Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաբելու նպատակ չունեի»

Մարտ 11,2011 00:00

«Առավոտի» մարտի 8-ին տպագրված «Խաբված ունկնդիրներ եւ փախած VH music» հոդվածում նշել էինք, որ աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 3 անգամ հետաձգվել ու մարտի 8-ին չի կայացել, չնայած նախօրոք այդպես էր հայտարարվել: Գրել էինք նաեւ, որ համերգի կազմակերպիչ VH music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը թեեւ ասուլիսում խոստացել էր, որ կվերադարձնեն տոմսերի գումարները, սակայն մարդիկ գնում են այդ կազմակերպության՝ Իսահակյան 28 հասցեում գտնվող գրասենյակ ու չեն կարողանում «բռնացնել» Վ. Հարությունյանին:

Երեկ խմբագրություն զանգեց Վահե Հարությունյանը եւ պաշտոնապես հայտարարեց, որ մինչեւ ապրիլի 10-ը փուլ առ փուլ կվերադարձնեն բոլորի գումարները: Նրա փոխանցմամբ, կազմակերպությունը որոշակի ֆինանսական խնդիրներ է ունեցել, սակայն ոչ մեկին չի խաբել, վճարել են բոլորի կանխավճարները, այդ թվում՝ 4500 եվրոյին համարժեք դրամ՝ Սիրուշոյին, 25500 եվրոյին համարժեք դրամ՝ Սառա Քոնորին, 1200 դոլարի չափ՝ Արա Մարտիրոսյանին: Ըստ համերգի կազմակերպչի, 22 մլն դրամի տոմս է վաճառվել, բայց 3 մլն դրամ էլ դեռ իր գրպանից է դրել համերգը կայացնելու համար. «8 տարի մեր կազմակերպությունը գործում է եւ 110 համերգ է կազմակերպվել ու երբեք նման բան չի պատահել»: Այն «մասով» էլ, որ տոմս գնած մարդիկ իրեն չեն գտնում, Վ. Հարությունյանը պատասխանեց, որ նրանցից ոմանց վատ պահվածքի պատճառով Իսահակյան 28 շենքի կառավարչությունը իրենց կազմակերպությանը միառժամանակ արգելել է գործունեություն ծավալել այդ տարածքում: Կազմակերպչի ասելով, առաջիկայում ինքը հանդես կգա ասուլիսով, կասի իրենց գրասենյակի նոր հասցեն, որտեղ տոմսերը կփոխարինվեն իրավական ուժ ունեցող պարտավորագրերով, մինչեւ գումարների վերադարձը: Նա ասաց նաեւ, որ որեւէ մեկին խաբելու ու խարդախության դիմելու մտադրություններ չի ունեցել, բոլոր փաստաթղթերն ու պայմանագրերը հանձնել է իրավապահ մարմիններին, ընդ որում՝ մարտի 8-ի համերգը չկայանալու նախաձեռնությունն էլ, նրա ասելով, Ս. Քոնորին է պատկանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել