Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՐՍ ԵՐԱԺԻՇՏ ԵՎ ՄԵԿ ՏՆՕՐԵՆ

Մարտ 11,2011 00:00

Ռեկորդային տարիքի Կոմիտասի անվան քառյակը չի գրանցվի Գինեսի գրքում

\"\"
Հայկ Վարդանյանն ու Էդուարդ Թադեւոսյանը:

Ռեկորդների համաշխարհային Գինեսի գիրքը, պարզվում է, վերանայումների տեղ ունի, քանի որ կան երեւույթներ, որոնք իսկապես պիտի տեղ գտնեն այստեղ: Ու եթե մեկի մտքով անցնի վերանայել չափորոշիչները, ապա այնտեղ հաստատ կգրանցվի աշխարհի միակ երկարակյաց, 87-ամյա Կոմիտասի անվան պետական լարային քառյակը: Նշենք, որ երկարակեցությամբ երկրորդ տեղում է Մոսկվայի Բորոդինի անվան քառյակը, որը 20 տարով երիտասարդ է կոմիտասցիներից: Գինեսի գրքում տեղ գտնելը, իհարկե, գայթակղիչ է, սակայն այս դեպքում կարեւորը երաժշտությունն է, բարձր արվեստը, որի երաշխավորն է քառյակը: ՊՈԱԿ հանդիսացող այս կառույցը շուրջ մեկ ամիս առաջ ունեցավ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ հանձին Հայկ Վարդանյանի: Նախկին տնօրեն Արման Պադարյանը նշանակվել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն:

«Առավոտը» հանդիպեց նորանշանակ տնօրենի եւ քառյակի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանի հետ: Արդյո՞ք այդքան անհրաժեշտ էր տնօրեն ունենալ մի կառույցի, որը բաղկացած է ընդամենը 4 երաժշտից: Գուցե ժամանակն է փոխե՞լ խորհրդային շրջանից եկածը եւ, քաղաքակիրթ երկրների օրինակով, տնօրենի փոխարեն նշանակել մենեջեր կամ իմպրեսարիո: Այս դիտարկմանն ի պատասխան, քառյակում 41 տարի ծառայած Էդ. Թադեւոսյանն ասաց. «Խորհրդային տարիներին «Գոսկոնցերտն» էր ներմուծողն ոու արտահանողը երաժիշտների ու խմբերի: Ըստ էության, այդ կառույցն էր կատարում արեւմտյան աշխատաոճում վաղուց ամրագրված մենեջերների ու իմպրեսարիոների խնդիրը: Նոր ժամանակներում, ՊՈԱԿ-ների առաջացմանը համընթաց, մենք էլ, բնականաբար, ենթարկվեցինք օրենքին եւ ունեցանք մեր առաջին, իր գործի գիտակ ու նվիրյալ տնօրենը՝ Արման Պադարյանը, որի հետ աշխատել ենք շուրջ տասը տարի: Ինչ վերաբերում է Հայկին, կարճ ժամանակահատվածում քառյակի երաժիշտներս հասցրել ենք ճանաչել նրան որպես բանիմաց, ժամանակակից մտածելակերպով երիտասարդի: Մեր նոր տնօրենը եկել է իր թիմով»: Թե ի՞նչ թիմի մասին է խոսքը, Հ. Վարդանյանն ասաց. «Թիմը դասական երաժշտությանն ու հատկապես Կոմիտասի անվան լարային քառյակին նվիրված մելոմանների խումբ է, որը սատարում է ինձ՝ ինչպես հայաստանյան համերգների կազմակերպման, գովազդի, այնպես էլ արտերկրի հետ մշակութային կապերը վերականգնելու գործում: Այս պահին բանակցություններ են ընթանում քառյակի համերգները Ֆրանսիայում եւ Միացյալ Արաբական Էմիրություններում կազմակերպելու համար, աշխատում ենք նաեւ եղած ձայնապնակները CD-ների տեսքով վերաթողարկելու եւ, բնականաբար, նոր CD-ների ստեղծման ուղղությամբ: Նշենք, որ դրանք կհայտնվեն նաեւ արտերկրյա շուկայում: Ուշադրության կենտրոնում են նաեւ մարզային համերգները: Նախօրեին՝ այս տարի առաջին անգամ, քառյակը ներկայացավ աբովյանցիներին, մինչեւ տարեվերջ կընդլայնենք աշխարհագրությունը»: Տնօրենի պաշտոնակատարը հավելեց նաեւ, որ շարունակելու են իրենց ուշադրության կենտրոնում պահել հայ երաժշտարվեստի երախտավորների հոբելյանները: Օրինակ, մարտի 16-ին Կամերային երաժշտության տանը քառյակը հանդես կգա համերգով՝ նվիրված անվանի կոմպոզիտոր Ադամ Խուդոյանի 90-ամյակին: Առաջիկայում էլ կմեծարեն Էդվարդ Միրզոյանին ու Առնո Բաբաջանյանին:

2010-ին կոմիտասցիները նշել են Էդգար Հովհաննիսյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի հոբելյանները, որտեղ, կվարտետներից բացի, քառյակի անդամները (Էդուարդ Թադեւոսյան՝ 1-ին ջութակ, Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Հասմիկ Վարդանյան՝ թավջութակ) հանդես են եկել իբրեւ մենակատարներ, կատարելով հիշյալ կոմպոզիտորների երկերից: Ինչ վերաբերում է Գինեսի գրքում անմահանալուն, Էդ. Թադեւոսյանը հայտնեց, որ իրենք ժամանակին դիմել են, բայց պարզվել է, որ կա մի անհեթեթ պայման, այն է՝ հիմնադիրներից գոնե մեկը պետք է ոչ միայն ողջ լինի, այլեւ շարունակի գործունեությունը քառյակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել