնության ենթարկված այն կանանց, որոնց կյանքին վտանգ է սպառնում, ժամանակավոր կացարան է տրամադրում: Ներկայումս տասնյակ կանայք կան այդ կացարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել