Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆ ՌՈՏԵՐԴԱՄՈՒՄ

Մարտ 11,2011 00:00

Ավարտվեցին սեղանի թենիսի հանրապետության տղամարդկանց եւ  կանանց առաջնությունները, որոնց մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի
40 ներկայացուցիչներ (24 տղա եւ 16 աղջիկ):

\"\" \"\"
Մեսրոպ Ղուկասյան          Հասմիկ Խաչատրյան

Ըստ առանձին մրցաձեւերի Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին գերազանցապես «Հայաստան» մարզական միության սաները: Միակ բացառությունը, թերեւս, Գյումրին ներկայացնող Մուրադ Ասատրյանն էր:

Տղաներ՝ Մեսրոպ Ղուկասյան:

Աղջիկներ՝ Հասմիկ Խաչատրյան:

Տղաների զուգախաղեր՝ Մեսրոպ Ղուկասյան/Մուրադ Ասատրյան:

Աղջիկների զուգախաղեր՝ Լիանա Մուրադյան/Թամրիկո Աղայան:

Երեկ մարզաձեւի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանն «Առավոտին» ասաց. «Նախատեսվում է, որ չեմպիոնի կոչումը նվաճած Մեսրոպ Ղուկասյանն ու Հասմիկ Խաչատրյանը կմասնակցեն Ռոտերդամում կայանալիք աշխարհի անհատական առաջնությանը: Այնտեղ հանդես գալու իրավունք տրված է երեքական տղայի եւ աղջկա: Իսկ քանի որ ֆեդերացիայի ֆինանսական հնարավորությունները բավարարում են միայն չեմպիոններին գործուղելուն, Հոլանդիա մեկնել կկարողանան նաեւ մեր այն թենիսիստները, ովքեր դրա համար գումար կհայթայթեն»:

Օգտվելով առիթից՝ Ֆելիքս Սարգսյանից հետաքրքրվեցինք արդեն մոտ տասը տարի Մոսկվայում բնակվող եւ հիմնականում մարզչական աշխատանքով զբաղվող նրա որդուց՝ սեղանի թենիսի Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող ու մրցանակակիր, Համահայկական խաղերի հաղթող Դավիթ Սարգսյանից: «Դավիթը մոտ մեկ տարի սեղանի թենիսի Ռուսաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչն է ու «Վիկտորիա» ակումբի գլխավոր մարզիչը: Դա արդեն իսկ մեծ վստահություն է մարզաձեւում աշխարհում բարձր հեղինակություն վայելող երկրի պարագայում: Եվ ուրախությամբ պիտի ասեմ, որ վերջերս Ռուսաստանի Դաշնության առաջնությունում, որտեղ որոշվում էին, թե ովքեր են երկիրը ներկայացնելու Հոլանդիայում, նրա սաներից չորսը չեմպիոն դարձան եւ նվաճեցին այդ ուղեգրերը: Եղան նաեւ մրցանակակիրներ: Հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ եմ Ռոտերդամում հանդիպելու որդուս»,- եղավ պատասխանը: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կլինի, եթե աշխարհի առաջնությունում հոր եւ որդու սաները միմյանց դեմ ելնեն: Այս դեպքում պատասխանն ավելի քան միանշանակ էր. «Սպորտում պիտի հաղթի արժանավորը: Այնտեղ արյունակցական կապերը նշանակություն չունեն: Այդ թվում նաեւ՝ հայր ու որդի հարաբերությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել