Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-բրիտանական կինոզուգահեռներ

Մարտ 11,2011 00:00

\"\"Կամ անկեղծության եւ ազատության պակաս՝  հայկական վավերագրական կինոյում

Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ մարտի 9-12-ը կազմակերպում է «Կինոն եւ հասարակությունը» ծրագիրը: Փառատոնի շրջանակում հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ, Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում, Channel 4-ի Britdoc Foundation-ում եւ մի շարք կազմակերպություններում աշխատած բրիտանացի մասնագետ Սառա Ռոսը այս օրերին վարպետության դասեր, սեմինարներ է անցկացնում Երեւանում, Վանաձորում, Կապանում: Հայաստան այցելած հյուրը, որ արդեն եղել է Հայաստանի հյուսիսում, հիացած է մեր բնությամբ: Երեկ Հայաստանի կինոգործիչների միությունում նա կինոոլորտի ներկայացուցիչներին ներկայացրեց բրիտանական վավերագրական կինոյի զարգացման մոդելը: Իբրեւ Channel 4-ի Britdoc London Good Pitch-ի կապերի ընդլայնման գծով տնօրեն, Սառան միավորել է կինոգործիչների եւ ավելի քան 100 առաջատար հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բարերարների, ստեղծել միավորումներ եւ քարոզարշավի ծրագրեր: Բրիտանացու փոխանցմամբ, վերջին 5 տարիներին Միացյալ Թագավորությունում վավերագրական ֆիլմերին հատկացվող ֆինանսավորումը փոխվել է. նախկինում հեռուստաընկերություններն էին վճարում հեռուստատեսային ֆիլմերի արտադրության համար, բայց այժմ հեռուստաընկերությունների ֆինանսական միջոցների սղության պատճառով վավերագրական ֆիլմարտադրողները պետք է սեփական ուժերով գտնեն ֆիլմերի ֆինանսավորման աղբյուրներ: Channel 4-ի Britdoc Foundation-ը աջակցում է միայն վավերագրական ֆիլմեր նկարահանողներին, օժանդակում հատկապես համաշխարհային լսարանի ձգտող ֆիլմերը: Ըստ Սառա Ռոսի, իրենց աշխատանքի մյուս ուղղությունն է՝ փնտրել եւ գտնել կազմակերպություններ եւ անհատներ, որոնք նույնպես կարող են ֆինանսավորել ֆիլմեր: Նրանք նաեւ ֆիլմարտադրողներին են տեղեկացնում, թե որտեղից կարող են նկարահանվող աշխատանքների համար գումարներ գտնել:

«Միացյալ Թագավորությունում վավերագրական ֆիլմերի արժեքը շատ է կարեւորվում, դրանք բարձրացնում են հասարակական իրազեկությունը, նպաստում բարդ խնդիրների ընկալմանը: Միացյալ Թագավորությունում կա վավերագրական կինոյի հզոր մշակույթ, չնայած մարդիկ ավելի շատ գնում են խաղարկային կինո դիտելու, որպեսզի փախչեն հասարակությունում առկա խնդիրներից»,- նշեց նա: Ավելի ուշ խոսեց մեծ ազդեցություն ունեցող «Հիմարների դարը», «Եզրագծի վերջը» ֆիլմերի մասին, որոնց միջոցով ավելի շատ մարդիկ իմացան բնապահպանական վտանգների մասին եւ որոնք ստիպեցին բրիտանական կառավարությանը՝ աջակցել քարոզարշավին: Արտադրված ֆիլմերը ցուցադրելու համար բրիտանացիները օգտագործում են տարբեր միջոցներ, իսկ համացանցը դարձել է ֆիլմերի դիտման հիմնական միջոցը: Հարցին՝ ազա՞տ է արդյոք բրիտանացի փաստավավերագրողը, Ս. Ռոսը պատասխանեց. «Եթե ֆիլմը արտադրվում է որոշակի պատվերով, հնարավոր է որոշակի նկատառումներ հաշվի առնվեն, բայց մենք ազատության տեսանկյունից հաջողակ ենք»: Նրա խոսքով, վավերագրական կինոն, բացի մշակութային ոլորտից, կարող է օգտագործվել նաեւ քաղաքական լոբբինգ իրականացնելու համար: Նրա խոսքով, Միացյալ Թագավորությունում հետաքրքրություն կա հատկապես կոնֆլիկտների նկատմամբ, ֆիլմեր են նկարահանվում Աֆղանստանի, Իրաքի եւ այն ազդեցության մասին, որ զինվորներն ունենում են տուն վերադառնալուց հետո: Ինչ վերաբերում է հայկական վավերագրական կինոյին, ռեժիսոր Մարիամ Օհանյանը կարծում է, որ հայերը կորցրել են վավերագրական ֆիլմ դիտելու մշակույթը, չկա ժողովուրդ-կինեմատոգրաֆ կապը, որը, ըստ նրա, լուրջ խնդիրներից մեկն է. «Եթե հանդիսատեսը ֆիլմը չի տեսնում, նշանակում է այն իր նպատակին չի ծառայում եւ դառնում է մեռած մի բան»: Մ. Օհանյանը գտնում է, որ դժվար է այսօր մարդկանց ստիպել, որպեսզի նայեն վավերագրական ֆիլմ, որովհետեւ շատերին թվում է, թե այն պետք է լինի անհետաքրքիր, պրոպագանդիստական: «Հայկական վավերագրական ֆիլմերը ոչ մի տեղ չեն ցուցադրվում, ոչ միայն վավերագրական, ընդհանրապես հայկական կինոն ունի ցուցադրման խնդիր, քաղաքականություն է պետք: Հեռուստաընկերությունները պիտի պարտավորված լինեն գնել, ցուցադրել հայկական ֆիլմը»,- նշեց նա: Մարիամի կարծիքով, հայերն էլ հաճախ չափազանց «փակ» են, վախենում են «բացվել» կինոխցիկի առջեւ. «Մեզ մոտ կա անկեղծության եւ ազատության պակաս, ինչը բարդացնում է վավերագրողի աշխատանքը: Դա, հավանաբար, հասարակության խնդիրն է, ազատությունը քիչ է, վախը՝ մեծ եւ գոյություն ունի հասարակական ճնշում: Դրա համար ավելի հեշտ է նկարահանել ֆիլմ՝ «բոմժերի» մասին»: Մ. Օհանյանը վստահ է, որ վավերագրական ֆիլմերի բրիտանական մոդելը գործածելի է նաեւ Հայաստանում. «Հաճախ մեզ մոտ թյուր պատկերացում կա, որ ամեն ինչ լավ է, փողը շատ է, ոչ ոք գումարի խնդիր չունի եւ ամեն տեղ սկզբում մարդիկ աշխատում են՝ առանց գումարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել