Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ԿԱԼԱՆՔԻ ՍԱՆԿՑԻԱՆ ՍՏԱՆԱԼ

Մարտ 11,2011 00:00

Մեծ Բրիտանիայում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ դատական գործ է նախապատրաստվում: Ինչպես հաղորդում է BBC-ն, արդյունքում այն կարող է հանգեցնել Լուկաշենկոյի նկատմամբ կալանքի սանկցիա տալուն՝ մարդու իրավունքները ոտնահարելու մեղադրանքով: H2O Law փաստաբանական ընկերությունը Լուկաշենկոյի դեմ մեղադրանք է պատրաստում Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո՝ անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին մարդու իրավունքները խախտելու փաստերի առնչությամբ:

Ինչպես պնդում է բրիտանացի փաստաբան Ջեյսոն Մաքքյուն, ինքը Բելառուսում բավարար չափով ապացույցներ է հավաքել՝ այդ երկրի նախագահի համար կալանքի սանկցիա ստանալու հարցում, որը գործողության մեջ կմտնի Բրիտանիայում եւ թույլ կտա պահանջել Լուկաշենկոյին հանձնել, եթե վերջինս երբեւէ այցելի այն երկրներ, որոնք Լոնդոնի հետ էքստրադիցիայի մասին համաձայնագրեր են կնքել: Փաստաբանական ընկերությունը ներկայացնում է Free Belarus Now անունը կրող խմբի՝ հիմնականում արեւմտյան հասարակական գործիչների շահերը, որոնք աջակցություն են ցուցաբերում «Լուկաշենկոյի ռեժիմի զոհերին»: Այդպիսի մարդկանց թվում են բրիտանացի դրամատուրգ Թոմ Ստոպպարդը, հոլիվուդյան դերասան Ջորջ Քլոունին եւ Չեխոսլովակիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը: Այսկերպ իրավապաշտպանները հույս ունեն ստիպելու Լուկաշենկոյին՝ ազատ արձակել կալանավորված ընդդիմադիրներին: Լոնդոնում Բելառուսի դեսպանությունը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել բրիտանական փաստաբանական ընկերության այս նախաձեռնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել