Եռօրյա այցով Ռուսաստանում գտնվող Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո շտապել է ռուս ընդդիմադիրների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Վերջինին հրավիրված են Ռուսաստանի ընդդիմադիր դաշտի հայտնի գործիչներ ու իրավապաշտպաններ, մասնավորապես՝ Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան եւ «Համերաշխություն» ընդդիմադիր շարժման հիմնադիրներից մեկը՝ Բորիս Նեմցովը: Ընդդիմության ներկայացուցիչները հույս ունեն ԱՄՆ փոխնախագահից լսել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ գնահատականներ, նաեւ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին առնչվող մեկնաբանություններ: Ի դեպ, BBC-ի փոխանցմամբ, ռուսական եւ միջազգային լրատվամիջոցներում կարծիքներ են հնչել, թե ԱՄՆ փոխնախագահ Բայդենի՝ Մոսկվա կատարած այցը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ-ի աջակցությունը Դմիտրի Մեդվեդեւի թեկնածության առաջադրմանը ՌԴ-ում սպասվող նախագահական ընտրություններում ու նաեւ համոզելու Վլադիմիր Պուտինին՝ չմասնակցել 2012թ. նախագահական ընտրություններին: Բայդենի՝ Մոսկվա կատարած այցի նախօրեին Բորիս Նեմցովն ասել էր, թե նրա հետ հանդիպման ժամանակ կշոշափվի «ավանդական»՝ ընտրությունների թեման: «Չափազանց կարեւոր է, որ միջազգային դիտորդները իրենց դիտարկումները սկսեն ոչ թե քվեարկության օրը, երբ արդեն կեղծված է այն, ինչ հնարավոր է կեղծել, այլ՝ թեկնածուների գրանցման պահից»,- հայտարարել է Նեմցովը:
Իսկ ահա իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեեւան (նկարում) Բայդենի հետ հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի: «Մեր նավթը մեր մարդու իրավունքների պաշտպանության գլխավոր հակառակորդն է: Կապն ու կախվածությունն անմիջական են: Արեւմուտքը վախենում է շատ քննադատել, որովհետեւ կախված է նավթից ու գազից»,- «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է իրավապաշտպանը: