Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ֆուտբոլային կրքեր

Մարտ 11,2011 00:00

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղի տոմսերը դեռ նոր են  հանվել վաճառքի, սակայն ֆուտբոլասերներն արդեն բողոքում են: Պատճառները շատ են ու ամփոփվում են մեկ բառով՝ բյուրոկրատիա:

\"\"Տոմսերի սպառման խիստ բյուրոկրատական մի կարգ է մշակվել, ըստ որի՝ յուրաքանչյուր անձ կարող է ձեռք բերել ոչ ավելի, քան չորս տոմս, ավելին՝ տոմսերը վաճառվելու են միայն անձնագրի առկայության պայմաններում: ԶԼՄ-ներում շրջանառվում է մի վարկած. խուսափել ռուս երկրպագուներին տոմսեր վերավաճառել: Ակնհայտ է, սակայն, որ այդ նպատակով այս մեխանիզմի արդյունավետությունը գործնականում գրեթե զրոյական է: Հիշենք, թեկուզ, տարիներ առաջ հեռախոսային «սիմ» քարտերի վերավաճառքը Հայաստանում:

Ըստ կանոնակարգի, ռուսներին հատկացվել է մարզադաշտի տեղերի 10 %-ը: Թե քանի՞ երկրպագու է գալու Հայաստան ու ե՞րբ, ՀՖՖ-ում առայժմ տեղյակ չեն: Փոխարենը՝ մեզ տեղեկացրին, որ այս արտակարգ միջոցառումների պատճառը անվտանգության ապահովումն է: Ի՞նչ կամ ո՞ւմ անվտանգության. մեծ ու հստակ պատասխան չունեցող հարց է: Մինչդեռ հարկ է նկատել, որ անվտանգության տեսանկյունից շատ ավելի խոցելի էին Հայաստան-Թուրքիա խաղերը, որոնց պարագայում այս աստիճան վերահսկողություն չէր սահմանվել: Հիմա կազմակերպիչն իր ձեռքի տակ ունի խաղին ներկա ավելի քան չորս հազար մարդու անձնագրային տվյալ, բայց դա ավելի շատ ոչ թե անվտանգություն ապահովել է ենթադրում, այլ հետագայում պատասխանատուներ փնտրել ու գտնել:

Բայց անգամ այս ամենի հետ երկրպագուն կարող է համակերպվել, միայն թե ձեռք բերի ցանկալի տոմսը: Ափսոս, որ խնդիրներն ու արգելքներն այսքանով չեն սահմանափակվում: Ըստ ՀՖՖ հաղորդագրության՝ տոմսերի վաճառքը սկսվելու էր մարտի 10-ին, մինչդեռ մարտի 7-ին նույն ՀՖՖ-ն տարածեց մեկ այլ հաղորդագրություն, որում տեղեկացնում էր, թե վաճառքը սկսվել է: Բայց անգամ մարտի 7-ին Հանրապետական մարզադաշտի տոմսարկղերում արդեն տոմսերի խնդիր կար: Ընդամենը մեկ օրվա ընթացքում սպառվել էին արեւմտյան տրիբունայի բոլոր տոմսերը՝ բացառությամբ առաջին կարգի: Նույն իրավիճակն էր նաեւ արեւելյան տրիբունայի պարագայում՝ տոմսավաճառներն առաջարկում էին միայն առաջին կարգի կամ էլ անկյունային տեղեր: ՀՖՖ-ում այս իրավիճակը բացատրում են բազմաթիվ հայտերով. «Ոչ բոլոր տոմսերն են վաճառքի հանվել: Մի մասը սպառվել է նախապես ներկայացված հայտերով»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց ՀՖՖ մամուլի պատասխանատու Տիգրան Իսրայելյանը: Այլ կերպ ասած, փաստորեն, ստացվում է, որ սովորական, որեւէ խոշոր կազմակերպության անդամ չհանդիսացող երկրպագուն զրկվում է իր ուզածի պես ֆուտբոլ նայելու հնարավորությունից, խախտվում է հավասարության իրավունքը, սովորական երկրպագուին այլոց թերմացքն է միայն բաժին հասնելու՝ այն էլ բավական բարձր գին վճարելուց հետո… Բայց սա միայն այն դեպքում, եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ իսկապես հայտերով է զբաղեցված երկու տրիբունաների մեծ ու առավել հարմար մասը: Ի վերջո, բոլոր այս փաստերն առանձին-առանձին գուցե թե էապես չանհանգստացնեն, սակայն հանրագումարում մտածելու տեղիք են տալիս:

Դժվար է ենթադրել, որ այս վերահսկողության ետեւում կանգնած է ՀՖՖ-ն: Իսկ թե ո՞րն ու որքա՞ն է պետության եւ քաղաքականության դերն այս ամենում, կարելի է թողնել ընթերցողի երեւակայությանը: Նկատենք միայն, որ մեկ անգամ արդեն քաղաքականությունը խառնվել է ֆուտբոլին, ու Հայաստան-Թուրքիա խաղից հետո մեր հավաքականը դեռ երկար էր փորձում դուրս պրծնել հոգեբանական անդունդից: Այսօր էլ մթնոլորտը հավաքականի շուրջ, մեղմ ասած, շիկացած է… Արժե՞ր նույն սխալը այլ ֆորմատով կրկնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել