Տիբեթի վտարանդի հոգեւոր առաջնորդ Դալայ-Լաման հայտարարել է իր քաղաքական իրավասությունները ընտրված առաջնորդին հանձնելու մտադրության մասին: Նա հայտարարել է, թե երկուշաբթի օրը հանդես կգա վտարանդի խորհրդարանի նիստում եւ կհայտարարի քաղաքական պաշտոններից հեռանալու իր որոշման մասին: BBC-ի մատուցմամբ, Դալայ-Լաման ասել է, թե վաղուց էր որոշել կիսել իր իշխանությունը՝ շեշտելով, թե տիբեթցիներին պետք է մի առաջնորդ, որն ընտրվել է ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքում, եւ որին ինքը կարող է փոխանցել իշխանությունը:
Այս հայտարարությունները Դալայ-Լաման արել է Հնդկաստանի Դխարամսալա քաղաքում, որտեղ ապրում է 1959թ.-ից ի վեր՝ չինական զորքերի կողմից նույն թվականին տիբեթցիների ապստամբության ճնշման տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ: Տիբեթի հոգեւոր առաջնորդն ասել է, թե Չինաստանից ոչ թե Տիբեթի անկախություն է պահանջում, այլ՝ իրական եւ ոչ թե ձեւական ինքնավարություն: Նա Չինաստանի իշխանություններին կոչ է արել ուղղություն վերցնել դեպի ժողովրդավարություն՝ խրախուսել մամուլի, խոսքի եւ կարծիք հայտնելու ազատությունը, եթե, իհարկե, այդ երկիրն ուզում է «միջազգային հանրության հարգանքն ու վստահությունը վայելել»: